Saturday, February 12, 2011

ԵՐԱԶԱԽԱԲՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՈԱԼԻՑԻԱՆ

«Լրագիր» 12-2-2011- Այն, որ իշխող կոալիցիայի ներսում առկա է որոշակի լարվածություն, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Գաղտնիք չէ նաեւ, որ լարվածությունը ստեղծված է ոչ թե պետության կամ հասարակության շահերին առնչվող հարցերի շուրջ, այլ զուտ անձնական, ամենաշատը՝ խմբակային շահերի շուրջ: ՕԵԿ-ը, որպես մշտական դասական եւ օրինապաշտ հաճախորդ, վճռական իրադարձություններից շատ շուտ արդեն «կաթի սերը քաշել է, դրել է հովին սառի, ալ գոգնոցն էլ կապել է՝ արի թառլան, շուտ արի…»: Կոալիցիայի մյուս անդամը՝ ԲՀԿ-ն, կարծես դիմադրում է «հաճախորդ» պիտակավորվելու գործընթացին: Կամ՝ գոնե ձգտում է, որ իր այդպիսին լինելու պարագայում, խոսքը «չորս պատերից (իմա՝ Բաղրամյան 26-ց) դուրս չգա»: ԲՀԿ-ի պարագայում դեռեւս կա «որոշակի անորոշություն»
Իսկ ՀՀԿ-ՕԵԿ զույգի միջեւ առկա է ոչ միայն որեւիցե տարաձայնությունների բացակայություն, այլ ավելին՝ գաղափարների լիակատար ընդհանրություն:
Միասնությունն ու միավորումը կայացել է հատկապես այնպիսի նուրբ քաղաքական հարցի շուրջ, ինչպիսին է անկառավարելի գիշերային սերմնահոսությունը: Կամ կոալիցիոն լեզվով ասած՝ երազախաբությունը: Այո, Հայաստանի իշխող կոալիցիայի քաղաքական պառնասում հայտնվել եւ գործածության մեջ է դրվել այդ բառը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, ասել էր. “Եթե կառավարության որևէ անդամ, դա կլինի վարչապետը, թե այլ մեկը, կհայտարարի, որ կարող է թելադրել Ազգային ժողովին, ուրեմն ինքը կարող է երազախաբ լինել”: Հասկանալի է, որ բարեկրթության եւ վարվելաձեւի տեսանկյունից դա իրոք, մեղմ ասած, գագաթնակետ չէ: Բայց թե… Տղամարդ է էլի: Բոլորի նման ինքն էլ է անցել տարիքային այդ փուլով: Գուցե ինչ-ինչ հուզումնալից պատկերներ է հիշել, կամ էլ հակառակ: Իսկ գուցեեւ, չի բացառվում, որ միտումնավոր քար է գցել վարչապետի բոստանը: Այդկերպ ակնարկելով, որ հենց երկրի վարչապետի բարձր հովանու ներքո է երկար ժամանակ գործել ամերիկահայ մանկապիղծը: Ի վերջո, կարելի է պարզապես ասել, թե «էդ կարար՝ էդ ասեց»: Ծիծաղել եւ անցնել առաջ: Ի վերջո, այդ ասածն այնքան էլ դուրս չէ այդ անձի մյուս ասածների ու արածների ընդհանուր շրջանակից:

Բայց պարզվեց, որ մենք չափազանց միամիտ ենք եւ չափազանց մակերեսորեն ենք ընկալում մեր քաղաքական անձերի ասածները: Շատ քիչ անց, կոալիցիայի հավատավոր մարտիկ, իր իսկ կուսակիցներից մեկի՝ «պերանիկ Հովոյի» բնութագրմամբ, ՕԵԿ-ի «էգ առյուծը»՝ նույն ինքը Հեղինե Բիշարյանը, ճեպազրույցի ժամանակ հասկացրեց, որ երազախաբությունը իշխող կոալիցիայում հիմնական քաղաքական կատեգորիաներից է: Ի պատասխան լրագրողների միանգամայն հիմնավորված (եւ բոլորի համար բացահայտ ու ակնհայտ) այն դիտարկմանը, թե ՕԵԿ-ը այսօր ըստ էության ընդամենը ՀՀԿ-ի կցորդ է, զայրացած բացականչել է. «ՕԵԿ-ը կցորդ լինել չի կարող, ցավ եմ ապրում, որ բոլորն այդպիսի երազախաբությամբ են զբաղված, այդպիսի ցանկությունները չարության հիմք ունեն, մենք կազմակերպված գնում ենք առաջ»:

Նախ, կրթությամբ բանասեր տիկնոջն անհրաժեշտ է, թերեւս, բացատրել, որ «երազախաբությամբ չեն զբաղվում» : Համաձայն բժշկական գրականության, երազախաբությունը դա ակամա, ինքնաբերական սերմնաժայթքման գործընթաց է: Տեղի է ունենում գիշերվա էրոտիկ բնույթի երազների կամ էլ ցերեկային սեռականորեն տեսողական խիստ գրավիչ տպավորությունների հետեւանքով: Թե ՕԵԿ-ը այդ կտրվածքով հատկապես ինչ գրավչություն կարող է ունենալ լրագրողների համար ամբողջական իր էությամբ եւ ողջ իր կազմով՝ քնած թե արթմնի, գաղտնիք է բոլորի համար:

Գուցե ենթադրվում է, որ առավել գրավիչ լինելու են այն տաս հազար նոր անդամները, որ շուտով համալրելու են ՕԵԿ շարքերը: Այսօրվա իրավիճակում նման բան հայտարարելն իրոք կուսակցական երազախաբության բնագավառից է: Հայաստանում անհաջող մարդիկ, իրոք, քիչ չեն, բայց ոչ այդ քանակի: Որ տասնյակ հազարներով գան ու համալրեն ՕԵԿ-ը եւ ապահովեն զանազան չանթաների բարեկեցությունը:

Սոսկալի բան է, երբ կինը դադարում է կին լինելուց: Դրանով նա մղում է դիմացինին, ի նկատի ունենք տղամարդուն, անջատել բոլոր արգելքները, եւ վարվել ու խոսել ըստ ցանկության եւ պարագաների: Բայց եկեք չվերցնենք անարժան տիկնոջ գցած խայծը, այլ հիշեցնենք պարզապես ֆիզիոլոգիական «խուտուտող» այդ երեւույթը քաղաքականացնողներին, որ հայերեն երազախաբությունը լատիներենով արտահայտվում է pollution, polluere բառերով: Ինչը թարգմանվում է որպես կեղտոտել, ապականել:

Առավել քան բնութագրական ու խորհրդանշական է մեր քաղաքական գործիչների համար: Նույնիսկ՝ լեզվական-խոսակցական դաշտում:

ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՍԵՆՑՅԱՆ

Հ.Գ. Ըստ որոշ տեղեկությունների, ԱԺ-ն պատրաստվում է գնել եւ միջանցքում կախել Սալվադոր Դալիի Grand masturbator հանրահայտ կտավը:

No comments: