Wednesday, March 23, 2011

«Թուրքիան փորձում է Արևելքի և Արևմուտքի միջև միջնորդի դեր ստանձնել»

Panorama.am. 22-3-2011- «Թուրքիան վերջերին շրջանում շատ ակտիվ կերպով վարում է նեոօսմանիզմի քաղաքականություն: Այդ քաղաքականության նպատակն է տնտեսական, քաղաքական, հոգևոր դեր ստանձնել այն տարածաշրջաններում, որոնք նախկինում եղել են Օսմանյան կայսրության սահմաններում»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա նշեց, որ նեոօսմանիզմի տարածման համար թիրախային կետերից է Մերձավոր Արևելքը:

Նրա խոսքով, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներում մեր տարածաշրջանում ամենաակտիվը Թուրքիան է:
«Թուրքիան փորձում իր ակտիվությանը զուգահեռ առաջ տանել նաև նեոօսմանիզմի գաղափարախոսությամբ նախատեսված դրույթները»,- ասաց նա:

Բանախոսի խոսքով, վերջին շրջանում Թուրքիան ինտենսիվ քաղաքականություն է վարում արաբական երկրներում իր հեղինակության աճի բարձրացման ուղղությամբ, որի դրական արդյունքներն արդեն նկատելի են:

«Թուրքիայի հեղինակության աճին զուգահեռ աճում է նաև Էրդողանի հեղինակությունը: Թուրքիայի իշխանություններն ակտիվ աշխատում են արաբական երկրների հասարակության հետ հեղինակություն ձեռք բերելու համար»,- ասաց նա:
Ռ. Մելքոնյանը նշեց, որ Թուրքիայի վարած նեոօսմանիզմի քաղաքականությունը տալիս է իր դրական լուրջ արդյունքները, քանի որ Թուրքիան Մերձավոր Արևելքում գնալով դառնում է բավական կարևոր պետություն:

«Եվ պատահական չէ, որ ԱՄՆ նույնպես բացահայտ մեսիջներ է ուղարկում աշխարհին, որ Մերձավոր Արևելքում հենց Թուրքիային է համարում իր հիմնական դաշնակիցը և Թուրքիային են վերապահում Մերձավոր Արևելքում ներկայացուցիչ լինելու դերը»,-նշեց Ռ.Մելքոնյանը:

Նրա խոսքով, Թուրքիայն իր գերակտիվ քաղաքականությամբ Մերձավոր Արևելքում փորձում է դառնալ լիդեր, ինչպես նաև փորձում է Արևելքի և Արևմուտքի միջև միջնորդի դեր ստանձնել, ինչը նրան հաջողվում է:
Ըստ բանախոսի, Թուրքիայի այս ակտիվությունը չի վրիպում նաև արևմտյան վերլուծաբանների ուշադրությունից:
«Այսօր վերլուծաբանների շրջանում տարածված է հետևյալ միտքը, որ 21-րդ դարում Թուրքիան փորձում է վերադառնալ Մերձավոր Արևելք, այն տարածաշրջան, որը ժամանակին պատկանել է Օսմանյան կայսրությանը»,- հավելեց նա:
Թուրքիան, բանախոսի կարծիքով, իր քայլերով փորձում է ապացուցել, որ ինքը կարող է տարածաշրջանային լարված կոնֆլիկտներում խիստ ձեռնտու միջնորդի դերը ստանձնել:

«Հետագայում` ոչ միայն արաբական, այլև Հարավային Կովկասի երկրներում տեղի ունեցող կոնֆլիկտներում Թուրքիան կարող է հավակնել միջնորդի դեր ստանձնել»,-ընդգծեց թուրքագետը:

No comments: