Saturday, February 12, 2011

Իրանը կարող է մասնակցել Nabucco-ին

1in.am. 12-2-2011- Ինչպես տեղեկացնում են արտասահմանյան լրատվամիջոցները, Ուզբեկստանում Իրանի դեսպան Մոհամեդ Քեշավարզադեն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է գազ մատակարարել Nabucco խողովակաշարով:

Նա կարծիք է հայտնել, որ ներկայումս այդ նախագծի համար գազի բավարար քանակություն չկա, սակայն Իրանը կարող է իր մասնակցությունն ունենալ` մատակարարելով կապույտ վառելիքի զգալի մասը:

Միևնույն ժամանակ Թեհրանը չի ընդունում տրանսկասպյան գազատարի նախագիծը, քանի որ Կասպից ծովի ստատուսը դեռ հստակեցված չէ: Նշենք, որ այս գազատարի գաղափարին ակտիվորեն աջակցում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը:

Տրանսկասպյան խողովակաշարով կենտրոնական Ասիայի երկրներից վառելիքը պետք է հասցվի Ադրբեջան, այնուհետև միանա Nabucco-ին:

Հիշեցնենք, որ Եվրոպա գազ մատակարարելու համար նախատեսված Nabucco գազատարի հիմնական խնդիրը վառելիքի պակասն է, և առկա ռեսուրսները դեռ չեն բավականացնում խողովակաշարի նախագծային հզորությանը հասնելու համար:

Խողովակաշարի կառուցումը նախատեսված է սկսել այս տարի, իսկ շահագործումը` 2014-15թթ:

No comments: