Wednesday, February 9, 2011

ԼՂՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲՆԱԶԴԸ

Հարցազրույց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

 
-Պարոն Ղուկասյան, ԼՂՀ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վահրամ Աթանեսյանը, մեկնաբանելով Ղարաբաղի քաղաքացիների իրավունքների վերաբերյալ արտաքին քաղաքականության և ԼՂՀ անվտանգության հարցերով Հանրային խորհրդի կողմից մշակված Հռչակագրի նախագծի` ԼՂՀ ԱԺ-ում քննարկման դնելու մերժումը, հայտարարել է, որ այն մշակված է եղել Ձեր և Մանվել Սարգսյանի կողմից: Դուք իրո՞ք մասնակցել եք նախագծի մշակմանը և ինչով եք պայմանավորում հռչակագրի ընդունման անհրաժեշտությունը:
-Այո, պարոն Աթանեսյանը բացարձակապես ճիշտ է: «ԼՂՀ ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքի» մասին հռչակագրի իրավական կոնցեպցիան իմ կողմից է մշակվել: Նախագծի քաղաքական կոնցեպցիան մշակել է Մանվել Սարգսյանը: Մենք աշխատել ենք որպես Հանրային խորհդրի փորձագետներ: Ինչ վերաբերում է հռչակագրի վերջնական տեքստին, դա բազմաթիվ մարդկանց աշխատանքի արդյունք է: Այստեղ հիմնական վաստակը պատկանում է ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Հանրային խորհրդին, որն իր վրա է վերցրել նախագծի մոդերատորի դերը և կազմակերպել է փաստաթղթի բազմակողմանի քննարկում ԼՂՀ քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակիցների հետ: Արդյունքում, ԼՂՀ և Հայաստանի տարբեր հասարակական կազմակերպությունների բազմաթաիվ ներկայացուցիչներ, փորձագետներ, բլոգերներ հռչակագրի թեզերի ձևակերպումների հարցով ավելի քան 20 բովանդակալից առաջարկներ են արել: Դրանց կեսից շատը ընդգրկվել են փաստաթղթի վերջնական տեքստում:

Հռչակագրի նախագծի առաջադրումը թելադրված է այն բանով, որ, ըստ մեզ, հասունացել է անհրաժեշտությունը ցույց տալու բոլոր ատյաններին, որոնք ընդգրկված են հակամարտության կարգավորման գործընթացում, որ ԼՂՀ քաղաքացիական հասարակությունը տեղյակ է իր` միջազգայնորեն ճանաչված մարդու իրավունքներին: Սա ակտուալ է, քանի որ ներկայում ԵԱՀԿ Մինսկի խմբում խոսակցություններ են գնում ԼՂ հակամարտության հնարավոր կարգավորման մասին ԼՂ միջանկյալ կարգավիճակի և կրկին հանրաքվե անցկացնելու հիմքի վրա: Կարծում եմ, որ բոլորիս ակնհայտ է, որ նման որոշումը, եթե ընդունվի, անխուսափելիորեն կոտնահարի ԼՂՀ քաղաքացիների իրավունքները: Այդ պատճառով էլ, պետք էր ցույց տալ կարգավորման բոլոր մասնակից կողմերին, որ մարդիկ, որոնց քաղաքական կարգավիճակը Մինսկի խումբը փորձում է որոշել բանակցություննրի ճանապարհով, տեղյակ են իրենց իրավունքներից և պատրաստ են պահանջել հարգել այդ իրավունքները:

-Վահրամ Աթանեսյանը պնդում է, որ Սահմանադրությունն արգելում է խորհրդարանին քննարկել նմանատիպ նախագծեր, և «հասարակական նախաձեռնությունները» խորհրդարանում քննարկելու գործընթաց գոյություն չունի: Դուք համաձա՞յն եք նման պնդման հետ:
-Ոչ, համաձայն չեմ: Ըստ իս, դա ձևական, նույնիսկ կասեի, բյուրոկրատական մոտեցում է հարցին: Սակայն, երևի, մենք բոլորս հասկանում ենք, որ Վահրամ Աթանեսյանը չի որոշումներ կայացնում, թե ինչ պետք է քննարկի խորհրդարանը և ինչ չպետք է քննարկի: Այդ պատճառով մերժման ձևակերպումը չունի ինքնուրույն քաղաքական նշանակություն: Պետք է նայել հարցի էությանը, այլ ոչ թե ձևական կողմին: Բացարձակապես ակնհայտ է, որ այսօր ԼՂՀ-ն չունի լրիվ ինքնուրույնություն և ազատություն իր միջազգային հարաբերություններում: Այդ պատճառով ԼՂՀ ղեկավարությունը օբյեկտիվորեն չի կարող առանց Երևանի հետ համաձայնեցնելու կատարել քաղաքական քայլեր մի ասպարեզում, որն անմիջականորեն առնչվում է հակամարտության կարգավորման գործընթացին: Ահա այսպիսին է իրավիճակը: Մեր կողմից առաջադրված հռչակագրի նախագծում հիմնավորված է Ադրբեջանի կողմից ԼՂՀ քաղաքացիների միջազգայնորեն ճանաչված հիմնական իրավունքների խախտման փաստը, և, որպես դրա հետևանք, դրված է ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մասնակցության լեգիտիմության հարցը: Հակադարձել այս պնդմանը ոչ ոք, իհարկե, չի կարող: Սակայն նման պաշտոնական հայտարարություն անելը հարված է այն քաղաքական հիմքին, որի վրա հիմնված է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իհարկե, Երևանը, որը երկու ձեռքով կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանմանը, չի կարող թույլատրել նման հռչակագրի ընդունումը ԼՂՀ խորհրդարանի կողմից: ԼՂՀ խորհրդարանի կողմից այդ հռչակագրի ընդունումը զրկում է Երևանին իր մենաշնորհ դիրքից` որպես հակամարտության կարգավորման հարցում գլխավոր հայկական կողմ: Այդ պատճառով էլ, ըստ իս, եթե մերժման ձևակերպման մեջ «ԼՂՀ Սահամանադրություն» արտահայտությունը փոխարինվի «Հայաստանի ղեկավարություն» բառերով, ապա ամեն ինչ միանգամից իր տեղը կընկնի:

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ և ԼՂՀ խորհրդարանների դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված այսպես կոչված «մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ: Համաձայն այդ սկզբունքների, Ղարաբաղի համար առաջարկվում է միջանկյալ կարգավիճակ, նոր հանրաքվե և տարածքների զիջում: Արդյո՞ք խորհրդարանների կողմից «մադրիդյան սկզբունքներին» աջակցելը նշանակում է համաձայնություն տվյալ առաջարկությունների հետ:
-Կարծում եմ, որ Հայաստանի և ԼՂՀ խորհրդարաններն անհեռատես մոտեցում են ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում հակամարտության կարգավորման գործընթացի զարգացման հանդեպ: Հնարավոր է, որ որ նման վերաբերմունքը ձևավորվում է բազմաթիվ քաղաքագետների ազդեցությամբ, ովքեր համոզված պնդում են, որ հակամարտության կարգավորման գործընթացը բացառապես գործառության, այսինքն, ստատուս-քվոյի պահպանման համար է:

Սակայն, ինչի՞ վրա են հիմնված նման պնդումները: Չէ որ չի կարելի արհամարհել Եվրոխորհրդարանի 2216 բանաձևը, որտեղ փաստացի նշված է հակամարտության կարգավորման վերաբերյալ որոշման ընդունման վերջնաժամկետը: Կամ էլ ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը 2010 թ նոյեմբերի 26-ին, որն ընդունվել է Մուսկոկոյում Մեծ ութնյակի գագաթնաժողովին, որտեղ մատնանշվում է հակամարտության կարգավորման կոնցեպցիան: Կամ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հայտարարությունը, որն ընդունվել է 2010 թ դեկտեմբերի 2-ին ԵԱՀԿ Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ, և որտեղ նախագահները համաձայնություն են տվել վճռական ջանքեր գործադրել հակամարտությունը Մինսկի խմբի առաջարկած կոնցեպցիաների հիման վրա կարգավորելու վերաբերյալ:

Եթե այսպես շարունակվի, հիմքեր կան ենթադրելու, որ հեռու չէ այն օրը, երբ Հայաստանի նախագահի ստորագրած փաստաթուղթը կներկայացվի Հայաստանի և ԼՂՀ խորհրդարաններ վավերացման համար: Իսկ այնուհետև՞: Այնուհետև նման ճակատագրական որոշման ընդունման ողջ պատասխանատվությունը ժողովրդի և գալիք սերունդների հանդեպ կընկնի պատգամավորների ուսերին:

Հայաստանի խորհրդարանում արդեն գտնվում են, ճիշտ է, առայժմ առանց առաջխաղացման, նմանատիպ 2 «պատմական» փաստաթղթեր: Հայաստանի խորհրդարանը ողջ հայ ժողովրդին ապացուցել է իր ընդունակությունը` “աննկատ անցկացնել” պսևդոզիջողական փաստաթղթեր, նույնիսկ այն մեկը, որի դեմ բացեիբաց դեմ է հանդես եկել հայ ժողովրդի մեծ մասը, մեր սփյուռքը: Եվ դրանով Հայաստանի խորհրդարանը «շահեկանորեն» առանձնանում է ԼՂՀ խորհրդարանից: Մենք, այդուհանդերձ, հասկանում ենք, որ պատգամավորները, որոնք վերջերս խորին համոզմամբ «փախել են» ԼՂՀ անկախության ճանաչման հարցի քվեարկությունից, կվավերացնեն ցանակացած փաստաթուղթ, որը ստորագրված է Հայաստանի նախագահի կողմից: Դրանից հետո, շրջապատված իրենց թիկնապահներով, կցրվեն իրենց կալվածքներով: Իսկ ԼՂՀ խորհրդարանի պատգամավորնե՞րը: Կարծում եմ, որ այժմ իսկական ժամանակն է, որպեսզի նրանց մեջ արթնանա ինքնապահպանման բնազդը: Ինձ թվում է, ողջ Արցախի շահերից է բխում քաղաքական իրավիճակի շուրջ, որը կարող է ի հայտ գալ մոտ ապագայում, մեկ քայլ առաջ մտածել: Պետք է ինչ-որ բան ձեռնարկել: Հակառակ դեպքում մեր ազգային անգործությունը նշանակում է, որ կամ մենք ողջ ազգով, և ոչ միայն մեր խորհրդարանները, արտահայտում ենք սկզբունքային համաձայնութուն «մադրիդյան սկզբունքների» հետ, կամ էլ ցույց ենք տալիս մեր տկարությունը դրանց ինչ որ բան հակադրելու հարցում:

-Վահրամ Աթանեսյանը պնդում է, որ նախաձեռնության և lragir.am-ի հրապարակումների նպատակն է դարձել Ղարաբաղի իրավական սուբյեկտի «չարչրկված» թեմայի վերակենդանացման ցանկությունը: Իրո՞ք թեման չարչրկված է, և ինչո՞ւ է խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարը փորձում դա այդպես ներկայացնել:
-Նախաձեռնության նպատակը միջազգային հարաբերություններում ԼՂՀ ինքնուրույնությանը և ազատության ընդլայնմանը նպաստելն է: Այդ պատճառով էլ, մենք սկզբից էլ մեծ կարևորություն ենք տվել այ բանին, որ հռչակագրի առաջարկման նախաձեռնությունը պատկանի ԼՂՀ քաղաքացիական հասարակությանը, այլ ոչ թե կողմնակի դիտողին թվար որպես գործողություն իշխանության թույլտվությամբ: Իհարկե, մենք ԼՂՀ խորհրդարանին ավելի վաղ ենք տեղեկացրել մեր մտադրության մասին: Ինչպես իրավացիորեն նկատել է Աթանեսյանը, փաստաթուղթը նախօրոք տրվել է նրան որպես հանձնաժողովի նախագահ Հանրային խորհրդի անդամ Գեղամ Բաղդասարյանի կողմից: Սակայն գլխավոր գործող դեմք ենք համարում հասարակությանը, և այդ պատճառով էլ Հանրային խորհուրդը դարձել է այս նախաձռնության հիմնական մոդերատորը:

Հռչակագրում հիմնական շեշտը դրված է ոչ թե ԼՂՀ իրավասուբյեկտության հաստատման, այլ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի անդամակցության ոչ լեգիտիմ լինելու պնդման առաջադրման վրա, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ-պետություններից պահանջել, որպեսզի ճանաչեն և շտկեն մարդու միջազգայնորեն ճանաչված իրավունքերի խախտումները, որոնք թույլ են տրվել ԼՂՀ ժողովրդի հանդեպ, այսինքն պահանջեն ԵԱՀԿ պետություններից հարգել ԼՂՀ ժողովրդի խաղաղության և ազատ զարգացման իրավունքը և ճանաչել ԼՂՀ իրավահավասարությունը միջազգային հարաբերություններում:

Այդ պատճառով էլ մեզ համար մեծ նշանակություն ունի այն փաստը, որ հռչակագրի աշխատանքային տարբերակի քննարկումը Ստեփանակերտում և դրա հրապարակումը էլեկտրոնային մամուլում, առաջին հերթին ռուսականում, իրականանային Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի քննարկումից մի քանի օր առաջ: Այնտեղ ԵԱՀԿ պետությունները մի շարք կարևոր դրույթներ են ընդունել, որոնք ամբողջովին համընկնում են մեր կողմից առաջ քաշված հռչակագրի քաղաքական և իրավական տրամաբանությանը: Նրանք ճանաչել են, որ մարդու տարրական իրավունքները, այդ թվում ինքնորշման իրավունքն անօտարելի են: Նրանք հայտարարել են իրենց հավաքական պատասխանատվության մասին ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքները հարգելու գործում: Սա էլ նշանակում է, որ ԼՂՀ ժողովրդի իրավունքների ոտնահարումը վերաբերում է բոլոր պետություններին:

Կարծում եմ, որ սա պատահական չէ: Չէ որ ԵԱՀԿ տարածքում քաղաքական իրադարձությունները ցույց են տալիս բոլորին, որ եվրոպական հավաքական անվտանգության համակարգը այլևս չի կարող տեղում դոփել իր զարգացման հարցում 3 հետխորհրդային պետությունների` Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի խնդիրների պատճառով: Իմ կարծիքով, մարդու իրավունքների հարգման սկզբունքը ողջ ԵԱՀԿ ուշադրության կենտրոն բերելը կարող է դառնալ հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտությունների արդարացի կարգավորման ունիվերսալ պլատֆորմը, որի ստեղծման անհրաժեշտության մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Աստանայի գագաթնաժողովում:

Կարծում եմ, որ նախաձեռնությունը արդեն գրավել է նրանց ուշադրությունը, ովքեր հասկանում են դրա նշանակությունը հակամարտության կարգավորման գործընթացի համար: Այս կապակցությամբ, այն, որ այս փուլում ԼՂՀ խորհրդարանի` այս նախաձեռնությունից բացահայտ կերպով հեռու մնալը, ավելի շուտ դրական, քան բացասական գործոն է: Սուր բանավեճը, որ ծավալվել է հարցը քննարկելու վերաբերյալ խորհրդարանի մերժման կապակցությամբ, նույնպես, ըստ իս, դրական է: Այս ամենը ապացուցում է, որ կարծիքների ազնիվ բախում է տեղի ունենում, այլ ոչ թե “ֆիկտիվ դիմակայություն”: ԼՂՀ հասարակությունը պետք է գիտակցի նման նախաձեռնությանն աջակցելու անհրաժեշտությունը: Ես ու Մանվել Սարգսյանն արդեն կատարել ենք աշխատանքի մեր բաժինը: Մենք տվել ենք կոնցեպցիան: Մնացածը Հանրային խորհդի ու ԼՂՀ խորհրդարանի գործն է` գտնել արդյունավետ համագործակցության ձևեր այս նախագծի առաջխաղացման համար:

Ինչ վերաբերում է ԼՂՀ իրավասուբյեկտության հարցի «չարչրկվածությանը», ապա չեմ կարծում, որ այն ԼՂՀ ղեկավարության համար այդպիսին է: Այդ է վկայում ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Հարավային Սուդանի հանրաքվեի հարցով ,այս տարվա հունվարի 27-ին ԵԽԽՎ-ում տարածված հռչակագիրը «ԼՂՀ ժողովրդավարական պետության կառուցման» վերաբերյալ: Հասկանալի է, որ Վահրամ Աթանեսյանը նկատի է ունեցել, որ այդ թեմայով արդեն ամեն ինչ ասված է, և ավելին ասելու իմաստ չկա: Հասկանալի են նաև Հանրային խորհդի հանդեպ նրա անվստահության պատճառները: Ինձ համար ակնհայտ է, որ որպեսզի ԼՂՀ ղեկավարությունը միջազգային քաղաքականությունում ունենա լիակատար ինքնուրույնություն ու ազատություն, անհրաժեշտ է Արցախի ողջ ժողովրդի աջակցությունը: Խորհրդարանն այսօր այդ աջակցությունը չի կարող ապահովել: Այդ պատճառով էլ, նպատակին հասնելու համար Հանրային խորհրդի դերը որպես քաղաքացիական հասարակության մոդերատոր, բավական ակտուալ է: Եթե փոխադարձ անհրաժեշտության ընկալում լինի բոլորի մոտ, ապա ազնվությունն ու անկեղծությունը կարող է օգնել երեկվա քաղաքական հակառակորդներին միավորվել մի գործի շուրջ, որը ԼՂՀ անվտանգության ամրապնդման համար ներկայացնում է ռազմավարական նշանակություն:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆԻ
«Լրագիր» 9-2-2011

No comments: