Tuesday, February 15, 2011

Թուրք գործիչ. Թուրքիայում մարդու իրավունքների խախտումն առաջնահերթ երևում է Հայոց Ցեղասպանությունը չճանաչելով

Panorama.am. 15-2-2011- Այսօր թուրք իրավապաշտպան և հրատարակիչ Ռագիբ Զարաքօլուն Ազգային գրադարանում շնորհակալագրի ու Հակոբ Մեղապարտ մեդալի է արժանացել` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած գործունեության համար:
Լրագրողների հետ նախատեսված հանդիպմանը նա ներկայացավ մոտ 25 րոպե ուշացումով: Հայտնեցին, որ մեդալի արժանանալու փաստից հուզվել է, արյան ճնշման տատանում է ունեցել, հյուրանոցում դեղ է ընդունել, կգա մի քիչ ուշացումով: Ասուլիսին արդեն նա խոստովանեց, որ շատ էր հուզվել, ապա հայտարարեց, որ ստացած մրցանակը նվիրում է խոսքի ազատության պայքարի ընթացքում Թուրքիայում տարբեր ժամանակներում սպանված ու ինքասպան եղած լրագրողներին, թարգմանիչներին:
Մարդու իրավունքների պաշտպանների հանձնաժողովի, որը 30 հազար անդամ ու 27 մասնաճյուղ ունի Թուրքիայում, համահիմնադիր գործչին թուրքագետ Արտակ Շաքարյանը ներկայացրեց որպես այն քիչ թուրքերից մեկը, ով ոչ միայն ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը, այլև պայքարում է դրա ճանաչման համար ու մերժողականության դեմ:
Նրա դեմ մի շարք դատական հայցեր են ներկայացվել` 301 հոդվածի հատկանիշներով: Երրոդ անգամ Հայաստան այցելած Զարաքօլուն ասաց, որ այդ գործում դեռ շատ անելիքներ ունեն: «Ցավոք սրտի, Թուրքիայում դեռ այս հարցում մեծ առաջընթաց չկա»,-ասաց նա, ավելացնելով, որ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի` հայերի նկատմամաբ իրականացրած ջարդերը լիովին տեղավորվում են միջազգային փաստաթղթերով սահմանված ցեղասպանության շրջանակներում:
Հայոց Ցեղասպանության մասին առաջին անգամ նա լսել է մանուկ ժամանակ, երբ մայրը խոսքի մեջ ասել է. «Ներսում մենք ենք լացում, դրսում` հայերը»: Հետո իրավապաշտպան կնոջ հետ նրանք մարդու իրավունքների պաշտպանություն իրականացնելիս միշտ էլ ուշադրության կենտրոնում պահել են հայերին, բարձրաձայնել նրանց ոտնահարված իրավունքների մասին, գրքեր հրատարակել, դրանցից մեկը հրատարակվելուց հետո անմիջապես արգելվել է:
«Այո, ես հայ ժողովրդին շատ սիրում եմ, հայ գրականությունը սիրում եմ, բայց չեմ սահմանափակվում դրանով: Թուրքիայում մարդու իրավունքների խախտումն առաջնահերթ երևում է Հայոց Ցեղասպանությունը չճանաչելով, ու ես հիմնավորապես զբաղվում եմ դրանով»,-ասաց հրատարակիչը, ով մի քանի տարի առաջ Բոսնիայում ևս ցեղասպանագետների կողմից մրցանակի է արժանացել:

Լրագրողներն այսօր թուրք հասարակական գործչից հետաքրքրվեցին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրչդողանի այն առաջարկի մասին, ըստ որ Հայոց Ցեղասպանության հարցը քննալու համար պետք է պատմաբաների հանձնաժողով ստեղծվի, և դա այն պարագայում, երբ Թուրքիայում խոսքի ազատության խիստ սահմանափակումներ են կիրառվում: Ըստ նրա, նախ պետք է վստահություն լինի այդ հանձնաժողովի նկատմամբ, իսկ դրա համար պետք է նախ լուծարել ցեղասպանության անհիմն պնդումների դեմ ստեղծված հանձնաժողովը: «Այն դեպքում, երբ մերժողականությունը պետական գաղափարախոսության մի մասն է կազմում, պատմաբանները չեն կարող հարցն այլ տեսանկյունից ներկայացնել, քանի որ ամեն ինչ ի սկզբանե որոշված է»,-ասաց նա:

No comments: