Thursday, March 24, 2011

Թուրքիան չի կարող կիսել մի գործողության պատասխանատվություն, որը «Խաչակրաց արշավանք» են անվանում. Դավութօղլու

Tert.am. 24-3-2011- Թուրքիան չի կարող կիսել այնպիսի մի գործողության պատասխանատվություն, որին ոմանք «Խաչակրաց արշավանք» են անվանում։ Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարի հետ հանդիպումից հետո Անկարայում կայացած ասուլիսին հայտարարել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն։
«Կարծում ենք, որ նման գործողության վերահսկողությունն ամբողջությամբ պետք է իրականացվի ՆԱՏՕ կողմից։ Բացի այդ, գործողությունը պետք է իրականացվի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի կայացրած որոշման շրջանակում։ Պետք է հաստատվի հրադադար և քայլեր իրականացվեն քաղաքացիական կորուստները կանխելու համար»,– ասել է Դավութօղլուն՝ ավելացնելով. «Մենք ճիշտ չենք համարում կոալիցիոն ուժերի կողմից առանձին գործողության իրականացումը։ Բացի այդ, հնարավոր չէ, որ մենք կիսենք այնպիսի մի գործողության պատասխանատվությունը, որը ժամանակ առ ժամանակ որոշ պաշտոնյաներ անվանում են «Խաչակրաց արշավանք»»։

Հիշեցնենք, որ երեկ ՆԱՏՕ–ի տարածած հայտարարության համաձայն՝ Թուրքիան Լիբիայի դեմ ծովային էմբարգոյի կիրառման գործողությանը մասնակցելու է 4 ռազմանավով, 1 օժանդակ նավով և 1 սուզանավով։
Նշենք, որ թուրքական զինված ուժերի՝ Լիբիայի դեմ գործողությանը մասնակցելու հարցն այսօր քննարկվելու է Թուրքիայի Ազգային մեծ ժողովում։

No comments: