Wednesday, February 2, 2011

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԶԻԳԶԱԳԸ

«Լրագիր» 2-2-2011- Բանակի օրվա կապակցությամբ պաշտոնական միջոցառումների ընթացում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացակայությունը շատերն էին նկատել: Հետաքրքրական է, որ այդ բացակայության կապակցությամբ հրապարակումներին ի պատասխան, կարծես թե չեղան պաշտոնական բացատրություններ այն մասին, թե ինչու Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի կողքին չէր:
Չէ որ Աբրահամյանն ի պաշտոնե հանրապետության երկրորդ դեմքն է: Սերժ Սարգսյանից հետո նրա ուսերին է երկրի կառավարման պատասխանատվությունը: Հովիկ Աբրահամյանը կարող է ասել իհարկե, որ մինչ Սերժ Սարգսյանը բանակի օրվա հանդիսություններին էր մասնակցում, ինքը երկիր էր կառավարում: Բայց դրանից իհարկե նրա վիճակը հազիվ թե թեթեւանա, եթե չասենք, որ ավելի կարող է ծանրանալ:
Ընդհանրապես, Հովիկ Աբրահամյանի գործոնը Հայաստանում հետաքրքիր վայրիվերումներ է դրսեւորում: Երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ Խորհրդի նախագահ եւ ՀՀԿ համար 2007 թվականին գրանցեց բացարձակ հաղթանակ խորհրդարանի ընտրությանը, Աբրահամյանին բոլորն արդեն տեսնում էին վարչապետի պաշտոնում, նույնիսկ այն ժամանակ, երբ Անդրանիկ Մարգարյանը դեռ ողջ էր: Շրջանառվում էր տարբերակ, որ 2008 թվականի նախագահի ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը կլինի նախագահ, Անդրանիկ Մարգարյանը կլինի ԱԺ նախագահ, իսկ Հովիկ Աբրահամյանը կլինի վարչապետ:

Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահը շատ բաներ փոխեց Հայաստանի ներիշխանական հիերարխիայում, սակայն Հովեիկ Աբրահամյանը շարունակում էր մնալ Սերժ Սարգսան նախագահի մոտ վարչապետ աշխատելու հիմնական եւ թերեւս միակ թեկնածուն: Իսկ որ Աբրահամյանը երազում էր, կամ շատ մեծ ցանկություն ուներ վարչապետ լինել, պարզ էր դեռեւս նրա տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ. երբ օդանավակայանում նրան հարցրել էին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնանկության եւ իրեն վարչապետ նշանակելու առաջարկի մասին, որ այդ ժամանակ իբր պատրաստվում էր անել Ռոբերտ Քոչարյանը, Աբրահամյանը պատասխանել էր, թե երբ իրեն առաջարկեն, ինքը կմտածի: Հետո խոսակցություններ էին շրջանառվում, որ Հովիկ Աբրահամյանը Անդրանիկ Մարգարյանի հետ լուրջ խնդիր էր ունեցել այդ պատասխանի կապակցությամբ:

Բայց որքան մոտենում էր Սերժ Սարգսյանի նախագահ կարգվելու ժամանակը, այնքան նոր անուններ էին հայտնվում որպես վարչապետի հնարավոր թեկնածու: Հովիկ Աբրահամյանի անվան հիմնական մրցակիցը դարձավ այն ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը: Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, եւ 2008 թվականի նախագահի ընտրության անկանխատեսելի զարգացումների արդյունքում վարչապետ դարձավ Տիգրան Սարգսյանը, իսկ Հովիկ Աբրահամյանը գնաց ընդամենը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ աշխատակազմում ավելի մեծ է Սերժ Սարգսյանի շրջապատի այսպես կոչված “երիտասարդ թեւի” ազդեցությունը:

Բայց հետո Հովիկ Աբրահամյանը 2008-ի աշնանը դարձավ պատգամավոր եւ ԱԺ նախագահ, ցած իջեցնելով Տիգրան Թորոսյանին: Այդ ժամանակաշրջանում արձանագրվեց Աբրահամյանի դերի աճ, հետագա աճի միտումներով: Հովիկ Աբրահամյանը սկսեց հավակնել Սերժ Սարգսյանի իշխանության պարեկի դերին, ինչը նրան խոստանում էր հետագա ազդեցության զգալի աճ, ընդհուպ Սերժ Սարգսյանի համար դառնալու այն, ինչ Սերժ Սարգսյանն էլ Ռոբերտ Քոչարյանի համար:

Բայց, ըստ երեւույթին, կամ Սերժ Սարգսյանն ի վերջո չցանկացավ ունենալ այդպիսի կարգավիճակ ունեցող անձ իր կողքին, իր իսկ փորձով լավ իմանալով, թե ինչ անցանկալի պարտավորություններ կարող է ստանձնել նախագահն իր կողքին “Սերժ Սարգսյան” կարգավիճակով անձ ունենալով, կամ էլ Հովիկ Աբրահամյանին չվստահեց այդ կարգավիճակը: Համենայն դեպս, վերջին շրջանում իշխանական համակարգում նկատելի է Հովիկ Աբրահամյանի դերի ակնհայտ նվազեցում: Օրինակ, վերջերս իրար հետեւից հրապարակվող սոցիոլոգիական հարցումներում Հովիկ Աբրահամյանն իր ազդեցիկությամբ հայտնվում է հետնապահ շարքերում` զգալիորեն զիջելով առաջատարներին: Իսկ սոցիոլոգիական հարցումները Հայաստանում ոչ առանց հիմքի համարվում են իշխանության սենյակներում ներկված պատկերներ:

Եվ այն, որ Հովեիկ Աբրահամյանը բանակի օրվա միջոցառումների ընթացքում բացակայում էր Սերժ Սարգսյանի կողքին, թերեւս հաստատում է այդ պատկերների “հեղինակային իրավունքը” եւ դրանցում շոշափվող տրամաբանությունը:

Հարցը միայն այն է, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի կարիերային զիգզագը կրկին կբարձրանա վեր, թե այն կընդհատվի դեպի ներքեւ անդառնալի սլացքով:

Չի բացառվում նաեւ, որ Հովեիկ Աբրահամյանն էլ զգում է կամ ակնհայտ նկատում իշխանական հիերարխիայում իր դերակատարության ակնհայտ նվազման միտումները եւ հենց այդ պատճառով էլ գերադասել էր չմասնակցել բանակի օրվա հանդիսություններին, անկումը չարագացնելու համար: Ի վերջո, այդ հանդիսություններն արարողակարգային բնույթ ունեն, իսկ Հայաստանի իշխանական համակարգում արարողակարգը սկսում է շատ լուրջ արարողության` գրեթե զոհաբերության ծեսի վերածվել:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: