Wednesday, March 23, 2011

Սիրիայի Հայոց առաջնորդարան. համայնքը շարունակում է ապրել բնականոն հունով, երկրում իրավիճակն ավելի քան խաղաղ է

News.am./ 22-3-2011- Սիրիայի հայ համայնքը շարունակում է ապրել բնականոն հունով, երկրում իրավիճակն ավելի քան խաղաղ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Սիրիայի Հայոց առաջնորդարանի դիվանապետ Գրիգոր Կոկոդունկյանը՝ պատասխանելով հարցին, թե երկրում հակակառավարական առաջին կոչերի ֆոնին ինչպե՞ս է իրեն զգում եւ արդյոք անվտանգ պայմաններո՞ւմ է ապրում հայ համայնքը։
Նա կտրականապես հերքեց լուրերը, թե Սիրիայում քաղաքական լարված իրավիճակ է ստեղծվել։ «Ամեն ինչ խաղաղ է, այստեղ ոչ մի բան էլ չի պատահել։ Հակակառավարական կոչերի մասին լուրերը չափազանցված են»,-ասացԿոկոդունկայնը։
Նշենք, որ օրեր առաջ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրավապահները ցրել էին մի քանի տասնյակ հոգանոց ցույցը: Ցույցը տեղի էր ունեցել ներքին գործերի նախարարության առջեւ: Ականատեսների վկայությամբ, եղել են վիրավորներ, մի քանի հոգի ձերբակալվել է:
Չնայած կառավարության կողմից դրված պաշտոնական արգելքին՝ Դամասկոսի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիայի էին դուրս եկել, որի ընթացքում պահանջել էին քաղբանտարկյալների ազատ արձակում:
Բողոքի ակցիան սկսել էին 21 քաղբանտարկյալների ընտանիքները: Որոշ ժամանակ անց տեղի էր ունեցել ռեժիմի կողմնակիցների հակաակցիան, որի ժամանակ հնչել էր «Պաշտպանե´նք սիրելի նախագահին մեր ոգով, մեր արյունով» կոչը:

No comments: