Saturday, February 5, 2011

Դավութօղլուն և Քալմի-Ռեյը Մյունխենում քննարկել են հայ–թուրքական գործընթացը

Tert.am. 5-2-2011- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր շվեյցարացի գործընկերոջ՝ Միշլին Քալմի-Ռեյի հետ Մյունխենում քննարկել է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին, թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ, թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Մյունխենում մեկնարկած անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովին մասնակցող Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Լրագրողների հետ հանդիպմանը Դավութօղլուն խոսել է նաև Ուկրաինայի և Ռումինիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպման մանրամասների մասին։ Անդրադառնալով Եգիպտոսի արտգործնախարարության մամուլի խոսնակի արած այն հայտարարությանը, թե Արևմուտքն ու Թուրքիան չպետք է միջամտեն Եգիպտոսի ներքին գործերին, Դավութօղլուն ասել է.
«Եգիպտոսը մեզ համար եղբայր և բարեկամ երկիր է։ Եգիպտոսի և նրա ժողովրդի բարօրությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի։ Եվ մեր բարեկամական խորհուրդները չպետք է ընկալել որպես միջամտություն։ Տարածաշրջանային զարգացումները կապված են մեկը մյուսի հետ»։
Անդրադառնալով Շվեյցարիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը՝ Դավութօղլուն նշել է, որ ինքն ու Միշլին Քալմի-Ռեյը քննարկել են Իրանի հետ բանակցություններն ու հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

No comments: