Panorama.am. 15-1-2011- Թուրքական sporx.com կայքը հոլանդական «Այաքսում» հանդես եկող հայ ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսին թուրք է համարում: Տեղեկացնելով, որ նա հանգրվանել է Բելեկ հանգստավայրում գտնվող «Cornellia Diamond» հյուրանոցում, աղբյուրը, հենվելով Օզբիլիսի խոսքերի վրա, հայտնում է, որ նա այժմ երջանիկ է«Այաքսում», սակայն հետագայում կցանկանար խաղալ «Գալաթասարայի» կազմում:«Ես աճել եմ «Այաքսի» մանկապատանեկան դպրոցում: Հիմա առաջին թիմում եմ: Գլխավոր նպատակս «Այաքսում» հաստատվելն է: Որպես հաջողություններ ունեցող մի թուրք` կուզեմ Եվրոպայում ճանաչված ֆուտբոլիստ դառնալ: Ցանկացած երիտասարդի նման ես էլ մանկուց գալաթասարայցի եմ: Կուզենայի առաջիկայում ֆուտբոլ խաղալ «Գալաթասարայում»,- ասել է Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ Արազ Օզբիլիսն ազգությամբ հայ է, ում ծնողները 90-ականներին Ստամբուլից արտագաղթել են Հոլանդիա:
2010 թ. հունիսի սկզբին Արազ Օզբիլիսը ժամանել է Հայաստան և մարզվել «Փյունիկի» հետ: «Երջանիկ կլինեմ` հանդես գալու իմ հայրենիքի` Հայաստանի հավաքականի կազմում: Հենց դրա համար էլ ժամանել եմ Երևան»,- այն ժամանակ հայտարարել էր նա:
Ավելացնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մտադիր է Արազ Օզբիլիսին հրավիրել մեր երկրի գլխավոր թիմ` հունվարի 9-ին Վրաստանի ընտրանու հետ կայանալիք ստուգողական հանդիպմանը նախապատրաստվելու համար:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment