Thursday, January 20, 2011

Լիբանանահայ պատգամավոր. Լիբանանը մտել է խորը փակուղու մեջ, որից դժվար թե մոտ ապագայում կարողանա դուրս գալ

News.am. 20-1-2011- Լիբանանի խորհրդարանը դեռեւս չի կողմնորոշվում վարապետի նոր թեկնածու առաջադրելու շուրջ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանի խորհրդարանի «Մարտի 14»-ի դաշինքի անդամ, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության փոխատենապետ Սեպուհ Կալպակյանը։ Նա նշեց, որ երեկվանից Կատարի եւ Թուրքիայի ԱԳ նախարարները գտնվում են Լիբանանում եւ փորձում են ընդիմությանն ու իշխանությանն օգնել ընդհանուր հայտարարի գալ։
«Առայժմ չգիտենք, թե այս միջամտություններն ինչի կհանգեցնեն եւ հույս էլ չունենք, որ մոտ ժամանակներս կարող ենք միասնական եզրակացության հանգել այս հարցում»,-հայտարարեց Կալպակյանը։ Նա միաժամանակ հավելեց, որ երկրում ի հայտ եկած ներքաղաքական ճգնաժամի հետեւանքով շատ լարված մթնոլորտ է եւ հասարակական տարբեր խմբավորումներ հավաքներ են կազմակերպում: «Թեկուզ այդ հավաքները զինված էին, սակայն մենք մտավախություն ունենք, որ նրանք կարող են պետական բոլոր նախարարությունները, ընդ որում նաեւ օդանավակայանը շրջափակելու փորձեր անել»,-նշեց Կալպակյանը:
Լիբանանի պատգամավորը միաժամանակ նշեց, որ թեեւ վարչապետի թեկնածուի առաջադրման հետ կապված խորհրդակցությունները հետաձգվել են, սակայն վստահաբար նախկին վարչապետ Սաադ Հարիրին վերստին պիտի նշանակվի վարչապետ: «Սակայն վարչապետ նշանակվելը մի բան է, կառավարություն կազմելը՝ մեկ այլ բան: Հարիրին կարող է ստանձնել վարչապետի պաշտոնը, սակայն չկարողանա կառավարություն կազմել: Կառավարություն կազմելու համար պետք է խորհրդարանի մեծ թվով պատգամավորների աջակցությունն ունենաս»,-ասաց Կալպակյանը:
Նա միաժամանակ հայտարարեց, թե կառավարության շուրջ տեղի ունեցած ճգնաժամը վկայում է այն մասին, որ Լիբանանը խորը փակուղի է մտել, որից դժվար թե մոտ ապագայում կարողանա դուրս գալ:
Նկատենք, որ Լիբանանի նախորդ կառավարությունը եւս դժվարությամբ կազմվեց՝ շուրջ հինգ ամիս տեւած բանակցություններից հետո միայն:
Նշենք, որ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետ էր նշանակվել հունվարի 17-ը, սակայն նախատեսված քննարկումները երկրի նախագահ Միշել Սուլեյմանի հրամանով հետաձգվեցին:
Հիշեցնենք, որ Լիբանանի կառավարությունը հունվարի 12-ի երեկոյան հրաժարական է ներկայացրել։ Հրաժարական են ներկայացրել 11 նախարարներ, որոնց թվում եւ հայազգի պատգամավոր ՀՅԴ անդամ Աբրահամ Դեդեյանը: Նա 2009 թվականի նոյեմբերից զբաղեցնում էր երկրի արդյունաբերության նախարարի պաշտոնը:
Շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հըզբոլլահ» շարժումն իր դաշնակիցների հետ լքել է կառավարությունը` բողոքելով նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող Միջազգային դատարանի գործունեությունը քաղաքականացնելու դեմ: Քաղաքական ճգնաժամը երկրում ծագել է, երբ պարզ է դարձել, որ Միջազգային դատարանը պատրաստվում է հրապարակել 2005 թվականին տեղի ունեցած սպանության հետաքննության արդյունքները` հիմնական մեղքը բարդելով հենց «Հըզբոլլահ»-ի անդամների վրա: ՄԱԿ-ի հատուկ դատարանի դատախազները արդեն իսկ դատավոր Դանիել Ֆրենսենին են փոխանցել Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության հարցով մեղադրական եզրակացության նախնական տեքստը: Տեսքտի պարունակությունը դեռ անհայտ է, սակայն ամենայն հավանականությամբ այնտեղ նշված կլինի «Հըզբոլլահ» իսլամիստական կազմակերպության մի շարք անդամների անուններ: Հայտնի է, որ սպանված Ռաֆիկ Հարիրին նախկին վարչապետի՝ Սաադ Հարիրիի հայրն է:
Հ.Մանուկյան

No comments: