Tuesday, January 25, 2011

Ադրբեջանում արգելում են արբանյակային ալեհավաքներ գործածել

Aysor.am. 24-1-2011- Ադրբեջանի իշխանությունը երկրում տեղեկատվության ազատության դեմ ևս մի արգելք է պատրաստում: Արտասահմանյան ռադիոկայանների հաճախականությունները խլելուց հետո, այս անգամ էլ թիրախ են դարձել արբանյակային ալեհավաքները, որոնք երկրի բնակչության հիմնական տեղեկատվական աղբյուրն են:
«Ենի Մուսավաթը» գրում է, որ Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը հունվարի 22-ին «ANS» հեռուստատեսությամբ հայտարարել է, որ երկրի բնակչության 60 տոկոսից ավելին արտասահմանյան հեռուստաալիքներ է դիտում: «Թվային հեռարձակման անցնելուց հետո պարաբոլիկ ալեհավաքները հարկադրաբար կհավաքվեն»,- ասել է նա: Նրա խոսքերով` թվային հեռարձակման անցնելուց հետո կառավարության համապատասխան կառույցների կողմից բնակչությանը մինչև 10 արտասահմանյան հեռուստաալիքներից կազմված փաթեթ է առաջարկվելու, իսկ մնացած ալիքների հեռարձակումն արգելվելու է:
Նշելով, որ Աբբասովը չի թաքցրել, որ իշխանության նման որոշումն ուղղված է նաև իրանական «Սեհեր» ալիքի` Ադրբեջանում հեռարձակումը կասեցնելու գործին, թերթը գրում է, որ արբանյակային ալեհավաքների արգելման փորձը տարածված է աշխարհի բռնապետական երկրներում, օրինակ` Հյուսիսային Կորեայում, Բիրմայում, Թուրքմենստանում: Թեև այդ երկրներում արգելքի համար պատճառը իշխանությունը կապում է շենքերի` արտաքին տեսքը փչացնելու հետ, սակայն իրական պատճառը քաղաքական է, քանի որ խոսքի և մամուլի համար անազատ այդ երկրներում արբանյակային ալեհավաքները բնակչության այլընտրանքային տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրն են: «Ինչպես երևում է, արբանյակային ալեհավաքները խոչընդոտում են հեռուստաեթերն ամբողջությամբ վերահսկելու` Ադրբեջանի իշխանության ծրագրերին, որը դա խիստ վտանգավոր է համարում: Այդ պատճառով էլ, պատրվակ դարձնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը` իշխանությունը ծրագրում է զրկել բնակչությանը տեղեկատվական այդ աղբյուրից»,- գրում է թերթը` նշելով, որ հնարավոր է` որպես այլընտրանք, բնակչությանը ժամանցային մի քանի «տափակ» ալիք դիտելու հնարավորություն, այնուամենայնիվ, տրվի:

No comments: