Thursday, March 24, 2011

Նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը մնում է օրակարգում. Տիգրան Սարգսյան

Tert.am.23-3-2011- Հայաստանը չի հրաժարվում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումից։ Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նախագիծը կիրականացվի՝ հաշվի առնելով ճապոնական ողբերգությունը։ Ըստ նրա՝ նոր սերնդի ատոմակայաններն ունեն անվտանգության բարձր աստիճան, քան Ճապոնիայում գործող կայանները, այդ իսկ առումով ռիսկերը հասցված են նվազագույնի։ «Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք նոր էներգաբլոկի կառուցման մեր ծրագիրը։ Բնականաբար մեծ ուշադրություն ենք դարձնելու էներգաբլոկի աշխատանքի անվտանգությանը՝ հաշվի առնելով բոլոր ռիսկերը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, թե էներգաբլոկի կառավարչի առջև դրվելու է այդ խնդիրը։
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Ճապոնիայի դեպքերը թույլ տվեցին գնահատել ատոմակայնների հուսալիությունը. էներգաբլոկերը դիմացել են երկրաշարժի ցնցումներին։ Հայաստանում, ըստ վարչապետի, ուշադրության կենտրոնում պետք է լինի ոչ միայն երկրաշարժի, այլև այլ ածանցյալ ռիսկերով պայմանավորված ենթակառուցվածքի անվտանգությունը։

Նշենք, որ ապրիլի վերջին Երևանում նախատեսված է անցկացնել միջուկային նոր էներգաբլոկի կառուցման դոնորների համաժողով։ Նախատեսվում է, որ հայկական միջուկային էներգաբլոկը կառուցվելու է ռուսական ջրա-ջրային (водо-водяной) էներգետիկ ռեակտորային` «ԱԷԿ-92» նախագծի տեղակայանքով, որի հզորությունը 1060 ՄՎտ է, շահագործման ժամկետը` 60 տարի։ Նոր էներգաբլոկի կառուցման համար նախնական գնահատականներով անհրաժեշտ է շուրջ $5 մլրդ-ի ներդրում: Ռուսաստանը չի բացառել, որ կարող է ֆինանսավորել շինաշխատանքների ավելի քան 20%-ը։

No comments: