Saturday, February 5, 2011

Այս տարի աղի բլիթ կուտենք փետրվարի 19-ին

Այս տարի Սուրբ Սարգսի` Երտասարդների օրհնության օրը Հայ Առաքելական Եկեղեցին կտոնի փետրվարի 19-ին: Այս տոնը ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվության համաձայն, Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է եղել: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Այս սուրբը համարվում է նաև Ս. Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս: Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը դարձել է նվիրական ավանդություն: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ կան:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը:

Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:

Նշենք, որ Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր:

No comments: