«Լրագիր» 10-2-2011- Ռուսաստանը Կուրիլյան կղզիները հռչակել է ռազմավարական տարածք եւ ձեռնամուխ եղել դրա սոցիալ-տնտեսական զարգացմանը: Ռուսները դրա համար պետական բյուջեից հատկացրել են 32 միլիարդ ռուբլի, նաեւ հայտարարել, որ թարմացնելու են Կուրիլյան կղզիներում տեղակայված ռազմական ստորաբաժանումների զինանոցը: Ռուսաստանն այդ ամենն անում է չնայած այն բողոքին, որ արդեն տեւական ժամանակ փորձում է հնչեցնել Ճապոնիան, ով Կուրիլները համարում է իր տարածք, որը Ռուսաստանին է անցել պատերազմի հետեւանքով: Ավելին, Ռուսաստանը նույնիսկ ի հեճուկս Ճապոնիայի է փորձում զարգացնել Կուրիլները:Այդ հանգամանքը հետաքրքրական է նրանով, որ նույն այդ Ռուսաստանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդական առաքելությամբ է հանդես գալիս, որտեղ փորձում է Հայաստանին համոզել, որ Ղարաբաղի ինչ որ կարգավիճակի դիմաց Ադրբեջանին վերադարձվեն Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները, որոնք պատերազմի հետեւանքով անցել են հայկական կողմի վերահսկողության տակ: Պատերազմի հետեւանքով Ճապոնիայից վերցրած տարածքները ռազմավարական հռչակած եւ զարգացնող Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել, որ պետք է փոխզիջման գնալ եւ վերադարձնել տարածքները: Իսկապես զավեշտալի վիճակ է:
Շատերը գուցե կասեն, որ Ռուսաստանը մեծ է, հզոր է, որ նա կարող է իրեն թույլ տալ տարածք յուրացնել, իսկ Հայաստանը փոքր է, թույլ է եւ չի կարող իրեն այդպիսի բան թույլ տալ, քանի որ եթե աշխարհի մեծերը հակառակն են ուզում, Հայաստանը դրան դեմ գնալով ընդամենը կարող է հարուցել նրանց զայրույթը, իսկ այդ զայրույթն էլ Աստված գիտե, թե ինչ ձեւով կթափվի մեր գլխին: Ու այդպես Հայաստանի հանրային եւ քաղաքական շրջանակների գերակշիռ մեծամասնության մոտ ձեւավորվել է մի տեսակետ, որ եթե աշխարհը պահանջում է, ուրեմն պետք է տալ պահանջածը, այլապես կկորցնենք ոչ միայն այն, ինչ պահանջում են, այլ ավելին:
Մինչդեռ այդ առումով, այդ մտայնության առումով առաջանում է երկու հարց. ով ասաց, որ աշխարհի ուժեղներն ապրիորի պահանջում են տարածք հանձնել, եւ ով ասաց, որ եթե աշխարհի ուժեղներն ինչ որ պահանջ են ներկայացնում, ուրեմն չի կարելի նրանց հետո ավելորդ վիճաբանության մեջ մտնել եւ բացատրել այդ պահանջի կատարման աննպատակահարմարությունը: Ով ասաց, թե աշխարհի ուժեղի կամ մեծի հետ չի կարելի խոսել այլ լեզվով, քան պարզապես հնարավորինս օպերատիվ կերպով ենթարկվելը:
Իհարկե հասկանալի է, որ դրա համար պետք է “լեզու” ունենալ: Դա առաջին հերթին նշանակում է ունենալ արդիական հասարակական-պետական կարգ, ունենալ հասարակություն, որի արժեհամակարգում կյանքի բարեկեցության բանալի է դիտվում ոչ թե “ուժն է ծնում իրավունք” սկզբունքը, այլ իրավունքի ուժը: “Լեզու” ունենալու համար պետք է ունենալ այդ մտայնությամբ ապրող հասարակության ձեւավորած իշխանություն, որն առաջին հերթին հաշվետու է այդ հասարակության, ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ որեւէ այլ օտարերկրյա մայրաքաղաքի առաջ:
Երբ այդ “լեզուն” չկա, որպես արդարացում առաջանում է այդ ուժեղների պահանջի տարբերակը, եւ հանրությանը փորձ է արվում ներկայացնել իրավիճակն այնպես, որ ոչ թե մենք “լեզու” չունենք եւ չենք ուզում մտածել ունենալու մասին` որովհետեւ կարեւորը անձնական հարստություն եւ իշխանություն ունենալն է, այլ որովհետեւ ոչ ոք չի նայում մեր “լեզու” ունենալ-չունենալուն, պահանջում են եւ վերջ:
Իրականում այդ մտայնությունը մեղմ ասած թյուր մտայնություն է, քանի որ աշխարհում պահանջներ ներկայացնում են միայն “անլեզուներին”: Ընդ որում, ոչ թե ներկայացնում են նյութական կամ տարածքային պահանջներ, այլ պահանջում են նախ ունենալ արդիական “լեզու”: Եվ երբ տվյալ պետությունը հրաժարվում է այդ պահանջը կատարել, նրան այդ դեպքում դրա փոխարեն նյութական պահանջ է ներկայացվում. չես ուզում խոսել աշխարհի համար արդիական լեզվով, ուրեմն վճարիր “թարգմանության” համար` կամ իշխանությամբ, կամ հումքային ռեսուրսներով, կամ տարածքներով:
Ուրեմն, ելակետը այն “լեզուն” է, որով աշխարհի հետ փորձում է հարաբերվել տվյալ պետությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment