«ԱԶԳ», 03-03-2011 - Միջազգային հանրությունը պետք է ավելի խիստ վերաբերվի Ադրբեջանի ղեկավարության ռազմատենչ հայտարարություններին, որոնք էապես խաթարում են խաղաղ բանակցային գործընթացը: Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանն այսպիսի ընդգծմամբ է հանդես եկել փետրվարի 28-ին ԱՄՆ ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS)` ԼՂ խնդրի նվիրված քննարկմանը:Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ հանրահայտ ռազմավարական կենտրոնների Հարավային Կովկասի եւ հակամարտությունների կարգավորման հարցերով առաջատար փորձագետներ եւ կենտրոնի աշխատակիցներ: Հանդիպման ընթացքում Գեորգի Պետրոսյանը հանգամանալիորեն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում, ինչպես նաեւ տարածաշրջանում գործընթացների զարգացման հեռանկարները:
Հատկանշական է, որ ԼՂՀ ԱԳ նախարարի ելույթը հնարավորություն էր ամերիկյան փորձագետների, հատկապես նման հետազոտական կենտրոնի համար «առաջին աղբյուրից» ուղղակիորեն լսելու ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, Պետրոսյանը նշել է հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը:
Այնուհետեւ ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահող Ֆրենկ Փալոնի հետ, երախտագիտություն հայտնել ԱՄՆ կոնգրեսականինՙ Արցախին մշտապես աջակցություն ցուցաբերելու համար: Նույն օրը երեկոյան նախարարը ելույթով հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում` Սումգայիթի ու Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment