Saturday, February 12, 2011

Մուբարաքը հրաժարական տվեց. Կահիրեն ցնծում է

Tert.am. 11-2-2011- Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց։ Այս մասին, «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ, հայտարարել է Եգիպտոսի փոխնախագահ Օմար Սուլեյմանը։
«Այս դժվար պայմաններում, որոնց բախվել է երկիրը, նախագահ Մուհամմեդ Հոսնի Մուբարաքը որոշեց թողնել նախագահի պաշտոնը և Զինված ուժերի բարձրագույն խորհրդին հանձնարարեց ղեկավարել երկիրը»,- ասել է Օմար Սուլեյմանը Եգիպտոսի պետական հեռուստաալիքով իր կարճատև ելույթում։
Կահիրեի Ազատության հրապարակում եգիպտացիներն ուրախությունից լաց են լինում, գրկախառնվում ու շնորհավորում միմյանց։ Հարյուր հազարավոր ցուցարարների հետ միասին հրապարակում ցնծում է նաև Եգիպտոսի ընդդիմության առաջնորդ Մոհամմեդ էլ Բարադեյը։
«Այսօր իմ կյանքի ամենահրաշալի օրն է։ Ի վերջո, երկիրը հասավ ազատության»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե Եգիպտոսի նախագահն ընտանիքի հետ միասին լքել է Կահիրեն և մեկնել անհայտ ուղղությամբ։
Մուբարաքը երկիրը ղեկավարում էր արդեն 30 տարի։ 2011թ. հունվարի 25-ին Եգիպտոսի բազմաթիվ բնակիչներ դուրս եկան Կահիրեի Ազատության հրապարակ՝ պահանջելով նախագահի և կառավարության հրաժարականը, ինչպես նաև երկրում բարեփոխումների իրականացում։ Զանգվածային ցույցերի ժամանակ, որոնց մասնակցում էին միլիոնավոր եգիպտացիներ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 300 մարդ։

No comments: