Wednesday, January 26, 2011

Մեզ հաջողվեց Ցեղասպանության խնդրի շուրջ բանավեճը տեղափոխել Թուրքիա. պատգամավոր

Tert.am. 26-1-2011- ՀՀԿ–ական պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, կարծիք հայտնեց, որ գործընթացը գտնվում է պասիվ փուլում, սակայն այն դեռ ամբողջությամբ իրեն չի սպառել։ Պատգամավորի խոսքով՝ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը թեև պասիվ փուլում է, սակայն արդեն այսօր այդ գործընթացին կարելի է երկու գնահատական տալ։
«Նախ մեզ հաջողվեց այս գործընթացի արդյունքում ցեղասպանության խնդրի վերաբերյալ բանավեճը տեղափոխել Թուրքիա։ Հարց, որը տասնամյակներ մեզ չէր հաջողվում իրականացնել»,– ասաց Գագիկ Մինասյանը՝ ավելացնելով, որ այսօր արդեն թուրքական իշխանության ամենաբարձր օղակներում, մշակութային, կրթական համակարգերում բանավեճ է ծավալվում ոչ միայն ցեղասպանության փաստի, այլև դրա դատապարտման վերաբերյալ։
Պատգամավորը համոզված է, որ այդ հաղթարշավը հնարավոր չի լինելու կասեցնել։ «Դա մակընթացություններով կամ տեղատվություններով, արագ կամ դանդաղ տարածվելու է թուրքական ողջ հասարակության մեջ։ Դա ցեղասպանության փաստի բանավեճի տեղափոխումն է թուրքական հասարակության մեջ»,– ասաց նա։
Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին պատգամավորի երկրորդ գնահատականն այն է, որ նշված գործընթացի արդյունքում Հայաստանը կարողացավ միջազգային հանրությանը պատշաճորեն ներկայացնել, որ ինքը բաց է քննարկումների համար, ունի ընկալելի մոտեցումներ և պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ: Միաժամանակ, ըստ ՀՀԿ–ական պատգամավորի, ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի այս մոտեցումը, որն ընկալելի է բոլոր քաղաքակիրթ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ–ի և Եվրամիության համար, ընկալելի չէ Թուրքիայի համար, ինչը Թուրքիային դնում է մի իրավիճակում, որում ոչ մի երկիր երբեք չի հաղթել։
«Եթե որևէ երկիր գնում է միջազգային զարգացումների ընդահանուր տրամաբանությանը հակառակ, ապա վաղ թե ուշ այդ երկրում առաջանում են ուժեր, որոնք փորձում են երկրին բերել միջազգային զարգացումների ընդհանուր տրամաբանության հունի մեջ։ Շատ երկրներ այս պարագայում ուղղակի տրոհվում են։ Ես չեմ ցանկանում ասել, որ այդ ամենը սպառնում է նաև Թուրքիային սակայն ընդհանուր տրամաբանությունը հենց դրա մասին է խոսում»,– հայտարարեց Մինասյանը։
Անդրադառնալով ԵԽԽՎ–ում Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի ելույթին՝ Գագիկ Մինասյանը նշեց, որ «ադրբեջանական տարածքներն» ազատելու մասին Թուրքիայի նախագահի շեշտադրումը ևս մեկ անգամ վկայեց, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ է առաջ քաշում։

No comments: