Thursday, January 20, 2011

ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻՆ

«ԱԶԳ», 20-01-2011- Բունդեսթագի նախագահ Լամմերթը Ռայխսթագում ընդունել է Գերմանիայի ղպտի եւ ուղղափառ եկեղեցիների առաջնորդներին, իրազեկում է Բունդեսթագի հրատարակած «Դաս Փարլամենթ» քաղաքական շաբաթաթերթը: Դավանանքը, կրոնական ազատությունը մարդու կենտրոնական իրավունքն է, ասել է Լամմերթըՙ հալածանքի ենթարկվող քրիստոնյաներին համերաշխություն հայտնելով, մասնավորապես Նոր տարվա գիշերը եգիպտական Ալեքսանդրիայի ղպտի եկեղեցում զոհ գնացած 23 քրիստոնյա զոհերին հիշատակելով:
Մտքերի փոխանակման ժամանակ խոսվել է արաբական երկրներում եկեղեցական-քաղաքական զարգացումների մասին: Բունդեսթագի նախագահի հրավերին արձագանքել են Գերմանիայի ղպտի, ասորի, հույն ուղղափառ, ինչպես նաեւ Հայ առաքելական եւ եթովպիական ուղղափառ եկեղեցիների առաջնորդները: Նրանք շնորհակալություն են հայտնել Գերմանիայի պետական հաստատություններինՙ իրենց սատարելու համար: Գերմանիայում Կոստանդնուպոլսի հույն ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Աուգուստինոս Լաբարդակիսը հանդիպումը պատմական է որակելՙ այն շատ մեծ նշանակություն կունենա Եգիպտոսում, Թուրքիայում ապրող մարդկանց համար: Որպես քրիստոնյա նրանք մեծ խնդիր ունեն իրենց հայրենիքում: Այնպիսի զգացում ունեմ, թե Գերմանիան կանի հնարավորըՙ հալածանքի ենթարկված քրիստոնյաների վիճակը բարելավելու համար, ընդգծել է մետրոպոլիտը:
Հանդիպմանը մասնակցել են նաեւ Բունդեսթագի տարբեր կուսակցությունների խմբակցությունների ներկայացուցիչներ, ովքեր միասնական կարծիք են հայտնել կրոնական հանդուրժողականության վերաբերյալ: Խորհրդարանական լրատուն այնուհետեւ հրապարակել է քրիստոնեական Open Doors (Բաց դռներ) կազմակերպության տվյալները, ըստ որոնց, շուրջ 120 միլիոն քրիստոնյա ենթարկվում է հետապնդման: Վիճակը հատկապես վատ է Հյուսիսային Կորեայում, Իրաքում եւ Աֆղանստանում: Ի դեպ, Հյուսիսային Կորեան արդեն 9-րդ անգամ է առաջնորդում ցուցակը: Խորհելու տեղիք է տալիս Իրաքի վիճակըՙ 17-րդ տեղից հայտնվել է 8-րդ հորիզոնականում: 1991-ից քրիստոնյաների շուրջ երկու երրորդը լքել է երկիրը: 2010-ի հոկտեմբերի վերջին Բաղդադի եկեղեցիներից մեկում 58 զոհ գրանցած արյունահեղությունը խոր հետք թողած ողբերգություններից է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

No comments: