Saturday, February 5, 2011

««ՎԻՔԻԼԻՔՍԻ» ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՍԱՆՎԵՑ ՍԵՓԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱԲՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»

Հայտարարում է Թուրքիայի արտգործնախարարըՙ գնահատելով Եգիպտոսում ընթացող զարգացումները
«ԱԶԳ», 05-02-2011- Մերձավոր եւ Միջին Արեւելքում տարածաշրջանային գերտերության Թուրքիայի հավակնությունները նոր չեն: Դրանք հատկապես ընդգծված բնույթ են ստացել վերջին տարիներին, երբ երկրում միանձնյա իշխանության եկավ վարչապետ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը: Այս հավակնությունները հիմնավորելու համար Թուրքիան հաճախակի նախաձեռնություն է հանդես բերում, որն արտահայտվում է տարածաշրջանային խնդիրների կարգավորման միջամտելու, մասամբ էլՙ ԱՄՆ-ի միջինարեւելյան քաղաքականության հակադրվելու եւ Իսրայելին ցուցադրաբար քննադատելու դրսեւորումներով:
Տարածաշրջանի խնդիրներին միջամտելու թերեւս ամենաարդյունավետ միջոցը միջնորդական առաքելության ստանձնումն է: Թուրքիան այդ առումով զգալի փորձ է կուտակել հանդես գալով որպես միջնորդ «Համասի» եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Աբբասի վարչակարգի միջեւ, ապա եւՙ Սիրիա-Իսրայել անուղղակի բանակցություններում: Նա միջնորդի դեր ստանձնեց նաեւ Լիբանանում, երբ կառավարական ճգնաժամ առաջացավ: Թեեւ նրան չհաջողվեց խռովարարների եւ իշխանության կողմնակիցների միջնորդ հանդիսանալ Եգիպտոսում, սակայն փետրվարի 2-ին վարչապետ Էրդողանը քաղաքական զարգացումներին միջամտելու գայթակղությամբ Հոսնի Մուբարաքին կոչ արեց ունկնդրել ժողովրդի ձայնը եւ հրաժարվել նախագահի պաշտոնից:
Որքան էլ միջնորդությունը լինի տարածաշրջանի խնդիրներում ներգրավվածության ամենաարդյունավետ միջոցը, այնուամենայնիվ, արդյունավետությունը միշտ չէ, որ հաջողություն է ենթադրում: Թուրքիայի միջնորդությունը նախ ձախողվեց Պաղեստինում, այնուհետեւ խզվեցին Ստամբուլում ծավալվող Սիրիա-Իսրայել միջնորդավորված բանակցությունները: Մատնվելով անհաջողության Լիբանանում, Թուրքիան ստիպված հրաժարվեց վարչապետի պաշտոնակատար Հարիրիի եւ «Հըզբոլլահի» միջեւ միջնորդ հանդես գալու մտադրությունից:
Ինչ վերաբերում է վարչապետ Էրդողանիՙ Եգիպտոսի նախագահին ուղղած կոչին, որն իմաստային առումով նախագահ Օբամայի ելույթի իսլամական մեկնաբանությամբ կրկնությունն էր, բախվեց եգիպտական կառավարության բուռն հակազդեցությանը. «Ցավում ենք, որ Թուրքիան միջամտում է Եգիպտոսի ներքին գործերին: Թող յուրաքանչյուր պետություն զբաղվի իր գործերով»:
Ըստ երեւույթին, Եգիպտոսի կառավարության այս կոշտ նախազգուշացումը ի զորու չի եղել զսպել Եգիպտոսի զարգացումներին միջամտելու Թուրքիայի մոլուցքը, որ փետրվարի 3-ին արտգործնախարար Դավութօղլուն ուղեւորվել է Քաթար, քննարկելու իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցառումները: Վերադարձին ինքնաթիռում նա պատասխանել է «Հյուրիեթի» հարցերին եւ մասնավորապես ասել, որ սառը պատերազմն ավարտվել է Եվրոպայում, այլ ոչ թե Միջին Արեւելքում, եթե 90-ականներին հաջողությամբ պսակվեր միջինարեւելյան խաղաղ կարգավորման գործընթացը, ապա այսօր տարածաշրջանի բռնատիրական վարչակարգերն ի վիճակի չէին լինի օրինականացնել իրենց գործունեությունը:
«Հյուրիեթի» հարցին, թե որո՞նք են արաբական ժողովրդին հակակառավարական խռովությունների հրահրող կարեւոր գործոնները, Դավութօղլուն բառացի պատասխանել է. «Վերջին շրջանում արաբական աշխարհը հոգեբանական լուրջ լարվածություն ապրեց: Մինչ այդ ուժի դրսեւորում համարվող պետական հատկանիշները սկսեցին ընկալվել իբրեւ թուլության նշան: Ժողովուրդները դրա համար պատասխանատու համարեցին իշխանություններին, իսկ «Վիքիլիքսը» գագաթնակետին հասցրեց նրանց այս մոտեցումը: Այս կայքն արտաքին քաղաքականության մասին այնպիսի բացահայտումներ արեց, որ հիմնովին սասանեց երկրի ղեկավարի եւ սեփական պետության նկատմամբ արաբների վստահությունը»:
Ի դեպ, «Ազգը» փետրվարի 2-ի համարում անդրադառնալով արաբական երկրներում ծայր առած հակակառավարական խռովություններին, դրանք պայմանավորել էր «Վիքիլիքսի» բացահայտումներով եւ կարծիք էր հայտնել, որ այդ բացահայտումներով վարկաբեկելով տարածաշրջանի երկրների ղեկավարներին, նախադրյալներ են ստեղծել հակակառավարական ցույցերի համար, թերեւս դրանով էլ ծառայել են նպատակին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: