Thursday, March 24, 2011

ԿՐԿԻՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԹԱԿԱՐԴՈՒՄ

Ախ ոնց ասեմ յարիս, որ գնում եմ բանակ,
Լավ է սիրող սրտիս ես խփեմ դանակ:

Ժամանակակից սիրված «աստղային» երգերից

Վերջերս ռուսականության գաղափարական եւ հոգեւոր այսօրվա հիմնասյուներից ու առաջնորդներից մեկը հանդիսացող գեղանկարիչ Իլյա Գլազունովը պատմում էր, թե ինչպես ինքը 10-11 տարեկան հասակում հոր հետ գնացել է դիտելու «Չապաեւ» ֆիլմը: Նա պատմեց, որ երբ էկրանին սկսել են ցուցադրվել սպիտակ գվարդիական շարքերի հոգեբանական գրոհի կադրերը, ինքը հոր հետ միասին ոտքի են կանգնել՝ դրանով ի ցույց դնելով իրենց հարգանքն ու հիացմունքը այդ զինվորների հերոսական պահվածքի ու կեցվածքի հանդեպ:

- Իսկական ռուս մարդիկ, իսկական հերոսները դրանք էին,- հավելեց ծերունազարդ նկարիչը,- а не те, что из пулемета по строю стреляют. Анка там, Петька и прочая большевистская сволочь.

Անկեղծ ասած, մենք խնդիր չենք դնում պարզաբանել այստեղ, թե ով, կամ ովքեր են այդ կինոնկարի իրական եւ իսկական հերոսները: Դա իրոք որ զուտ ռուսների սեփական գործն ու ճաշակն է: Պարզապես մենք ցանկացանք մեկ անգամ եւս շեշտել, թե ինչպիսի գնահատականի են արժանանում հենց այսօրվա Ռուսաստանում կոմունիստական համակարգի ներկայացուցիչներն ու նրանց կողմից իրականացրած գործունեությունը: Большевистская сволочь: Ավելի պարզ եւ ավելի հստակ ասել երեւի թե հնանավոր էլ չէ:

Այդ նույն օրերին կայացավ Թուրքիայի վարչապետ Էրդողանի այցը Ռուսաստան: Ամեն ինչի հետ մեկտեղ չափազանց ուշագրավ էր յուրատեսակ «սրբապատկերների» ցուցադրական փոխանակման արարողությունը կողմերի միջեւ: Խոսքը 1921 թվականի մարտի 16-ին կնքված ռուս-թուրքական պայմանագրին առնչվող տարբեր լուսանկարների եւ փաստաթղթերի կրկնօրինակների ընծայաբերման մասին է, որ իրականացրեցին Էրդողանն ու Մեդվեդեւը: Հատուկ շեշտենք կրկին, որ իհարկե, ամենեւին մեր գործը չէ, թե որ երկրի ղեկավարը մեկ այլ երկրի ղեկավարին ինչ է նվիրում, կամ ինչ նվեր է նրանից ստանում: Եթե, իհարկե, այդ ամենն ուղղակիորեն չի առնչվում մեզ, իսկ առավել եւս, եթե ուղղակիորեն չի ոտնահարում մեր ազգային շահերը եւ չի իրագործվում այդ շահերի հաշվին: Առավել եւս, եթե այդ ամենը իրականացվում է այն պետության կողմից, որը մի շարք քաղաքական ու դիվանագիտական փաստաթղթերով քեզ հայտարարել է որպես իր «ռազմավարական գործընկերը»:

Ոչ մեկի համար նորություն, կամ էլ գաղտնիք չէ, որ նշված պայմանագիրը միայն եւ զուտ ստորագրող կողմերի առումով կարելի է անվանել ռուս-թուրքական: Իսկ իր իսկական էությամբ ու բովանդակությամբ դա միայն եւ զուտ հակահայկական մի պայմանագիր է՝ մշակված ու ստորագրած առանց հայկական կողմի որեւիցե մասնակցության: Ռուսական կողմից այն մշակել, կազմել ու ստորագրել են Լենինը , Չիչերինը, Կարախանը եւ, Իլյա Գլազունովի բառերով ասած՝ ...и прочая большевистская сволочь. Եւ այսօր Հայաստանի «գերարագույն գլխավոր ռազմավարական գործընկերը» հրճվանքով նշում է իր էությամբ հայակործան այդ պայմանագրի տարելիցը, նվերներ ընդունում ու նվերներ մատուցում այդ կապակցությամբ:

Երեւանի արձագանքը ավելի քան ծիծաղելի էր, եթե չասենք ողորմելի: Եթե չեմ սխալվում, ձայն մը հնչեց ԱԳՆ-ի վերին հարկերեն, թե ոչ մի տարաբնույթ այցեր չեն կարող ազդել մեր դարավոր եւ հավերժ բարեկամության վրա: Իսկականի՞ց: Լուրջ եք ասում, պարոնայք: Իսկ մեր կարծիքով, «ռազմավարական» կոչվող այս գործընկերությունը Հայաստանին իրականում բերել ու հասցրել է արդեն ոչ թե ռուսական ֆորպոստի, այլ Ռուսաստանի քաղաքական հարճի կարգավիճակի: Որը ոչ հնարավորություն ունի, ոչ էլ կարողություն հանկարծ դուրս պրծնել այն շրջանակից, որն իր համար նախատեսել է իր «պահողն ու հովանավորը»: Կրկին հասել ենք դասական բանաձեւին. «да куда денутся эти армяне, приползут как миленькие»: Քանզի, կրկին ստեղծվել է մի իրավիճակ, եւ ամենացավալին՝ ձեւավորվել է մտածելակերպ ու մթնոլորտ, ըստ որի, «եթե ռուսը ձեռքը քաշեց, թուրքերը երկու կողմից մեզ հոշոտելու են»: Եւ բնական է, որ ռուսական կողմն էլ վարպետորեն շահարկելու է այդ իրողությունը: Եթե թուրքական վտանգը հանկարծ չլինի էլ, այն պետք է ստեղծել: Անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ կրրառման մեջ դնել անհրաժեշտ չափաբաժիններով: Որպեսզի հայերը իրենց իսկական տեղը լավ իմանան:

Անկախության երկու տասնամյակների ընթացքում մենք չկարողացանք, ի վիճակի չեղանք հասնել մեր անվտանգության երաշխավորմանը դիվանագիտական եւ քաղաքական միջոցներով ու եղանակներով: Փոխարենը՝ գլորվեցինք, հասանք ու կարչեցինք դրա ամենապրիմիտիվ եւ ամենախարխուլ՝ ռազմական բաղադրիչից: Մեր անվտանգության հարցը հանձնելով այլ պետության ողորմությանը: Որը, ելնելով իր սեփական շահերից, կարող է մեզ հետ վարվել այնպես, ինչպես իրոք որ վարվում են հարճի հետ: Ի դեպ, քաղաքական ասպարեզում դա շատ ավելի աղետաբեր է, քան անձնական հարաբերությունների տարբերակում:

Էլ ինչու ենք նեղանում, երբ ադրբեջանական կողմը մշտապես շեշտում է, որ իրենք Հայաստանի հետ խոսելու բան չունեն, քանզի Հայաստանը որեւիցե քաղաքական ինքնուրույնությունից զուրկ կիսաանկախ քվազիպետականությամբ մի վարչական միավոր է: Հա, մենք էլ հասկանում ենք, որ առանց Թուրքիայի աջակցության Ադրբեջանը մի ասլան-ղափլան չէ: Բայց դրանից մեր կարգավիճակն ու «ռեյթինգը» չի բարձրանում: Ինչպես ասում են. «ամենքին՝ իրենը»: Մեկ-մեկ նույնիսկ դատողություններ են հնչուն, թե մենք վեր ենք ածվել ռուսական մի գուբերնիայի: Չափազանց թյուր կարծիք է: Անվտանգության տեսանկյունից մենք քանիցս ավելի խոցելի ենք քան ցանկացած ռուսական մի տարածք: Ի վերջո նա իր պետական տարածքն է, եւ պաշտպանված է Ռուսաստանի ամբողջ հզորությամբ: Մենք ով ենք այդ տարածքի համեմատ: Ինչ է, ռուս զինվորը մեզ նույն անձնազոհությամբ է պաշտպանելու, ինչպես որ իր հայրենի հողը: Բայց մի պարզ հարց էլ տանք. իսկ հանուն ինչի հանկարծ պետք է կռվի ու մեզ պաշտպանի: Այսօր նույնիսկ «ինտերնացիոնալ պարտքի» գաղափարը իսպառ հանված է օրակարգից, որ հանկարծ դրա վրա հույս դրվեր: Այնպես որ, հայեր, ուր էլ գնաք, ուր էլ լինեք, հույսներդ միայն ձեր վրա պիտի դնեք:

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ Ռուսաստանի եւ Հայաստանի առաջին նախագահների՝ Բորիս Ելցինի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք հայ-ռուսական հարաբերություններում՝ առաջին անգամ հայ իրականության մեջ, կարծես թե նշմարվում էին իրոք գործընկերության հաստատման միտումներ: Սակայն ՀՀ երկրորդ նախագահի օրոք սկսվեց ու թափ առավ, իսկ երրորդի օրոք էլ վերջնականորեն հաստատվեց ու կայունացավ Հայաստանի՝ Ռուսաստանի համար որպես ֆորպոստ-հարճի ձեւավորումն ու կայացումը: Ինչպես պատկերավոր ասված էր մի հրապարակման մեջ՝ «Հայաստանը գեներալնի դովերնըստով հանձնվեց Ռուսաստանին»:

Ինչպիսի մարտահրավերներ, կամ էլ ուղղակի գաղութացման քայլեր պետք է սպասել (կամ էլ արդեն իրականացվում են ) Ռուսաստանի կողմից, որի ձեռքում է հայտնվել այդ «գեներալնի դովերնըստը»: Դրանք ոչ նորություն են ոչ էլ գաղթնիք, եւ վերաբերում են ինչպես մեր արտաքին քաղաքական, այնպես էլ ներպետական կյանքի բոլոր կարեւորագույն ոլորտներին:

Արտաքին քաղաքական բնագավառւմ ամենավտանգավորը՝ եւ այդ մասին բազմիցս է շեշտվել, դա ռուս-թուրքական նշմարվող հնարավոր մերձեցումն է հայության կենսական շահերի հաշվին: Հայաստանում հանրության մի զգալի մաս խիստ մտահոգված է, որ Ռուսաստանից ինչ-ինչ այլ բնույթի զիչումներ կորզելու պատճառով, Մինսկի խմբում հանկարծ այդ երկրին չհանձնվի հեգեմոն դերակատարման իրավունքը Ղարաբաղյան հակամարտության հարցում: Այդ դեպքում հարցի «լուծումը», համենայնդեպս հայերի համար, ավելի քան գուշակելի է ու տեսանելի: Գործելու է ռուս-հայկական հարաբերություններում երկու դարերից ի վեր գործող «բարի ավանդույթը». եթե տվյալ հողը մեզ՝ ռուսներիս չի մնալու, ապա հայերին այն հաստատ չի մնալու:

Չդիմենք պատմության բավականին խոսուն ու հանրահայտ փաստերին, պարզապես ռուս-պարսկական եւ ռուս-թուրքական պատերազմների արդյունքում ամայացած, իսպառ հայաթափված եւ անվերադարձ կորցրած հսկա պատմական հայկական տարածքները ձեզ օրինակ: Մոսկվայի ու Կարսի պայմանագրերն էլ «փաթաթենք դնենք հետներդ»: Ասում են քաղաքականության մեջ «ֆլեշ-ռոյալ» բռնում ես այն դեպքում, երբ երկու կողմերի շահերը համընկնում են: Հայ-ռուսական հարաբերություններում այդ նույն պոկերի լեզվով ասած, հայերը միշտ մնացել են որպես միայնակ ու ծեծված «յոկեր», որի հաշվին Ռուսաստանը միշտ էլ լավ շահում է տարել տարածաշրջանից: Եւ միայն այն կարճատեւ ժամանակահատվածներում, երբ հայությունը զրկված է եղել «բարձր հովանավորությունից» եւ հույսը դրել է ինքն իր վրա, կարողացել է իր արյամբ գոնե մի հողակտոր ապահովել իր համար այս մոլորակի վրա:

Ո՞ւմ համար է գաղթնիք, կամ կա արդյոք մեկը, որին պետք է բացատրել, որ արտագախտը այսօր Հայաստանի համար եթե ոչ ամենաառաջին, ապա, համենայնդեպս առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է: Բացատրություններն ու հիմնավորումները նույնպես համարում ենք ավելորդ: Ամեն ինչ եւ ամեն բան ամենքին հասկանալի է: Եւ այս վիճակում գտնվող Հայաստանի պարագայում ինչպիսի գնահատական պետք է տրվի մի պետության գործունեությանը, որը նպաստում է այդ արտագախտին, գործնականորեն խրախուսում է այն, ստեղծում բարենպաստ պայմաններ դրան ավելի կազմակերպված ու լայնածավալ թափ հաղորդելու համար: Այդ պետությունը այսօր Ռուսաստանն է: Եթե այդ ամենի մեջ մեկը տեսնում է ինչ-որ, նույնիսկ ոչ թե բարեկամության, այլ անգամ ոչ վնասակար միտումներ, ես պատրաստ եմ ձեռքերս վեր բարձրացնել: Բայց միգուցե «Բարձր Հովանավորը» որոշակի քայլեր ձեռնարկեր, կամ գոնե հուշեր, որպեսզի ինչ-որ ձեւով կանխվեր մարդկային ռեսուրսների արտահոսքը դեռեւս պատերազմը չավարտած իր ռազմավարական գործընկերոջ տարածքից: Թե, օգտվելով Հայաստանի ծանր վիճակից, նորից օգուտ քաղելու հերթական պահն է: Թեկուզեւ սեփական դեմոգրաֆիկ եւ տնտեսական հարցերը ինչ-որ չափով շտկելու առումով:

Ռուսական էքսպանսիան առկա է այսօր նաեւ լեզվական, պատմա-մշակութային եւ հումանիտար այլ բնագավառներում: «Լալկան բոլշեւիկ» Նիկոլայ Ռիժկովի, ՌԴ դեսպանության մի չինովնիկ Վիկտոր Կրիվոպուսկովի եւ այլոց շուրթերով մեզ քանիցս հասկացրել եւ սովորեցրել են, որ ռուսերենը դա մեր անվտանգության, մեր առաջադիմության եւ մեր զարգացման լեզում է: Հայաստանի տարածքը աստիճանաբար վեր է ածվում ռուսական ռազմական փառքի թանգարանի բաց երկնքի տակ (եւ ոչ միայն): Հիմնավորման համար Նույն Կրիվոպուսկովը Գյումրիում հայտարարում է, թե հայկական հողի վրա ռուս զինվորների մղած պատերազմները եղել են ազատագրական: Հայ-պարսկակա եւ հայ-թուրքական պատերազմների ընթացքում ռուսները ազատագրել են Պարսկաստանից եւ Թուրքիայից հայկական հողերը: Серьезно? А случаем не врете? Հետաքրքիր է, որ դեպքերի բերումով նորից հենց Գյումրին սկսեց հանդես գալ ռուսական ազդեցության տարածման կենտրոն:

102-րդ ռազմաբազայի առկայությունը ինքնին հասկանալի է եւ մեկնաբանությունների կարիք իրոք որ չկա: Բայց նրա կողքի հետ վերականգնած «Պատվո Բլուր» գերեզմանոցային համալիրը սպառնում է դառնալ Հայաստանում ռուսաստանյան մտածելակերպի ու գաղափարախոսության տարածման ու սփռման բազա-միջնաբերդ: Դրա ավելի քան վառ վկայությունը՝ վերջերս կազմակերպված, մեր խորին համոզմամբ բացարձակապես արհեստածին ու անհեթեթ, իմաստազուրկ եւ իրական գիտության հետ որեւիցե առնչություն չունեցող մի հավաքույթ, որին կպցրել էին «Պատվո Բլուր» գիտաժողով անվանումը: Որի միակ նպատակներ, ասես, մի անգամ էլ «ռուսի հետ նկարվելը»:

Դա էլ ասենք, որ այս ամենը անհնար կլիներ առանց մեր, հայերիս գործուն եւ եռանդուն մասնակցության: Հայաստանում եւ, ատհասարակ, հայության շրջանում, Ռուսաստանի օգտին ձեւավորված եւ գործող «հինգերորդ շարասյունը» մեծաթիվ չէ, բայց բավականին կայուն է: Կայունությունն ու հավատարմությունը շատ հաճախ արտահայտվում ու դրսեւորվում է, կարելի է ասել, ենթագիտակցական, նույնիսկ բնազդային մակարդակով. «Ռուսն է մեր միակ փրկիչը, եւ վերջ»: Եւ չգիտես թե այստեղ որ հարցադրումն է ճիշտ: Այն, որ, իսկ այդ ո՞ր ծեծն ու մահի սպառնալիքը տեսած հարճը այլեւս փորձ է անում հեռանալ իր «պահողից ու հովանավորից», թե այն, որ, իսկ այդ ո՞ր «պահողն ու հովանավորը» երբեւիցե հոժարակամ թույլ է տվել, որ իր հովանավորյալ հարճը դուրս պրծնի իր թակարդից եւ ազատ, արժանապատիվ ապրի:

Հասկանալի է, որ այս վիճակում հայտնվելու մեծագույն մասի համար պատասխանատու է նախեւառաջ իրեն հայաստանյան քաղաքական վերնախավ հայտարարող խումբը: Իսկ վիճակից դուրս գալը նորից մնում է մեր վրա: Ինչ գնով էլ որ լինի: Իրենց լեզվով ասած, Ռուսաստանը մեզ պարտադրում է Брак по любви: Այն էլ, զգացմունքն ու անվերապահ հավատարմությունը պետք է դրսեւորվի միայն մեր կողմից: Մյուս կողմը պետք է ազատ լինի իր բոլոր գործողությունների մեջ: Ոչ ոք Ռուսաստանի հետ հարաբերություններին դեմ չէ: Դեմ ենք նման, ոչ այնքան ազնիվ հարաբերություններին: Պետք է հասնել նրան, որ ի վերջո կնքվի Брак по расчету: երբ կողմերից ամեն մեկը ունի նաեւ պարտականություններ ու պարտավորվածություններ դիմացինի հանդեպ: Որոնցով էլ կորոշվեն կողմերի ազատ պահվածքի չափը: Հասկանալի է, որ դրանք չեն կարող լինեն բացարձակապես հավասար: Բայց մի կողմի բացարձակ զրո լինելն էլ, համաձայնվենք, այնքան էլ ընդունելի տարբերակ չէ: Ռուսաստանի հետ հարաբերություններն անհրաժեշտ է վերանայել եւ վերափոխել արմատապես:

ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Լրագիր» 24-3-2011

No comments: