Thursday, February 10, 2011

Գործարկվել է հայագիտության մասին կայք` www.armin.am

Tert.am. 10-2-2011- Հայագիտությանը` մասնավորապես հայոց պատմությանը, հայոց լեզվին և մշակույթին վերաբերող ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն այսուհետև հնարավոր կլինի գտնել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) պաշտոնական կայքում` www.armin.am -ում: Այս մասին հայտնում է pcnews.am-ը:
Կայքում լուսաբանվում է ոչ միայն ՀՀԻ-ի գործունեությունը, այլև ներկայացվում են հայագիտության դասական և նոր արժեք հանդիսացող նյութերն ու ուսումնասիրությունները:
«www.armin.am-ը ստեղծվել է 2009թ.-ի դեկտեմբերին: Անհրաժեշտ տեխնիկական վերաձևումներից հետո շարունակվում է հայագիտական արժեք հանդիսացող նյութերի մուտքագրումը: Ստեղծել ենք հայոց պատմության էլեկտրոնային շտեմարան, որը հնարավորություն է տալիս այցելուին հայոց պատմության թեմաներից իրեն անհրաժեշտը կարդալու ընթացքում տեքստի համապատասխան բառերից անցում կատարելու մեկ այլ տեքստի»,- նշում է վիրտուալ հայագիտության և տեղեկատվության բաժնի վարիչ, պ. գ. թ. Մհեր Հովհաննիսյանը:
Նշենք նաև, որ ՀՀԻ-ի կայքում առկա են նաև հայագիտական ուղղվածության ուսումնասիրություններ, հոդվածներ, առանձին արխիվային փաստաթղթերի ժողովածուներ, պատմական քարտեզներ, նկարներ, որոնք անընդհատ ավելացվում են: Բոլոր նյութերը հասանելի են անվճար և ժամանակի ընթացքում դրանք ներկայացվելու են նաև ռուսերեն, անգլերեն լեզուներով:

No comments: