Tuesday, January 25, 2011

Թուրքիայի արտգործնախարարը խոստովանել է, որ Հայաստանի հետ խոսել է նախապայմանների լեզվով

News.am. 25-1-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն բացահայտ հաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ձախողումը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ Եվրաինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ես նրան հետեւյալ հարցն ուղղեցի. «Պարոն նախարար, Ադրբեջանի ուղղակի եւ չքողարկված ճնշման տակ ձեր երկիրը հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը մտցրեց փակուղի: Ինչ երաշխիքներ կարող եք տալ, որ Թուրքիան, գլխավորելով Նախարարների կոմիտեն, չի առաջնորդվի եվրոպականներից տարբեր սկզբունքներով եւ չի անտեսի ժամանակակից արժեքները», ինչին նա ուղղակի չպատասխանեց եւ սկսեց «ջուր ծեծել», սակայն իր խոսքում միանշանակ հասկացրեց, որ հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելիս Թուրքիան հետապնդում էր երեք նպատակ` սահմանների բացում, երկու ժողովուրդների պատմական հաշտեցում եւ ղարաբաղյան հակամարտության լուծում», - հայտնեց Զոհրաբյանը` ավելացնելով, որ Ահմեթ Դավութօղլուն իր խոսքում ասել է նաեւ հետեւյալը. «Ի վերջո, Ադրբեջանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է»: «Նա խոստովանեց, որ Թուրքիան հենվում էր նախապայմանների վրա», - ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ 2010թ. նոյեմբերի Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունն անցել է Թուրքիային:
2009թ. աշնանը Հայաստանն ու Թուրքիան հարաբարերությունների կարգավորման փորձ արեցին, սակայն այդ հարաբերությունները ղարաբաղյան կարգավորման հետ կապելու Թուրքիայի ձգտման պատճառով պաշտոնական Երեւանը ստիպված եղավ սառեցնել հարաբերությունների նորմալացման բոլոր ջանքերը:
Հարաբերությունների հաստատման հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:

No comments: