Saturday, February 12, 2011

ԻՆՉ Է ԱՍԵԼ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ

ԳՐԱՎԱԿԱՆՆ ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է
«Լրագիր» 12-2-2011- ԲՀԿ 5-րդ հերթական համագումարի ընթացքում կուսակցության նախագահ վերընտրվեց Գագիկ Ծառուկյանը: Փետրվարի 12-ին համագումարը սպասվում էր մեծ հետաքրքրությամբ, քանի որ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարելու է 2013 թվականի ընտրությանը Սերժ Սարգսյանին սատարելու մասին, ինչն ըստ այդ տեղեկությունների` Սերժ Սարգսյանի պահանջն էր:
Բայց համագումարի ընթացքում այդպիսի հայտարարություն չեղավ: Գագիկ Ծառուկյանը սատարել-չսատարելու խնդրի չանդրադարձավ, իսկ նախագահ ընտրվելուց հետո իր կարճատեւ ելույթում դիմեց նաեւ լրագրողներին, ասելով, թե “հարգելի լրագրողներ, պետք չէ պատվեր կատարել”, քանի որ անհրաժեշտ ասելիքը ինքը կասի:
Իսկ մինչ կուսակցության նախագահի ընտրությունը, Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ նաեւ հաշվետու ելույթով, որտեղ խոսեց անցյալ երկու տարիներին կուսակցության գործունեության, կոալիցիայի կազմում երկրի առաջ ծառացած դժվարությունների հաղթահարման ուղղությամբ կատարված աշխատանքի մասին: Գագիկ Ծառուկյանը հիշատակեց, որ շատ հարցերում կոալիցիայի գործընկերների հետ ունեցել են տարբեր մոտեցումներ: Սակայն ԲՀԿ նախագահը դա համարում է բնական: “Բարգավաճ Հայաստան կուսակցությունն այսօր էլ հավատարիմ է կոալիցիոն հուշագրի տառին եւ ոգուն: Մենք կոալիցիոն կառավարության կազմում բարեխղճորեն իրականացնում ենք մեր միասնական ծրագիրը”, ասում է Բարգավաճ Հայաստանը:

Նա նշել է, որ այսօր էլ կան խնդիրներ, սոցիալական դժգոհություն, գնաճ, արտագաղթ: «Մենք վճռական ենք այդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: Վստահ ենք, որ համատեղ ջանքերով եւ միասնական ուժերով մենք կարող ենք հասնել մեր բոլոր նպատակներին, կառուցենք իսկապես հզոր, բարակեցիկ, բարգավաճ Հայաստան», ասում է Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը նաեւ հայտարարել է կուսակցության վարկանիշի զգալի աճի, կուսակցության շարքերի ընդլայնման մասին: «Մեր խորին համոզմամբ, կուսակցությունների խոշորացման գործընթացները պետք է շարունակվեն: Դրանից կշահի մեր ժողովուրդը», հայտարարել է Ծառուկյանը:

Նա միեւնույն ժամանակ նշել է, որ ով մեծ հեղինակություն ունի, մեծ է նաեւ պատասխանատվությունը: «Մենք գիտակցում ենք այդ պատասխանատվությունը, լավ ենք հասկանում, որ մեր երկրում ընթացող խորքային քաղաքական, տնտեսական եւ սոցիալական բարեփոխումների համար հարկավոր է հաստատակամություն, հետեւողական եւ լարված աշխատանք: Միաժամանակ, մեր խորին համոզմամբ, այդ բարեփոխումների հաջողության գրավականը առողջ քաղաքական սերնդափոխությունն է», ասում է Գագիկ Ծառուկյանը:

Առաջիկա քաղաքական իրադարձությունների առումով Ծառուկյանը կարեւոր է համարել առաջիկա ընտրությունների ժողովրդավարականությունը: «Վերջին տարիներին ընտրությունները, դրանց նախորդող նախընտրական կրքերն ու հետընտրական զարգացումները շատ ցավոտ են ընթանում մեր երկրում: Քաղաքական մթնոլորտի շիկացումը, քաղաքական պայքարի թեժացումը երբեմն անցնում է թույլատրելի սահմանները: ԲՀԿ-ն միշտ էլ կողմնակից է եղել քաղաքական պայքարի քաղաքակիրթ մեթոդներին, քաղաքական երկխոսությանն ու փոխզիջումներին: Ընտրությունները չպետք է խաթարեն քաղաքական անդորրը, չպետք է պառակտեն հայ հասարակությանը: Քաղաքական ուժերը մեր երկրում պետք է պայքարեն բացառապես ժողովրդավարական խաղի կանոններին համաձայն», հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Նրա խոսքով, քաղաքական ուժերի միջեւ առողջ մրցակցությունը, մտքերի ազատ արտահայտումն ու բազմակարծությունն անվիճելի ժողովրդավարական արժեք են, որոնք պետք է պահպանել ու զարգացնել: «Սա է դեպի ժողովրդավարություն տանող ուղիղ ճանապարհը: Մենք վստահ ենք, որ Հայաստանի հանրապետության քաղաքական ղեկավարությունը ունի բավարար քաղաքական կամք առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան անցկացնելու համար: Հայաստանի Հանրապետության ապագան ժողովրդավարական պետությունն է, ժողովրդավարական պետության գրավականն ազատ եւ արդար ընտրություններն են», հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

«ԲՀԿ-ն հավատարիմ է ժողովրդավարական արժեքներին, ԲՀԿ-ն վստահ է իր ուժերին, պատրաստ է քաղաքակիրթ պայքարին, ազատ մրցակցությանը: Հարգելի կուսակցականներ, առջեւում մեզ սպասում է հետեւողական եւ համառ աշխատանք ի շահ մեր քաղաքացիների եւ պետության բարեկեցության: Աստված մեզ պահապան, դեպի աշխատանք, դեպի բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստան”, իր ելույթն ավարտել է Գագիկ Ծառուկյանը:

No comments: