Thursday, February 3, 2011

ԵԱՀԿ ՏԱՐԱԾՔԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ` ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

«ԱԶԳ» , 03-02-2011- Անհրաժեշտ է համաձայնեցնել ԵԱՀԿ տարածքում հակամարտությունների կարգավորման ընդհանուր սկզբունքները: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այս հայտարարությունը, որ արվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի մոսկովյան այցելությանը տեղի ունեցած համատեղ ասուլիսում, բավականին հետաքրքրական մեկնաբանությունների կարող է արժանանալ` ելնելով Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումից:
Ամեն դեպքում, ռուսաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Լավրովն ընդգծել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը` «հաշվի առնելով կողմերի դիրքորոշումները եւ թույլ չտալով հակամարտության գոտու բնակչության համար մարդասիրական խնդիրների առաջացումը»:
Նշելով, թե յուրաքանչյուր հակամարտություն ունի իր յուրահատկությունը, Լավրովը տեղեկացրել է, որ Լիտվայի իր գործընկերոջ հետ քննարկվել է նաեւ ղարաբաղյան հակամարտությունը, որում ՌԴ-ն ակտիվ դերակատարություն ունի ինչպես ազգային կտրվածքով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Լիտվայի արտգործնախարարը նույն ասուլիսում հավաստիացրել է, որ կջանա շոշափելի առաջընթացի հասնել ԵԱՀԿ տարածքում երկար ձգվող հակամարտությունների, այդ թվում` ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: ԵԱՀԿ պաշտոնական կայքէջի համաձայն, Աժուբալիսը Մոսկվայում հայտարարել է, որ Լիտվան կենտրոնանալու է «չկարգավորման հակամարտությունների` առկա ձեւաչափերով առաջընթաց գրանցելու վրա»:
Ավելի կոնկրետ, Լիտվայի արտգործնախարարն իր աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի ջանքերին: «Այս համատեքստում մենք աջակցում ենք Ռուսաստանի ջանքերին, որոնք ուղղված են խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելուն», ասել է Աժուբալիսը:
Հ.Գ. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, ներկայումս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակված Մեթյու Բրայզան հաստատապես ամենասերտ կապերով է կապվել, եթե իհարկե կապված չէր, ադրբեջանական իրականությանը, այլապես արդեն դեսպանի կարգավիճակում Ջորջթաունում իր պատվին տրված ադրբեջանական ընդունելությանը չէր հայտարարի, թե ղարաբաղյան հարցի «խաղաղ եւ արդարացի լուծումը» իր համար առաջնահերթություն է: Հետաքրքրական է, թե ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք Մինսկի խմբում համանախագահ ունենալը, եթե հակամարտության կարգավորումն իր պարտականություններից վեր է դասում Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպանը: Կամ գուցե Բրայզան մոռացել է, թե որպես ով է կրկին խոսում Ղարաբաղի մասին:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: