Thursday, January 20, 2011

Իտալացիները կծանոթանան ԼՂ հիմնախնդրին և Արցախի պատմությանը

Tert.am. 19-1-2011- Իտալիայում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ Հռոմի Մալոյան մշակութային կենտրոնում կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ժամանակ հայտարարվել է «Լեռնային Ղարաբաղի համար իտալական նախաձեռնության» մասին (Iniziativa Italiana per il Karabakh)։ Նախաձեռնությունը նպատակ ունի իտալական հասարակությանը ծանոթացնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու Արցախի պատմությանը։
Այդ նպատակով համացանցում ստեղծվել է հատուկ կայքէջ` www.karabakh.it հասցեով, ուր տեղադրված են նյութեր ոչ միայն ԼՂ հիմնախնդրի, այլև վերջինիս կարգավորման ուղղությամբ կարևորագույն զարգացումների ու ԼՂՀ անկախ պետականության ներկայիս անցուդարձի վերաբերյալ:
Նշված նախաձեռնության շրջանակներում վերջերս լույս է տեսել Արցախի պատմությանն ու ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին նվիրված իտալերեն լեզվով առաջին գիրքը: Այն հեղինակել է Էմանուելե Ալիպրանդին և վերնագրված է «Ղարաբաղի իրավունքները. փոքր երկրի և մեծ ժողովրդի պատմություն»:

No comments: