Wednesday, February 9, 2011

«Լինսի» հիմնադրամը 10.5 միլիոն դոլար է նվիրել Միացյալ հայկական հիմնադրամին

Միացյալ հայկական հիմնադրամը հայտնում է, որ «Լինսի» հիմնադրամից 10.5 միլիոն դոլարի նվիրատվություն է ստացել:
Միացյալ հայկական հիմնադրամն այս գումարի մեծ մասը ծախսելու է Հայաստանում 1988 թվականի երկրաշարժից տուժած գոտու վեց դպրոցների նորոգման և վերանորոգման համար: «Լինսի» հիմնադրամն այս դպրոցների վերականգնման ծրագիրը ձեռնարկել էր 2010 թվականի հունիսին, իսկ այժմ այն փոխանցել է Միացյալ հայկական հիմնադրամին: Ծրագիրը պետք է կատարվի շինարարական որակի, ապահովության և ֆինանսական պատասխանատվության բարձրագույն չափանիշներով:
«Լինսի» հիմնադրամի նվիրած գումարի մնացած մասը Միացյալ հայկական հիմնադրամի կողմից կօգտագործվի իր երկարամյա մարդասիրական առաքելությունը շարունակելու համար, այսինքն` Հայաստանի և Արցախի չքավոր հատվածների համար անհրաժեշտ բարեսիրական ապրանքների ձեռքբերում, փոխադրում և տարածում:
1989 թվականին Միացյալ հայկական հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրվանից «Լինսի» հիմնադրամը մեծ աջակցություն է ցուցաբերել Հիմնադրամի աշխատանքներին: Միացյալ հայկական հիմնադրամը 158 թռիչքներով և 1852 ծովային արկղերով 612 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ օժանդակություն է հասցրել Հայաստան և Արցախ:

No comments: