Tuesday, February 1, 2011

Մենք այլմոլորակային չենք

Report.am. 31-1-2011-Այն, ինչ տեղի է ունենում արաբական աշխարհի տարբեր երկրներում, թերևս հնարավոր է ընդհանրացնել մեկ գլխի տակ: Այդ երկրներում մեկը մյուսի հետևից գահավիժում են տասնամյակներ շարունակ իշխած ռեժիմները: Այդ ռեժիմների իշխանության տարիներին Թունիսը, Եգիպտոսը, Եմենը, Սիրիան որոշ բաների, անտարակույս հասել են: Ոչ 30 տարի առաջվա Եգիպտոսն է նույն երկիրն այսօր, ոչ էլ` 25 տարի առաջվա Թունիսը: Որոշակի զարգացում, այնուամենայնիվ, ապրել են: Բայց ժողովուրդը գտավ, որ եղածն անբավարար է, հասկացավ, որ իրեն խաբում են:
Զարգացում ապրել էր նաև Սուդանը, որ նավթով առատ երկիր է եւ, ըստ մեր որոշ հարևանների, պետք է, որ քարի նման ամուր լիներ: Բայց ոչ, ի տարբերություն մեր այդ հարևանի` Սուդանում ինչ-որ բան, ինչ-որ չափով զարգացել է այդ երկրի անկախության տարիների ընթացքում: Թեկուզ դրա անունը քրիստոնյա եւ մահմեդական համայնքների ինքնագիտակցություն դնենք, միևնույն է` զարգացում ապրել է: Մեր աչքի առաջ երկիրը Հարավի հանրաքվեի արդյունքում մարդավարի երկու մասի բաժանվեց: Աշխարհում տարածքային ամբողջականության ինչքան մասնագետ կար` Օբամայից սկսած, շտապեցին շնորհավորել Սուդանի երկու կես լինելը, որովհետև չափից ավելի մեծ էր ճշմարտության չափաբաժինն ու հակառակ կեցվածքի դեպքում աշխարհի թերթերը կզետեղեին ոչ թե Սուդանի նոր քարտեզը, այլ Օբամայի եւ նրա համախոհների ծաղրանկարները` ջայլամի փետուրներով:
Խոսելով այս ամենի մասին` մի ցանկություն ունենք. հասկանալ, թե ինչ են մտածում ՀՀ իշխանությունները Սուդանի, Թունիսի, Եգիպտոսի իրադարձությունների մասին, եթե, իհարկե, արտաքին հարաբերությունների այս էտապը մեր արտգործնախարարությունում չի հայտարարվել թուրքական եւ ադրբեջանական կողմերի ասածներին հետողորմյայով անդրադառնալու խիստ որոշակի ժամանակաշրջան:
Ինչ վերաբերում է Սուդանին, եղան մեկ-երկու խոհափիլիսոփայական բնույթի վարկածներ, որոնք ավարտվում էին "Սուդանը չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի հարցի լուծման համար" չորուկ արտահայտությամբ: Միայն վերջում, էն էլ չգիտես ինչպես, ՀՀ նախագահը ռուսական "Էխո Մոսկվի" ռադիոկայանին ասաց, որ նման բաները լավ էլ նախադեպեր են Ղարաբաղի հարցի լուծման համար (այսօր նաեւ ԱԳՆ-ն ու Է. Շարմազանովը-խմբ.): Բայց մենք ոչ աբխազ ենք, ոչ էլ սուդանցի, որ ինքնագլխություն անենք: Սպասում ենք, արդեն քանի տարի եւ ինքնագլխություն չենք անում, սպասում ենք, թե Օբաման, Մեդվեդևը, Սարկոզին ոնց կմոտենան Ադրբեջանի տարածքային ամբողջականության հատուկ սկզբունքին:
Այս իրադարձությունից հետո շատ արագ ՀՀ իշխանությունները կանգնեցին նաև Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները գնահատելու խնդրի առաջ: Ի՞նչ ասել: Օբամայի գործը հեշտ է: Նա պահանջում է ժողովրդավարական ազատություններ` առանց նույնիսկ հաշվի առնելու, այդ երկրների նախկին եւ գրեթե նախկին իշխանությունների կարծիքը: Մերոնք կարո՞ղ են այդպիսի մի բան ասել Հոսնի Մոբարաքին: Ղրղզների փախած նախագահին ասացի՞ն, որ հզոր Եգիպտոսի նախագահին ասեն:
Մտածում եմ` գուցե իսկապե՞ս կարծիք չունեն:
Միամտություն է, իհարկե, այսպես մտածել մերոնց մասին: Աշխարհում հարց չկա, որ Էդվարդ Նալբանդյանը կարծիք չունենա դրա մասին, միայն թե նրա կարծիքները, ինչպես հայ-թուրքական կարգավորման հարցում, շատ էլ չեն համընկնում հայության կարծիքի հետ:
Դառնանք Եգիպտոսի եւ Թունիսի դեպքերին: Ի՞նչ կարծիք ունի դրանց մասին Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Պարզվում է, որ ինչպես Սուդանը չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար, այդպես էլ Թունիսն ու Եգիպտոսը` Հայաստանի: Ընդ որում` թե Սուդանի եւ թե հաջորդ երկուսի դեպքում էլ բուն կարծիք հայտնողները իշխանական թևի ներկայացուցիչներն են եւ իրենց այդ հար ու հարանման կարծիքները հայտնում են դեմքի միևնույն արտահայտությամբ, այն է` անտարբեր:
Հետաքրքիր է, թե այդ ինչո՞ւ Թունիսն ու Եգիպտոսը չեն կարող նախադեպ լինել Հայաստանի համար: Նկատենք, որ այս հարցում կարելի է բերել ընդամենը երկու պատճառ: Առաջինը` հայ ժողովուրդը չի հասել թունիսցիների կամ եգիպտացիների մակարդակին եւ երկրորդ` ՀՀ իշխանություններն ավելի լավն են, քան նշված երկրներինը: Իսկ ի՞նչ եք կարծում, ՀՀ իշխանությունները կամ նրանց սոխակները, կբավարարվե՞ն այդ պատճառաբանություններով: Միամիտ չլինեք: Մեջտեղ կբերեն մահմեդական աշխարհի ներքին հակասությունների ողջ պահուստային ֆոնդն ու դրանով կբացատրեին տեղի ունեցող հեղափոխությունները: Նրանք իսկի գիտե՞ն, որ Թունիսում եւ Եգիպտոսում բոլորիս նման մարդիկ են ապրում, ովքեր մեր խնդիրներին շատ նման խնդիրներ ունեն, որ նրանց իշխանություններն էլ այդ խնդիրները լուծելու փոխարեն սեփական խնդիրներով են զբաղված, եւ, իհարկե, դրանցից ամենակարևորով` վերարտադրության խնդրով:
Մեզ, իհարկե, ոչ խանութներ փշրել է պետք, ոչ էլ ոստիկաններ ձերբակալել` "մարադյորության" կասկածանքով: Մեր տեսածն էլ մեզ հերիք է: Մեզ կբավականացնի նույնիսկ, եթե ՀՀ իշխանությունը հասկացնել տա, որ ինքը լուրջ հետևություններ է անում Թունիսում եւ Եգիպտոսում տեղի ունեցածից եւ հիմնավոր կարծիք ունի այս հարցում: Դա պետք է երևա, ակնառու լինի, մտնի ամեն հայի աչքը` լինի խոսքով, թե գործով, բարենորոգման ցանկությամբ ու կոնկրետ քայլերով: Հակառակ պարագայում մեզ համար նախադեպ կարող է համարվել նույնիսկ 1905 թ. ռուսական հեղափոխությունը, որի տակտիկան անգամ հոգեհարազատ է մեզ: Ինչ լինում է` կախվում ենք ցարի պալատի ճաղերից: Ցարն էլ` մի օր զայրացած, մի օր խաթրով ճանապարհ է դնում: Բա որ ճաղերից կախվողները մի գեղեցիկ օր էլ չհավատա՞ն:
Ամփոփենք: Թունիսն ու Եգիպտոսը, Աստված չանի, նախադեպ դառնան Հայաստանի համար: Էդ երկրները տեր ու տիրություն անող ունեն իրենց գլխին: Մենք ենք, որ ոչ մեկին չունենք: Չենք ունեցել դարերով: Դեռ մի երկար ժամանակ էլ չենք ունենա: Պետք չէ խաբվել ռուսական զենքի ներկայությանը: Կուլ կտան հաշված րոպեներում ու չեն էլ նայի, որ Թունիսը մեզ համար նախադեպ չէ: Պարզապես մենք` մեր ժողովուրդն ու մեր իշխանությունը, իրավունք չունենք մտածելու, որ մարդկության կյանքում տեղի ունեցող գործընթացները մեզ համար նախադեպ լինել չեն կարող: Դա սխալ մոտեցում է: Մենք այլմոլորակային չենք, այլ` մարդկության մի մասնիկը` մեր ուրույն ճակատագրով:
ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

No comments: