Tuesday, January 11, 2011

“ԳՈՂԱՑՈՂԻ” ԻՄԻՋԻ ՎՏԱՆԳԸ

11-1-2011- Ռուսական ԶԼՄ-ները հունվարի 10-ին տարածեցին տեղեկատվություն այն մասին, որ Հայաստանի ու Վրաստանի միջեւ հնարավոր է “բրենդային պատերազմ” եւ որ այդ նպատակով փետրվարի վերջին կամ մարտի սկզբին Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Ըստ այդ հաղորդագրությունների, Վրաստանն անհանգստացած է, որ Հայաստանն օրինակ Ֆրանսիայում փորձում է հայկական արտադրանքի տեսքով ներկայացնել վրացական ապրանքանիշները:
Այն, որ այդօրինակ տեղեկատվություն տարածում է ռուսական լրատվական դաշտը, որոշակի հիմք է տալիս մտածելու, որ դա ընդամենը հայ-վրացական կրքեր բորբոքելու մի փորձ է, ինչը պարբերաբար, հնարավոր բոլոր առիթների դեպքում ձգտում է անել Ռուսաստանը: Գաղտնիք չէ, որ այդ երկրի համար հայ-վրացական լարումը քաղաքական նպատակահարմարություն է, ինչը մի կողմից մեծացնում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, իսկ մյուս կողմից էլ Հայաստանը Ռուսաստանի ձեռքին դարձնում է Վրաստանի հանդեպ մահակ:

Բայց, միեւնույն ժամանակ, ամենեւին զարմանալի չէ, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կարող է լինել բրենդային թեմա: Չէ որ Վրաստանն առաջինը չէ, որ Հայաստանին կարող է համանման արարքների համար մեղադրել: Հիշենք Ուկրաինայի օրինակը, որի դեսպանը Հայաստանին մեղադրում էր ուկրաինական օղիները կեղծելու համար: Եթե ուկրաինական կամ այլ ներկրվող օղիները հանգիստ կեղծվում են, կամ այսպես ասած պատճենահանվում են շփոթության աստիճան նմանությամբ, ապա ինչ զարմանալու բան կա վրացական ապրանքանիշների կիրառման մեջ:

Այսինքն, խնդիրն այստեղ հայ-վրացական տիրույթում չէ: Հետեւաբար, այն պետք է դիտարկել բացառապես հայկական տիրույթում, հայկական տնտեսության “տեսակի” տիրույթում: Հայաստանում կարծես թե տնտեսությունը գործում է սեփական բրենդները ոչնչացնելու եւ ուրիշներինը գողանալու սկզունքով: Օրինակ, քաղաքական նպատակներից ելնելով իշխանությունը ոչնչացրեց Բջնին, այսինքն մեծ հարված հասցրեց այդ արդեն իսկ կայացած եւ արտերկրում զգալի ճանաչում ձեռք բերած ապրանքանիշին, իսկ ահա այլ երկրների ապրանքանիշերի կեղծման դեմ պետությունը “անզոր” է:

Իհարկե, տվյալ պարագայում “անզորությունն” ունի շատ պարզ բացատրություն: Կեղծողը կամ շփոթության աստիճան պատճենահանողը իշխանությանը շատ մոտ կանգնած օլիգարխ է, եւ իշխանությունը չի ցանկանում նեղացնել նրան, քանի որ այդ օլիգարխի ռեսուրսներով է նաեւ լուծվում իշխանության վերարտադրության հարցը: Դրա համար էլ նա շարունակում է անարգել պատճենահանել: Հետեւաբար զարմանալի չէ, եթե համանման վերաբերմունք լինի նաեւ վրացական, վաղը գուցե որեւէ այլ երկրի ապրանքանիշների հանդեպ: Առավել եւս, որ արտերկրի հետ ապրանքանիշային խնդիրներ Հայաստանում կարծես թե եղան նաեւ այլ ոլորտներում:

Այսինքն, Հայաստանի տնտեսությունն այդպիսով կարող է ձեռք բերել “գողացողի” իմիջ, եթե այդ հարցը չստանա իր հիմնարար լուծումը: Չկարողանալով ձեւավորել սեփական բրենդային “նվազագույն զամբյուղը”, Հայաստանը ստիպված մտնում է այլոց “զամբյուղներ”: Համենայն դեպս ակնհայտ է, որ կան այդպես կարծելու հիմքեր եւ դրանց չեզոքացման ուղղությամբ քայլերը կարծես թե մինչ այժմ խիստ անբավարար են:

Մինչդեռ խոսքը Հայաստանի տնտեսության, Հայաստանի հեղինակության մասին է: Գուցե դա է պատճառը, որ Հայաստանում տնտեսական ձեռքբերումներ եւ ընդլայնումներ արձանագրվում են ոչ թե արտադրության, արտադրական տեխնոլոգիաների զարգացման, այլ ընդամենը մանրամեծածախ առեւտրի ոլորտում` ամեն քայլի վրա բացվող սուպերմարկետների տեսքով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: