Wednesday, February 16, 2011

ՓԱՍՏՈՐԵՆ` «ԿԶԲԱՂՎԵՆ ՆԱԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՑՈՎ»

«ԱԶԳ» , 16-02-2011- Չնայած հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացի մասին այսօր խոսում են միայն եզակի դեպքերում եւ հատուկ` նպատակահարմար վայրերում, ինչպիսին էր, օրինակ, Կիպրոսի խորհրդարանի դահլիճը` ՀՀ նախագահի համար, սակայն հասկանալի է, որ այս գործընթացը շարունակում է կարեւորված մնալ ինչպես Սպիտակ տանը, այնպես էլ Կրեմլում ու Բրյուսելում: Հիշեցնենք` հունվարի 17-18-ին Կիպրոսում պետական այցով գտնվող ՀՀ նախագահը, ելույթ ունենալով կիպրացի պատգամավորների առջեւ, նշեց, որ հայ-թուրքական գործընթացը ձախողված է, «չնայած ԱՄՆ-ը մեծ ներդրում է ունեցել այս գործընթացում»: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ հայ-թուրքական գործընթացը «ձախողված է», որովհետեւ ի տարբերություն Հայաստանի, որը ամենաբարձր մակարդակով բազմիցս է նշել, որ ինքը պատրաստ է զույգ արձանագրությունների վավերացմանը, եթե դա անի Անկարան, թուրքական կողմը սկսեց հանդես գալ հայ-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող նախապայմաններով, այն դեպքում, երբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հենց Ստամբուլում ընդգծեց. «Եթե որեւէ մեկին թվում է, որ մենք հանուն Թուրքիայի հետ բաց սահմանի կգնանք զիջումների այլ հարցերում, նա չարաչար սխալվում է»: Սակայն երեկ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին հերթական ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել դիտարկմամբ, որը որոշակիորեն հակառակն ապացուցող ենթադրությունների հիմք տալիս է: Քրոուլին համաձայնել է ՀՀ նախագահի այն մտքին, որ «ԱՄՆ-ը մեծ ներդրում է ունեցել այդ գործընթացում», ավելին` Քրոուլին հատկապես ընդգծել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի անձնական ներդրումը գործընթացում, այնուհետեւ պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչը նշել է. «Ամիսների ընթացքում, սակայն, մենք համոզվեցինք, որ առաջընթացի համար խոչընդոտներ կան: Մենք այսուհետեւ նույնպես կշարունակենք զբաղվել Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցով, որպեսզի հասկանանք` ինչ է հնարավոր անել առաջ գնալու համար»: Գաղտնիք չէ, որ նախկինում հայ-թուրքական գործընթացի մասին խոսող ոչ մի պաշտոնյայից հնարավոր չէր լսել նաեւ «Ադրբեջան» անունը: Հնարավոր է նաեւ, որ ամերիկացի դիվանագետըՙ տալով Ադրբեջան անունը, փորձում է ընդամենը սիրաշահել այդ երկրին, որի հետ Վաշինգտոնը վերջին ժամանակներս այնքան էլ սերտ հարաբերություններ չունի, եւ որի առաջնորդ Իլհամ Ալիեւը, ըստ «Ազադլիգ»-ի, գաղտնի հավաք է կազմակերպում ընդդեմ նույն ԱՄՆ-ի, իսկ պաշտոնական «Ազերբայջան» թերթն էլ վերլուծական հոդված է գրում հետեւյալ եզրակացությամբ` «Վճռականորեն կարելի է ասել, որ հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի հետ չհարմարվող երկրների մեջ Ադրբեջանը գուցե եւ առաջինն է»: Հետաքրքրական կլինի պարզել, թե ո՞րն է այն երկիրը, որի հետ Ադրբեջանը «հարմարվում» է` թեկուզ միայն տարածաշրջանը նկատի ունենալով, բայց սա, ինչ խոսք, այլ քննարկման թեմա է:
Այն, որ Քրոուլին իր վերոհիշյալ հայտարարությունում «Ադրբեջան» անունը տվել է առաջին հերթին խորհրդանշանական իմաստով, ապացուցվում է թերեւս գրեթե նույն ժամանակահատվածում Մոսկվայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի ու Միջին Ասիայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի` «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում: Ապատուրայն ընդգծել է, որ ԱՄՆ-ի «հոգեզավակ» ՆԱՏՕ-ն մտադիր չէ մասնակցելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: «ՆԱՏՕ-ն չի տեսնում իր դերակատարությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում, չնայած երկու երկրների միջեւ ընթացիկ հարաբերությունները մեզ մտահոգում են», նշել է Ապատուրայը: Ակնհայտ է, որ եթե Վաշինգտոնը լրջորեն որոշեր «զբաղվել Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի հարցով», ապա նույն հարցով աշխատելու «հրահանգ» կիջեցներ նաեւ ՆԱՏՕ, իսկ որի գլխավոր քարտուղարն էլ, եթե չբարձրաձայներ այդ մասին, ապա առնվազն նման հայտարարությամբ հադես չեր գա: Ինչեւէ` ժամանակը ցույց կտա, թե ԱՄՆ-ը «մենա՞կ կզբաղվի» Հայաստանով, Թուրքիայով ու Ադրբեջանով, թե՞ դա կանի ՆԱՏՕ-ի հետ, այսինքն` ինչպես մշտապես անում է այլ հարցեր լուծելիս:
Ապատուրայը անդրադարձել է հարավկովկասյան այլ հակամարտություններին նույնպես: «ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ներգրավվել հարավօսական եւ աբխազական հակամարտություններում եւս», ընդգծել է Ապատուրայը` փաստորեն անիմաստ դարձնելով Թբիլիսիի ձգտումները` շուտափույթ անդամագրվելու Դաշինքին: Բացի սրանից` տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը անտեղյակ է, որ կոնկրետ Վրաստանը զենք ու զինամթերք է ստանում դաշինքի անդամ որեւէ երկրից. «Նախ ուզում եմ ասել, որ ՆԱՏՕ-ն որպես կառույց չի զբաղվում զենք-զինամթերքի առք ու վաճառքով: Ինչ վերաբերում է դաշինքի անդամ կոնկրետ պետություններին, ապա ես տեղյակ չեմ, թե կա՞ն արդյոք այնպիսիք, որոնք զենք են վաճառում կամ վաճառել Վրաստանին», ասել է Ապատուրայը:
Հ. ԱՖՅԱՆ

No comments: