Tuesday, February 22, 2011

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

«Լրագիր» 21-2-2011- Երեւանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալների հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ եւ կհանդիպի Դմիտրի Մեդվեդեւին: Դրանից մեկ շաբաթ անց Սոչիում տեղի կունենա Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումը:
Ինչո՞վ է պայմանավորված ԱՄՆ պետքարտուղարի տեղակալների այցը Երեւան, ղարաբաղյան հարցով եռակողմ հանդիպման նախօրեին: Արդյոք այն կապված է տարածաշրջանում, մասնավորապես Իրանում ու Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ ԱՄՆ զգուշացրել է իր քաղաքացիներին Ադրբեջանում ահաբեկության սպառնալիքից, իսկ Բրայզան ասել էր, թե քանի որ նման զգուշացում է եղել, նշանակում է ամեն ինչ լուրջ է: Փակվել է նաեւ Բաքվում իսրայելի դեսպանատունը:

Իր հերթին, համաշխարհային մամուլում տեղեկություն է հայտնվել, թե ԱՄՆ պլացդարմ է պատրաստում Իրանի դեմ, որը կարող է լինել կամ Ադրբեջանը, կամ Ղարաբաղը: Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Յան Բժեզինսկին կրկնել է ոչ մեկ անգամ հնչած թեզը “Հայաստանի կողմից կանխարգելիչ պատերազմի” մասին. “Բաքվի միլիտարիստական քաղաքականությունը ստիպում է Երեւանին մտածել կանխարգելիչ մեթոդների մասին, կարճաժամկետ հեռանկարում”:

Այս շաբաթ Եվրամիությունը որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել 100 մլն եվրո ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար: Եւ եթե հաշվի առնենք, որ սոցիալական վիճակը Հայաստանում մոտենում է փլուզման, պետք է եզրակացնել, որ Եվրամիությունը որոշել է պահպանել կայունությունը Հայաստանում, այդ նպատակով հաղթահարվեց ներքաղաքական լարվածությունը` Ռոբերտ Քոչարյանին առաջարկել են “առայժմ չխառնվել”:

Ի՞նչ է լինելու մարտի 5-ին: Ի՞նչ է պատրաստվում առաջարկել Մեդվեդեւը եւ ինչո՞վ կսպառնա ԱՄՆ-ը Հայաստանին, ստիպելով հերթական անգամ մերժել Ռուսաստանի առաջարկները:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: