Thursday, February 3, 2011

Թուրք հաքերների հարձակումներն օգնում են հայերին՝ առավել մեծ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը

News.am. 3-2-2011- Թուրք հաքերների հարձակումներն իրականում նպաստում են, որպեսզի հայերն առավել մեծ ուշադրություն դարձնեն տեղեկատվական անվտանգությանը։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ինտերնետային կայք պատվիրող ընկերություններն ու անհատները առավել մեծ ուշադրություն են դարձնում կայքի անվտանգությանը, որի պատճառը հենց թուրք- ադրբեջանցի հաքերների հարձակումների արդյունք է։
Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ թուրքերը երբեմն հարձակվում են այնպիսի կայքերի վրա, որոնց մասին պարզապես շատերը չգիտեն։
«Նրանք երբեմն կոտրում են ինչ-որ անհայտ կայքեր, որպեսզի պարզապես տարածեն իրենց քարոզչությունը»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։ Դրա վառ օրինակն է հունվարի 29-ին Smart Systems ընկերության սերվերի կոտրումը, որի արդյունքում ընկերության հոսթինգից օգտվող 295 հայկական կայքեր շարքից դուրս էին եկել:
«Երբ կոտրեցին 200-ից ավել կայքեր՝ դրանցից շատերի մասին մենք անգամ չէինք էլ լսել, այդ ամենի արդյունքում հայ ազգը մեծ թվով կայքեր հայտնաբերեց»,- ասաց Ս. Մարտիրոսյանը։ Ինչ վերաբերում է հայկական կայքերի անվտանգության եւ պաշտպանվածության մակարդակին, ապա Ս. Մարտիրոսյանի խոսքով՝ այն տարբեր է ու բազմազան։
«Հայկական կայքերի պաշտպանվածության մակարդակը տարբեր է։ Կան պետական, մասնավոր եւ անհատական կայքեր, եւ դրանցից յուրաքանչյուրն ունի պաշտպանվածության մակարդակի իր աստիճանը»,-ասաց Ս. Մարտիրոսյանը։

No comments: