Thursday, March 3, 2011

Վ.Դալլաքյան. «ՀՀ-ում իշխանությունը հարստանալու և ընդդիմությանը ոչնչացնելու միջոց է»

Diplomat.am. 2-3-2011- Այսօր Ազգային ժողովում ՄԻՊ-ի պաշտոնում Կարեն Անդրեասյանի թեկնածության առնչությամբ հանդես եկավ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:
Նա, Կարեն Անդրեասյանին հաջողություն ցանկանալով, նշեց, որ անձին չի անդրադառնա, քանի որ խորհրդարանական մեծամասնության թեկնածուն է և հասկանալի պատճառներով պետք է ընտրվի: Դալլաքյանը առանձնացրեց, որ իր համար անընդունելին այն երկու սցենարներն են, որոնք իրականացվում են հարցի քննարկման ընթացքում, և մանրամասնեց.
«Առաջին թեկնածուին դարձնել թիրախ և նրան մեղադրել Քենեդու սպանությունը կազմակերպելու մեջ, և հակառակ ծայրահեղությունը`նրան ներկայացնել փրկիչ` Անդրեյ Սախարովի դերում: Ես գնալու եմ երրորդ ճանապարհով:
Խորհրդանշական և բնութագրական է, որ Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանին Քոչարյանը ազատեց, իսկ երկրորդ պաշտպանին համարեց ամենաանհաջող կադրը: Այսպիսով, առաջինին հեռացրին, իսկ երկրորդը հեռացավ:
Ստացվում է, որ Հայաստանում ամենաանպաշտպանը մարդու իրավունքների պաշտպանն է: Մեկ բառով՝ այսօր Հայաստանում մարդու իրավունքների վիճակը ողբերգական է: Եթե մեկ միլիոն հարյուր հազար մարդ մեր երկրում աղքատ է և հացի խնդիր ունի, էլ ինչի՞ մասին է խոսքը»:

Վիկտոր Դալլաքյանի դիտարկմամբ, այսօր ամենաքննարկվող հարցը հետևյալն է. «Հայաստանում կարող է լինել քաղաքական մշակույթ կամ նախադեպ, որ մեծամասնությունը առաջադրման հարցը զիջի ընդդիմությանը: Սա միանգամայն ընկալելի մոտեցում կարող էր լինել, բայց ցավոք, Հայաստանում դա կարող է լինել, օրինակ, 3011 թվականին: Նորանկախ Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում եղել է ընդամենը մեկ դեպք 1999 թվականին, երբ «Միասնություն» դաշինքը, Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի ղեկավարությամբ լինելով մեծամասնություն, ԱԺ մշտական հանձնաժողովում որոշ տեղեր զիջեց ընդդիմադիր կոմկուսին և ԱԺՄ-ին, իսկ կառավարության մակարդակով՝ 1992 թվականին, երբ ռազմաճակատում ձախողումներ կային, ընդդիմությունը հանրահավաքներ էր անում, և ընդդիմության ղեկավարներից մեկը` ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը, նշանակվեց պետնախարար, իսկ մեկ ամիս հետո՝ պաշտպանության նախարար:

Ցավոք, մեր նորանկախ պատմության մեջ իշխանություն-ընդդիմություն բնական փոխհարաբերություններ չեն ձևավորվել, իշխանությունը իշխանությունը պահում է հարստանալու և ընդդիմությանը ոչնչացնելու համար, իսկ ընդդիմությունը իշխանության գալը համարում է իշխանությանը ոչնչացնելու և հարստանալու գործիք: Ինքնահռչակման այս սխեման Հայաստանին տանում է ոչ մի տեղ»:

No comments: