Saturday, January 29, 2011

Ժամանակը ոչ մեկի օգտին չի աշխատում. Էդվարդ Նալբանդյանը՝ ԼՂ հակամարտության մասին

Tert.am. 29-1-2011- Պատրանք է կարծելը, թե ուժի գործադրմամբ կամ ռազմական գործողություններով կարելի է լուծել հակամարտությունները, քանի որ բոլոր պատերազմներից հետո էլ անհրաժեշտություն է առաջանում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, բայց շատ ավելի վատ պայմաններով։ Այս մասին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա համաձայնել է լրագրողի այն դիտարկմանը, որ ցանկացած վատ խաղաղություն ավելի լավ է, քան պատերազմը։
Նախարարը նշել է, որ ժամանակը կողմերից ոչ մեկի օգտին էլ չի աշխատում, և հակամարտության արագ կարգավորումը ձեռնտու կլինի բոլորին։
Խոսելով բանակցային գործընթացի մասին՝ Նալբանդյանը հիշեցրել է, որ կողմերը դեռ 2001թ. Փարիզում մոտ էին հակամարտության կարգավորմանը, սակայն Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հրաժարվեց Փարիզում ձեռք բերված պայմանավորվածությունից՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանի հասարակությունը պատրաստ չէ դրան։
«Ցանկացած հակամարտության կարգավորման համար պետք է նախապես պատրաստել ժողովրդին և ոչ թե կարգավորումից հետո միայն մտածել հասարակական կարծիքի մասին։ Հասարակության կարծիքը չպետք է բորբոքել՝ կրակի վրա յուղ լցնելով, ինչպես հիմա արվում է Ադրբեջանում, այլ պետք է նախապատրաստել կարգավորման, փոխզիջումների»,– ասել է Նալբանդյանը։

No comments: