Thursday, January 20, 2011

ՆԵՐՔԻՆ ԲԱԽՈՒՄԸ ԿԼԻՆԻ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ

«Լրագիր» 19-1-2011- Արևելագետ Միքայել Հովհաննիսյանը, անդրադառնալով մեզանում վերջին ամիսների փոփոխություններին, նկատել է, որ դրանք չեն հետապնդում դրական փոփոխություններ ապահովելու նպատակը:
Ըստ նրա, այս բոլոր կադրային փոփոխությունները, սկանդալային իրավիճակները բավական տրամաբանական են, պայմանավորված են նրանով, որ արտաքին քաղաքական դաշտում` թե հայ-թուրքական, թե հայ-արդրբեջանական «ֆրոնտերում», ըստ ամենայնի, որոշ ժամանակով թայմաութային իրավիճակ է, այսինքն` ոչ մի լուրջ «առեւտուր» տեղի չի ունենալու, և դրա համար այն փոփոխությունները, որոնք առաջին հերթին ակնկալվելու են արտաքին ուժերի կողմից, պետք է իրականացվեն ներսում: «Հայաստանի այսօրվա իշխանությունները գնում են այս զոհաբերություններին և փոփոխություններին այնքան, որքան կարող են իրենց թույլ տալ. սրանք ներքին զոհաբերություններն են»:
Ըստ նրա, նման փոփոխությունների հնարավոր սահման կա, որից այն կողմ իրավիճակն արդեն անվերահսկելի կդառնա, և ներքին բախումները կարող են լինել անխուսափելի: Արդյունքում նորից հանգելու ենք համակարգային փոփոխությունների անհրաժեշտությանը, իսկ համակարգային փոփոխության հասնել, նշանակում է Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի փոփոխություն և այլն:
«Եթե իրենք պատրաստ լինեին նման փոփոխության, դա արդեն կանեին շատ վաղուց: Իրենք չեն կարող թույլ տալ «կպնել» խոշոր օլիգարխներին, ընտրական գործընթացում սկզբունքային դեր ունեցած պաշտոնյաներին` նրանց, ովքեր իրենց իշխանության հիմնասյուներն են հանդիսանում», նկատել է արևելագետը:
Հարցին` Գագիկ Բեգլարյանին, այնուամենայնիվ, կարողացան, որքան էլ դմբուզ ունեցող էր, Միքայել Հովհաննիսյանը պատասխանել է, որ Գագիկ Բեգլարյանը, համենայն դեպս, Գագիկ Ծառուկյան, Սամվել Ալեքսանյան կամ Ռուբեն Հայրապետյան չէ, համեմատության մեջ Գագիկ Բեգլարյանի դմբուզն այնքան էլ մեծ չէր:
Անդրադառնալով նախարական պորտֆելների փոփոխությանը` Միքայել Հովհաննիսյանը ասել է, որ կադրեր փոխելով համակարգ ներսից չես կարող փոխել, եթե անգամ կադրերը պրոֆեսիոնալ են, բարի համբավ, բարի մղումներ ունեն, մեկ կամ մի քանի անձերի բարի համբավը բավարար չէ լուրջ տեղաշարժեր իրականացելու համար:

No comments: