Tuesday, January 18, 2011

Գիտնականները կապ են գտել կլիմայական փոփոխությունների և Հռոմեական կայրության փլուզման միջև

Tert.am. 18-1-2011- Գիտնականները եկել են եզրահանգման, որ երկարատև երաշտները, անսպասելի ցրտերը և այլ կլիմայական փոփոխություններ ազդել են Հռոմեական կայսրության փլուզման, գեղձուռուցքի ժանտախտի համաճարակի և 30-ամյա պատերազմի վրա։ Այս մասին հաղորդում է Discovery News–ը։
«Երկարատև տաք եղանակը միջնադարում հանգեցրել է գեղձուռուցքի ժանտախտի մանրէների տարածմանը, իսկ եղանակային պայմանների անկանխատեսելի փոփոխությունների 300-ամյա շրջանը համընկել է Հռոմեական կայսրության անկման հետ»,– կարծում են գիտնականները։
Հեռավոր անցյալում կլիմայի փոփոխությունները որոշվել են այսպես կոչված ծառաժամանակագրության մեթոդով։ Գիտնականները իրենց տրամադրության տակ ունեցել են 9 հզ. ծառերի մնացորդներ, որոնք ծառայել են որպես շինանյութ հնագույն կառույցների համար։ Նմուշները հավաքվել են հնագետների կողմից վերջին 30 տարվա ընթացքում և մինչև մեր օրերը պահպանվել են շնորհիվ գետերում և ճահիճներում բնական կոնսերվացիայի։
«Հետ նայելով 2500 տարի առաջ՝ մենք գտնում ենք մարդկության պատմության վրա կլիմայի փոփոխության ազդեցության օրինակներ։ Դա բնորոշ է ոչ միայն հին գյուղատնտեսական հասարակությանը, այլև կարող է փոփոխություներ առաջացնել նաև ժամանակակից հասարակության մեջ»,– բացատրում է հետազոտական խմբի ղեկավար Ուլֆ Բյունտգեն։
Հետազոտության նախնական շրջանում եղանակաբանները կապ էին գտել ջերմաստիճանի և խոնավության փոփոխությունների միջև՝ հենվելով վերջին 200 տարվա ընթացքում եղանակային հետազոտությունների և ժամանակակից ծառերի տարեկան օղակների աճի հետ։ Ֆրանսիայից և Գերմանիայից պեղած կոճղերի տարեկան օղակների համաձայն որոշվել են պատմական խոնավության ցուցիչները, իսկ ավստրիական բարձրլեռնային քարացած սոճիների և փիճիների մնացորդների վրա՝ պատմական ջերմաստիճանի ցուցիչները։
Հնաեղանակաբանների կողմից եվրոպական կլիմայի պատմական ժամանակագրությունը պարզելուց հետո հետազոտությանը միացել են նաև պատմաբաններն ու հնագետները, որպեսզի համադրեն կլիմայական փոփոխությունների ժամանակագրությունը սոցիալականի հետ։
Վերլուծության արդյունքում հաջողվել է պարզել, որ երկարատև երաշտների, ուժեղ ցրտերի և քամոտ ամառվա ժամանակաշրջանը համընկնում է Հռոմեական կայսրության փլուզման և գեղձուռուցքի ժանտախտի համաճարակի հետ, որը 1347թ.–ին վերացրեց Եվրոպայի բնակչության գրեթե կեսը։
Հոդվածի հեղինակները հայտնում են, որ ջերմաստիճանի անկումը 17-րդ դարի սկզբում համապատասխանում է 30-ամյա պատերազմի ժամանակաշրջանի հետ, որի ժամանակ մեծ թվով մարդիկ լքեցին Եվրոպան և տեղափոխվեցին Ամերիկա։
Ի հակադրություն կատակլիզմների՝ սոցիալական կայունության և ծաղկման ժամանակները, օրինակ Հռոմեական կայսրության ծաղկումը մեր թվարկությունից 300-200 տարի առաջ, համընկնում է Եվրոպայում գյուղատնտեսության համար իդեալական տաք և խոնավ ամառվա հետ։
Սակայն գիտնականները պնդում են, որ որոշակի ձևով բերված սադրիչ տվյալները դեռևս չեն պատասխանում պատմական կատակլիզմներին. դրանք պարզապես օգնում են նորովի դիտել մարդու և բնության փոխհարաբերությունները։

No comments: