Friday, February 11, 2011

«Առավոտ». Ի՞նչ են ապացուցում Կրեմլին ՀՀ իշխանության եւ ընդդիմության լիդերները

News.am. 11-2-2011- Թերթն իր խմբագրականում գրում է. «Նրանք, ովքեր ասում են, որ գերտերությունները Հայաստանի համար կատաղի պայքար են մղում, կարո՞ղ են բացատրել, թե այդ ինչով ենք մենք այդքան հետաքրքիր Արեւմուտքի եւ մասնավորապես, Միացյալ Նահանգների համար` նավթո՞վ, մեծ շուկայո՞վ, ժողովրդավարության կղզյակ լինելո՞վ, թե՞ ինչ-որ անզուգական մտավոր էլիտայով, որը կարող է իր խոսքն ասել ժամանակակից տեխնոլոգիաներում կամ մշակույթում։ Ռուսաստանի համար Հարավային Կովկասը եւ ընդհանրապես Կովկասը շատ կարեւոր է ռազմավարական իմաստով, իսկ մնացածներին դա հետաքրքրում է «այնքանով՝ որքանով»։ Արդյոք դրա լավագույն ապացույցն այն չէ՞, որ մեր իշխանության եւ ընդդիմության բոլոր լիդերները պարբերաբար գնում են Մոսկվա եւ փորձում են Կրեմլում ապացուցել, որ հենց իրենք են լինելու Հայաստանի լավագույն «մարզպանը»։
Բացի Ռուսաստանից, մնացած աշխարհի համար «անորսալի Ջո»-ի դերում լինելը, իհարկե, լավ չէ՝ բոլոր իմաստներով։ Իսկ գլխավոր պատճառը ես տեսնում եմ Ռուսաստանի անհեռանկարային վիճակի մեջ։ Ի տարբերություն իմ համաքաղաքացիների ճնշող մեծամասնության, որոնք վստահ են, որ Ելցինն իր երկիրը քանդում էր, իսկ Պուտինը սկսեց ծաղկեցնել, ես կարծում եմ, որ ճիշտ հակառակը՝ 90-ական թվականներին Ռուսաստանը վերափոխվելու շանս ուներ, իսկ վերջին 10-12 տարում մտել է իր ավանդական դերի մեջ, որը խիստ անհարիր է 21-րդ դարին, եւ երկիրը դանդաղ, բայց հաստատուն քայլերով տանում է դեպի կործանում։ Երբ քո միակ հույսը քայքայվող պետությունն է, դա, պատմական հեռանկարի առումով, խելամիտ չէ»։

No comments: