Tuesday, February 15, 2011

Հայաստանում աճում է ինքնասպանությունների թիվը

"Պաշտոնական տվյալներով Հայաստանում գրանցված է 45 հազար հոգեկան հիվանդ, բայց նրանց թիվը 80-100 հազար է, բայց դա էլ դեռ իրական թիվը չէ, քանի որ ըստ միջազգային վիճակագրության ազգաբնակչության, 10 տոկոսն ունի այս կամ այն հոգեկան խանգարում եւ հոգեբուժական օգնության կարիք, այսինքն եթե հանրապետությունում կա 3 մլն բնակչություն, նշանակում է 300 հազարը պետք է հոգեբույժի կարիք ունենա",-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հոգեբույժ Հարություն Մինասյանը եւ փաստեց, որ ավելացել է ոչ այդքան հոգեկան հիվանդների թիվը, որքան որ նրանց բացահայտումների քանակը:
Հոգեկան հիվանդությունները նոր երեւույթներ չեն, միշտ էլ եղել են, շատերը պարզապես այսօր ցանկանում են դրանք կապել ներկայիս սոցիալական պայմանների հետ: Հոգեբույժը նշում է, որ այն երկրներում, ուր հոգեբուժական ծառայությունները լավ են մատուցվում եւ ախտորոշվում են անգամ ամենաչնչին հոգեկան խանգարումները, այդ երկրներում հոգեկան հիվանդությունների թիվը արհեստականորեն բարձրանում է, իսկ ավելի հետամնաց երկրներում, ուր հոգեբուժությունը թույլ է զարգացած, հոգեբույժներ չկան, այդտեղ հոգեկան հիվանդների թիվը առերեւույթ նվազ է: Իրականում, ըստ Հարություն Մինասյանի, ամեն ինչ կախված է մոտեցումից: Մեր երկրում էլ պաշտոնական եւ ոչ պաշտոնական տվյալների կրկնակի տարբերությունը այն պատճառով է, որ ոչ բոլոր հիվանդներն են ախտորոշվում, իսկ արդեն իսկ ախտորոշվածները չեն ցանկանում հաշվառման ենթարկվել:
"Հանրապետությունում շատացել են այն հիվանդները, որոնց հիվանդությունը պայմանավորված է սոցիալական պայմաններով. ավելացել է նեւրոզով տառապող մարդկանց թիվը",-նշում է հոգեբույժը եւ ավելացնում, որ նեւրոզներն ունեն սոցիալական պատճառներ, առաջանում են սոցիալական ծանր պայմաններից, աշխատանքի կորստից, նյութական պայմանների սղությունից: Բավական է, որ թույլ նյարդային համակարգով մարդը հայտնվի սոցիալապես անբարենպաստ պայմաններում, բազմաթիվ սթրեսների ազդեցության տակ նրա մոտ հեշտությամբ կարող են առաջանալ տարբեր տեսակի նեւրոզներ:
Հանրապետությունում ավելացել է ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի քանակը: Թեեւ ըստ պաշտոնական տվյալների երկրում անցած տարի գրանցվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 600 դեպք, բայց հոգեբույժի հավաստիացմամբ, կան բազմաթիվ դեպքեր, երբ չեն գրանցվում հիվանդի կամ հիվանդի ընտանիքի անունը չվարկաբեկելու համար։ Այս եւ մի շարք այլ պատճառներ հաշվի առնելով, ըստ հոգեբույժի, հանրապետությունում գրանցվել է 700 դեպք: Նման քայլի դիմում են հիմնականում 20-40 տարեկան աշխատունակ կամ ժամկետային զինծառայության մեջ գտնվող անձինք: Այդ տարիքը համընկնում է շիզոֆրենիա եւ դեպրեսիա հիվանդությունների առաջացման տարիքի հետ: Ինքնասպանության հազվադեպ են գնում դեռահասները, եւ առավել հազվադեպ` ծերերը:
Գիտնականների մի մասը կարծում է, որ ինքնասպանություն կարող է գործել միայն հոգեկան հիվանդը, իսկ մի մասն էլ համոզված է, որ այդ քայլին կարող են գնալ նաեւ լիովին առողջ մարդիկ` ելնելով ինչ-ինչ խնդիրներից: Հոգեբույժ Հարություն Մինասյանը կարծում է, որ եթե մարդը դիմում է ինքնասպանության, ուրեմն այդ պահին խանգարված, աֆեկտիվ վիճակում է եւ նրան առողջ մարդ համարելը, մեղմ ասած, սխալ է:
ԱԳՆԵՍԱ ԽԱՄՈՅԱՆ

No comments: