Monday, January 10, 2011

Դավութօղլու. Խաղաղության արձանի քանդումը կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ

News.am. 10-1-2011- Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն աջակցություն է հայտնել Էրդողանին, ով հայտարարել էր, թե Կարսում անավարտ խաղաղության արձանը հրեշավոր է եւ պետք է քանդել:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է, թե այդ արձանը համահունչ չէ Կարսի ճարտարապետությանը եւ պետք չէ, որ այն մնա Կարսում առկա գեղեցիկ ճարտարապետական կառույցների կողքին:
Թուրքիայի վարչապետը շեշտել է նաեւ, որ հուշարձանի քանդումը որեւէ կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ։
«Մենք կողմ ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Սակայն այն միակողմանի չպետք է լինի։ Անհրաժեշտ է, որ Հայաստանը այդ հարցում քայլեր անի։ Կովկասում խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների լավացում»,-նշել է Դավութօղլուն:
Էրդողանի հայտարարությանը խիստ է պատասխանել արձանի հեղինակ Մեհմեդ Աքսոյը, ով ասել է, թե Էրդողանը կնմանվի Թալիբանին, եթե քանդել տա խաղաղության հուշարձանը։ «Ինչպե՞ս եք աշխարհին բացատրելու, որ մարդկության եւ խաղաղության արձան եք քանդում։ Էրդողանը կդառնա աշխարհում առաջին վարչապետը, ով կքանդի խաղաղության հուշարձանը»,-շեշտել է Մեհմեդ Աքսոյը։
Նշենք, որ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ով մշտապես հանդես էր գալիս հայ-թուրքական սահմանի առանց նախապայմանների բացման եւ դրա համար Կարսում ստորագրահավաք էր կազմակերպել, տարիներ առաջ նախաձեռնել էր հսկա արձանի ստեղծումը, որը պետք է խորհրդանշեր հայ-թուրքական բարեկամությունը եւ խաղաղությունը, սակայն 2009-ին քաղաքապետի ընտրություններում նա պարտություն է կրում։ Անավարտ արձանը անորոշ ճակատագրով տեղադրվում է Կարսի հին հայկական թաղամասին կից գտնվող բարձունքում:
Արձանն ունի 30 մետրից ավել բարձրություն, որը հավասար է 10 հարկանի շենքի բարձրությանը եւ կշռում է մոտ 1500 տոննա:

No comments: