Saturday, February 12, 2011

ՆԵՂ ՕՐԵՐԻ ԸՆԿԵՐԸ

“Լրատվամիջոցներ. ինչպես աշխատել նեղ պայմաններում”. այսպիսի յուրօրինակ ու նույնքան էլ դիպուկ ձևակերպում ուներ խնդրո առարկան, որի շուրջ բանավեճի էր հրավիրել Սիվիլիթաս հիմնադրամը: Խոսվեց թվայնացման վնասների, անկախ լրատվամիջոցների ինստիտուտի կայացման, լրագրության որակի և այլնի մասին: Ինչն էլ առիթ եղավ մի անգամ ևս խորանալու ոլորտի հիմնախնդիրների ու հեռանկարների մեջ:

ԹվայնացումԹվայնացման մասին խոսելիս ավելի շատ անդրադարձ է կատարվում այն հանգամանքին, որ դա առիթ էր հեռուստաընկերությունների թվաքանակը և ըստ այդմ էլ ազատ խոսքը սահմանափակելու համար: Բայց ոլորտի մի շարք մասնագետներ նշում են մեկ այլ հանգամանք ևս: Այսօր մենք ականատես ենք նոր տեխնոլոգիաների աննախադեպ և սրընթաց զարգացման, ուստի խիստ կասկածելի է նաև թվայնացման գործընթացն ընդհանրապես, քանի որ մի քանի տարի հետո մենք, հնարավոր է, տեխնոլոգիական նոր զարգացումների ականտեսը դառնանք, և պարզվի, որ թվայնացումը համահունչ չէ այդ զարգացումներին: Այս առումով խիստ կասկածելի է իշխանությունների կողմից թվայնացման այսօրինակ գործընթացն ընդհանրապես և հեռուստաեթերը լիովին վերահսկելի դարձնելը մասնավորապես: Օրեցօր զարգանում են լրատվության այլընտրանքային ռեսուրսները, ինչից չի կարող դուրս մնալ Հայաստանը, ըստ այդմ էլ այսօրինակ գործելակերպը չի կարող արդյունավետ լինել հենց իշխանության համար:

Միևնույն ժամանակ, այսօր, ըստ իս, ֆետիշացվում է իշխանությունների կողմից հեռուստաընկերությունների վերահսկման նշանակությունը: Անշուշտ, դա լուրջ խոչընդոտ է մեր զարգացման համար, բայց դրանով բարդույթավորվելով` մենք կարծես թե չենք նկատում, որ իրավիճակն էականորեն փոխվում է: Այսօր լրատվության այլընտրանքային ռեսուրսների, նոր տեխնոլոգիաների անկասելի ընթացքը այնպես են փոխում իրավիճակը, որ հեռուստատեսության դերն էականորեն նվազում է: Բացի այդ, իշխանությունն այնքան է հեղինակազրկել այդ ռեսուրսը, որ այն այլևս դադարում է հանրային գիտակցությունը որոշող լծակ լինել, քանի որ կորցրել է արժանահավատությունն ու վստահարժանությունը, այլ կերպ` նրանց ոչ ոք չի հավատում, իսկ առանց հավատի որոշակի դոզայի դրանք իմաստազուրկ են: Ասել կուզեմ, որ իշխանությունը հեռուստաընկերությունների տոտալ վերահսկողությունն իրականացնում է դրանց որակի ու վստահության հաշվին: Սա այն երկսայր սուրն է, որի վտանգը զգալու է նաև իշխանությունը: Այս վիճակը չի կարող բավարարել իշխանությանը, ուստի իշխանությունը ստիպված է լինելու որոշակիորեն թուլացնել կապանքները, որպեսզի ամեն ինչ այդքան միանշանակ չլինի: Այսինք` այն, ինչ չի անում ընդդիմության, հանրության պահանջով, կանի կյանքի պահանջով: Ըստ այդմ էլ կարծում եմ, որ մենք պիտի նպաստենք միջավայրի արագ փոփոխմանը, իսկ փոփոխված միջավայրն էլ իր հերթին կփոխի իշխանության վարքագիծը: Գանգատին ուղղված մեր եռանդը ևս պիտի կենտրոնացնել նոր միջավայրի ստեղծմանը:

Իշխանությունը ստիպված է լինելու ընդունել այս մարտահրավերը: Ընդունել և մտնել ինտերնետ, և արդեն իսկ մտնում է: Այլ կերպ չի կարող, քանի որ այլընտրանքը վտանգավոր է: Չի կարող ինտերնետը փակել, քանի որ այն շատ խնդրահարույց է համայն աշխարհում ու համայն աշխարհի համար, բացի այդ օրեցօր մեծացող և ահագնացող ինտերնետ-հանրությունը ամեն ինչ կների իշխանությանը, բայց ոչ այս մեկը, ոչ իրեն զրկելը իր իսկ հանապազօրյա խաղալիքից: Զիջել նույնպես չի կարող: Ուրեմն մնում է իջնել այս ասպարեզ և ընդունել մարտահրավերը: Սա մի քանի դրական կողմ ունի.

- իշխանությունը ստիպված է ընդունել մարտահրավերը և ստիպված է մրցել, մի բան, որից ամենաշատն է վախենում, նկատի ունեմ` մրցակցությունն ընդհանրապես, ինչը ամենուր փորձում է ոչնչացնել մենաշնորհներով: Իսկ այստեղ` ինտերնետում, հանրությունը մեծ առավելություն ունի, քանի որ ավելի շատ է պատրաստ ու հակված մրցակցության, քան իշխանությունը, քանի որ նրա մտավոր ներուժն անհամեմատ մեծ է, քան իշխանությանը:

- իշխանությունը ստիպված է լինելու մտածել ոչ այնքան ինտերնետը սահմանափակելու, այլ այն ավելի զարգացնելու` իր մասնակցությանն արժան չափով, ինչը նրա համար նաև պատվի խնդիր է:

- ինտերնետը որպես նոր երևույթ արտամղելու է հին ու հնացած ուժերին ու գաղափարները, բրածո քաղաքական ուժերին, որոնք իրենք էլ զահլա չեն ունենա ոտք դնելու այստեղ: Այսինքն` կլինի մոդեռնացում բոլոր առումներով:

Սա շատ էական հանգամանք է և շատ բան է փոխում: Ահա թե ինչու պիտի ազատվել ոտնահարվածի մեր բարդույթից, դադարել գանգատվել անարդարությունից և ամբողջ ուշադրությունը սևեռել սրան:

Տեղեկատվական դաշտի կայացումՀայաստանում լրատվության բազմազանություն կա գոնե տպագիր լրատվամիջոցների ոլորտում: Սակայն այստեղ էլ կան մի շարք խնդիրներ, որոնք խոչընդոտում են անկախ մամուլի ինստիտուտի կայացմանը: Ինչպես ժամանակին ասում էին, որ հնարավոր չէ կոմունիզմ կառուցել առանձին վերցրած մի երկրում, այնպես էլ հնարավոր չէ հիմա բարվոք վիճակ առանձին վերցրած մի ոլորտում, քանի որ ամեն ինչ փոխկապակցված է: Միայն տնտեսական զարգացման բարձր մակարդակ ու հասուն ժողովրդավարություն ունեցող երկրներում կարող է կայանալ անկախ մամուլը: Անկախ մամուլի ինստիտուտը թանկ հաճույք է, որ չի կարող իրեն թույլ տալ ամեն մի երկիր: Մինչև ազատ մրցակցություն չլինի հասարակական-քաղաքական ու տնտեսական դաշտերում, մինչև չկայանա միջին խավը, մինչև չլինեն իրապես շուկայական հարաբերություններ` անկախ մամուլի ինստիտուտը չի կայանա: Ասածս չի նշանակում, որ պիտի սպասել մինչև ձևավորվի նման միջավայր: Որովհետև նման միջավայրն էլ իր հերթին չի ստեղծվի առանց տեղեկատվական աջակցության: Հավանաբար, այս բոլոր ոլորտները պիտի համընթաց լինեն, և լինի փոխաջակցություն: Երևի պիտի կայանալ` կայացնելով: Բայց, այնուամենայնիվ, մամուլը մի քայլ, մի ՙսանտիմ՚ առաջ պիտի լինի մյուսներից: Հենց մամուլը կարող է լինել մեր նեղ օրերի ընկերը:

Թերթերի ֆինանսական անկախությունը սնոցող երկու կարևոր երակներն են գովազդը և տպաքանակը: Մենաշնորհված, քաղաքականացված ու քրեականացված տնտեսությունում չի կարող գովազդի լիարժեք շուկա կայանալ, իսկ մարդկանց գնողունակության ցածր մակարդակն էլ խաչ է դնում մեծ տպաքանակների վրա: Այսօր 7000 տպաքանակը շատ լավ է համարվում Ադրբեջանում, 5000-ը` Հայաստանում և 1000-ը` Արցախում: Սա ուղղակի անմխիթար վիճակ է:

Արդյունքում թերթը կախվածության մեջ չէ ընթերցողական լսարանից, ինչը նշանակում է, որ ընթերցողական լսարանը չէ որոշում թերթի բովանդակությունը, ուղղվածությունը կամ ոճը, ինչը նշանակում է կտրվածություն իրական կյանքից և ինքնասուզում մեկ այլ, վիրտուալ, թվացյալ աշխարհ: Մինչդեռ կախվածության բոլոր տեսակներից ընդունելի է միայն մեկը` կախվածությունը ընթերցողից: Ինքնածախսածածկող թերթ Հայաստանում չկա: Մենք թերթ ենք տպում, երբ ունենք հովանավոր կամ դրամաշնորհ: Չունենք` դադարեցնում ենք:

Բայց սա միայն տեղեկատվական դաշտի խնդիրը չէ, իրականում տեղեկատվական, հասարակական-քաղաքական և տնտեսական դաշտերը սերտորեն փոխկապակցված են և ունեն նույն հիվանդությունը, կամ դրա յուրօրինակ դրսևորումները: Թերթերը որքան տպաքանակ ունեն, կուսակցություններն էլ մոտավորապես նույնքան անդամներ ունեն:

Քաղաքական դաշտը ևս կախված չէ լսարանից, ընտրազանգվածից: Մենք կտրված ենք հանրությունից: Այն, որ իշխանությունը բոլոր լծակներն ունի անտեսելու լսարանի կարծիքը` ակնհայտ է: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը: Ասում է` մենք հաղթելու ենք (իմա` իրենք): Չի ասում` հարգելի ժողովուրդ, եթե դու մեզ հետ լինես, եթե մենք միասին լինենք, եթե ստանանք ձեր աջակցությունը, ապա հաղթելու մեծ շանս կունենանք: Չի ասում ու չի հաղթում:

Լրագրության որակ
Տեղեկատվական դաշտի ներկայիս վիճակն ուղիղ համեմատական է լրագրության որակին: Այն բավականին մտահոգիչ է: Այս որակը չի համապատասխանում առկա մարտահրավերներին: Պրոֆեսիոնալիզմի մեծ պակաս կա այսօր, ինչը պայմանավորված է հանրային նվազ պահանջարկով: Բայց, մյուս կողմից էլ, մենք ինքներս ենք փչացրել ընթերցողի ճաշակը (չէ՞ որ մենք կախված չենք նրանից): Վլադիմիր Պոզները մի հետաքրքիր օրինակ է սիրում բերել: Երբ մի ժամանակ հայտնի երգիչ Բոգդան Տիտոմիրին քննադատում էին երգերի մակարդակի համար, նա այսպես էր արդարանում` “փիփլ խավայետ” (“մարդիկ ուտում են”): Այ հենց որ մարդիկ այլևս չսնվեն դրանցով և այլ սնունդ պահանջեն` լրագրության որակն էլ կփոխվի: Բայց դա ինքնըստինքյան չի լինի, մենք պիտի տեղեկատվական որակյալ երաժշտություն մատուցենք լսարանին ու կրթենք ճաշակը: Ի վերջո, լրատվամիջոցների 3 կարևորագույն առաքելություններից մեկն է կրթելը` տեղեկացնելու և զվարճացնելու հետ միասին: Թե չէ մենք այսօր ականատեսն ենք մի նոր երևույթի` ձայնագրիչով աղջիկների, ովքեր նոր ինստիտուտ են մեր մամուլում: Եւ ձայնագրիչն էլ ոչ թե աշխատանքային գործիք է, այլ արդուզարդի, հագուկապի մի մաս, ոչ ավելին:

Մեկ այլ հանգամանք ևս: Խոսքս ԶԼՄ-ների թեմատիկ նախասիրությունների մասին է: Եթե մենք մերժում ենք այս իշխանությունը, ինչի համար բավարար հիմքեր ունենք, ապա պիտի առաջին հերթին մերժենք մեր մտածելակերպում, մեր օրակարգում, ուզում եմ ասել, որ իշխանավորների վարքուբարքի ներկայիս ընկալումը պիտի հանենք մեր թեմաների թոփ-տասնյակից: Ինչպես շոու-բիզնեսը չի կարող գոյատևել առանց դեղին մամուլի, այնպես էլ քաղաքական շոու-բիզնեսը չի կարող գոյատևել առանց լրատվամիջոցների և հատկապես տպագիր ԶԼՄ-ների: Այս վերջինները շեշտում եմ այն պարզ պատճառով, որ հեռուստաընկերությունները դուրս են մեր ազդեցությունից, նաև այն պատճառով, որ հենց տպագիր մամուլն է առավելս հակված քաղաքական շոու-բիզնեսին: Մերժելով այս կամ այն իշխանավորին` մենք, միևնույն ժամանակ, նրան խցկում ենք լրագրային տարածքի դեմքերի թոփ-տասնյակը` լուսաբանելով ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների հարաբերությունների ներքին խոհանոցը, կամա թե ակամա նրանց դարձնելով քաղաքական շոու-աստղ: Ասուլիսից ասուլիս վազելը, ներքին երկպառակություններին գերուշադրություն դարձնելը, Սարգսյան-Քոչարյան ու ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններին հատորներ նվիրելը ձեռնտու է ում ասես, բայց ոչ հանրությանը, քանի որ շեղում է նրա ուշադրությունը: Առանց այդ թերթերի մենք չենք էլ իմանա այս կամ այն պաշտոնյայի գոյության մասին: Եթե մենք մոռացության մատնենք նրանց, ապա իրենք ստիպված են լինելու դեպի մեզ բերող այլ ուղիներ որոնել, ինչն ամեն ինչից զատ կմեծացնի մեր կշիռը: Իրենք ստիպված կլինեն մամուլի էջերում հայտնվելու առիթներ որոնել: Ոչ թե քամահրանքով կմերժեն տեղեկություններ ստանալու մեր դիմումը, այլ սկուտեղի վրա կմատուցեն դրանք մեզ: Ինչ խոսք, այդ բոլոր հայտարարությունները և այլն կարելի է խնամել պահոցում` վերլուծությունների և այլնի համար, բայց ոչ դրանց անդրադառնալ ամենօրյա ռեժիմով:

Նույնը` ղարաբաղյան կարգավորման պարագայում, երբ ԶԼՄ-ները չեն կարողանում բավարար տեղեկություններ ստանալ: Մենք կարող ենք տեղեկություններ չմուրալ և դրանց բացը չլրացնել սոսկական կարծիքներով: Իշխանությունները ստիպված են լինելու տեղեկատվության արտահոսք կազմակերպել: Իրական ինֆորմացիայի պակասը մենք լրացնում ենք երկրորդական ինֆորմացիայով, նպաստելով, որ ՙռեալ պոլիտիկը՚ վերածվի “վիրտուալ պոլիտիկի”: Այսօր ով ասես չի մեկնաբանում կարգավորման գործընթացը, մամուլը լիքն է կարծիքներով, մեկնաբանություններով, գուշակություններով-մարգարեություններով, մինչդեռ դրանց ներկայացնողների 90 տոկոսը զրկված է իրական ու հավաստի տեղեկություններից: ՙԻնֆորմացիայի՚ անհրաժեշտ քանակ մենք ապահովում ենք, ընդ որում` ցանկացած գնով, ինքներս էլ չմտածելով, թե ում են դրանք պետք: Պետք է կամ տալ իրական տեղեկություններ, կամ չտալ: Չտալու դեպքում իշխանությունը ստիպված կլինի արտահոսք կազմակերպել և մեզ տրամադրել այն, ինչը հրաժարվում էր անել մեր խնդրանք-պահանջով: Այլապես ինչպես պիտի ցույց տա իր ՙազգօգուտ՚ գործը: Հենց մենք ենք մեր ջանքերով ստեղծել մի սպասողական վիճակ կարգավորման գործընթացից բխող, որը սպանում է ամեն ինչ և հրեշի պես նոր ինֆորմացիա, խճողված նոր ուղեղներ է պահանջում:

Խոսքի ազատությունԻնչ վերաբերում է խոսքի ազատությանը, ապա ինչ-որ մի սահման պիտի լինի, որը պիտի որոշվի ոչ թե նույնիսկ, ոչ այնքան օրենքով և ոչ, իհարկե, իշխանության կողմից, այլ հանրության կողմից և չգրված օրենքով: Կուզեի ճիշտ ընկալվել: Ես չեմ ընդունում, երբ այս կամ այն պաշտոնյան ասում է` ազատությունն ամենաթողություն չէ, նկատի ունենալով այդ ազատությունը սահմանափակելու անհրաժեշտությունը: Ոչ, խոսքս հանրային ընկալման և հանրային վերահսկման մասին է: Այսօր, օրինակ, հայաստանյան ընթերցողին ոչնչով այլևս հնարավոր չէ զարմացնել: Եթե վաղը որևէ թերթ գրի, որ այսինչ պաշտոնյան տոհմիկ կաշառակեր է, միասեռական է, մարդակեր է, խոտակեր է, այլմոլորակային է և այլն, և այլն, ապա ոչ ոք էլ չի զարմանա, որովհետև մոտավորապես նմանատիպ բաներ քանիցս գրվել են, այսինքն` սպառվել է հանրությանը մատուցվող անակնկալների ողջ ռեսուրսը, ընդ որում` ոչ բավարար հիմնավորված: Ու խոսքն այլևս չի ընկալվում այնպես, ինչպես պետք է: Հայտնի գրող Վասիլ Բըկովը մի առիթով ասել է` “խորհրդային տարիներին չկար խոսքի ազատություն, բայց խոսքը գնահատվում էր, իսկ նոր ժամանակներում կա խոսքի ազատություն, բայց խոսքն արժեզրկվել է”: Սա իսկը Ռասուլ Համզատովի ասածն է` նախկինում, ասում էր նա, երբ կինը չադրա էր կրում, սիրային լիրիկան շատ ավելի բաց էր ու համարձակ:

Այս առումով Ղարաբաղում փոքր իչն այլ պատկեր է: Երբ մեր երևանցի գործընկերները կարդում են տեղական մամուլի որևէ քննադատական հոդված, ապա զարմանում են դրանց մեղմությամբ, առավել ևս նրանց համար զարմանալի էր լինում իշխանության հիվանդագին արձագանքը` “իբր թե ինչ են գրել, որ...”: Խոսքի նկատմամբ զգայունություն կա Արցախում: Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիքի: Տեղեկատվական մեկուսացվածությունը, որքան էլ պարադոքսալ հնչի, որոշակի առումով պահպանել է տեղեկատվական ներուժը: Խոսքն արժեք ունի այստեղ, ահա թե ինչու Ղարաբաղում այս առումով ռեսուրս դեռ մնացել է, ինչը որոշակի շանս տալիս է:

ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

No comments: