Wednesday, January 19, 2011

«Հայոց աշխարհ». Ադրբեջանը ցանկանում է գազից կտրել Հայաստանը

Թերթի փոխանցմամբ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) բացահայտել է Հայաստան մտնող ռուսական գազատարի վրացական հատվածը գնելու իր մեծ ցանկության նպատակը:
SOCAR-ը մեկնաբանել է, որ Վրաստանով անցնող «Հյուսիս-Հարավ» գազատարը, որով ռուսական գազը հասնում է Հայաստան, իրենց պետք է, որպեսզի այն օգտագործեն Հայաստան գազի անխափան մատակարարումն անհնար դարձնելու համար:
Ըստ SOCAR-ի` գազատարն իրենց պետք է Azerbaijan-Georgia-Romanian Interconnector (AGRI) ծրագիրն իրականացնելու համար, որով ադրբեջանական գազը պետք է հասցվի Վրաստանի սեւծովյան ափ, հեղուկացվի եւ տանկերներով փոխադրվի ռումինական Կոնստանցա նավահանգիստ: Այս բացատրությունը միանգամայն անհեթեթություն է, քանի որ հյուսիսից հարավ ձգվող գազատարը չի կարող ծառայել արեւելքից արեւմուտք գազ փոխադրելու համար: Այն կարող է պիտանի լինել միայն այն դեպքում, եթե ապամոնտաժվի եւ կրկին մոնտաժվի` դեպի Արեւմուտք ուղղությամբ:
Այսպիսով, ստացվում է, որ գազատարը Ադրբեջանին վաճառելու դեպքում Վրաստանը չի կարող երաշխավորել դեպի Հայաստան անհրաժեշտ ծավալով գազի մատակարարումը, քանի որ պահուստային գազատարը դրա համար բավարար չէ: Նման վաճառքը կհանգեցնի ոչ միայն հայ-վրացական եւ ռուս-վրացական հարաբերությունների սրմանը, այլեւ այն անընդունելի կդառնա նաեւ միջազգային հանրության համար:
Վրաստանն անցյալ տարվա հունիսին գազատարը հանել էր այն ձեռնարկությունների ցուցակից, որոնք ենթակա չեն մասնավորեցման:

No comments: