Thursday, February 3, 2011

Ադրբեջանում Իրանի հանդեպ տարածքային պահանջներ են առաջադրել

Diplomat.am 2-2-2011- Այսպես կոչված «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես»-ի անդամները Ադրբեջանում Իրանի դեսպանատան շենքի առջև բողոքի ակցիա են անցկացրել:
Ակցիայի անցկացման ժամանակ բարձրաձայնվել էին հակաիրանական կոչեր և Իրանի հանդեպ տարածքային պահանջներ էին առաջադրվել:
Հակաիրանական ակցիային մասնակցել է «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրես»-ի համանախագահ, ադրբեջանական խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամհանլին, կազմակերպության ադրբեջանական և եվրոպական ներկայացուցչությունների անդամները:
Ռուստամհանլին հայտարարել է, որ Իրանը համագործակցում է Հայաստանի հետ և իբրև թե «միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին»: Ադրբեջանցի պատգամավորը նույնիսկ համոզվածություն է հայտնել, որ «իսլամական պետության գործողությունները չեն համապատասխանում մահմեդական համերաշխություն հասկացությանը»: Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի համանախագահը նույնպես նշել է, որ «Իրանում թյուրքերի իրավունքները խախտվում են»: Ակցիայի մասնակիցները կոչ են արել միջազգային հանրությանը ապահովել Իրանում ադրբեջանցի թյուրքերի մշակութային իրավունքները:

Վերջում դեսպանատանն է ներկայացվել ակցիայի բանաձևը: Այնտեղ նշված է, որ եթե պիկետի ժամանակ բարձրաձայնած պահանջները չիրականացվեն, ապա Ադրբեջանում Իրանի դեսպանատան շենքի առջև կանոնավոր ակցիաներ կանցկացվեն:

No comments: