Thursday, March 24, 2011

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Լրագիր» 24-3-2011- Ինքնիշխան պետությունների գործերին միջամտելու իրավունքի հարցը դարձել է հիմնականը միջազգային օրակարգում: Ո՞վ իրավունք ունի միջամտել, ինչպիսի պայմաններում, ո՞վ է ղեկավարելու միջազգային ուժերը և որոշումներ ընդունելու: Այս հարցերը հսկայական ճեղքվածք են բացահայտել գլոբալիզացիայում. աշխարհն ինտեգրված է տնտեսապես, ֆինանսապես, տեղեկատվությամբ, սակայն չկան խաղի ընդհանուր կանոններ և ընդհանուր ղեկավարություն: ՄԱԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ, Արաբական, աֆրիկյան և այլ երկրների լիգաների ձևաչափերը չեն կարող համաշխարհային ղեկավարություն համարվել: Նույնիսկ ԱՄՆ-ն չի հավակնում համաշխարհային իշխանության դերին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հեռախոսային բանակցություններ են անցկացրել Լիբիայում կոալիցիայի կառուցվածքի վերաբերյալ: Բարաք Օբաման ցանկություն է հայտնել հրամանատարական լիազորությունները փոխանցել մյուսներին: Սակայն ոչ ոք չի ցանկանում իր վրա որոշման պատասխանատվություն վերցնել, առավել ևս, որ դրանք հղի են միջքաղաքակրթական բախումներով:

Հիշեցնենք, որ Մուամմար Կադաֆին միջամտությունը ներկայացրել էր որպես Լիբիայի դեմ խաչակրաց արշավանք: “Նոր պատերազմ է սկսվել խաչակիրների հետ, որոնք ոտնձգություն են կատարում իսլամի դեմ”, ասել է Կադաֆին, ավելացնելով, որ բոլոր իսլամական բանակները պետք է մասնակցեն այդ պատերազմին:

“Ինձ հենց զինված միջամտության փաստը չի անհանգստացնում, այլ այն թեթևությունը, որով որոշումներ են ընդունվում միջազգային գործերում ուժի կիրառման վերաբերյալ” ասել է Վլադիմիր Պուտինը: Նա նշել է նաև, որ այս ամենն իրեն հիշեցնում է միջնադարյան խաչակրաց արշավանքները:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն առաջարկում է ստեղծել նոր մարմին, որի մեջ կմտնեն կոալիցիայի և Արաբական երկրների լիգայի անդամ պետությունների արտգործնախարարները, որոնք տեղի ունեցողի քաղաքական դիտորդի դեր կստանձնեն:

Հետաքրքիր է, որ Թուրքիան հրաժարվել է ռմբակոծել “իսլամական” Լիբիան և հայտարարել է, որ ներկայիս օդային հարձակումները դուրս են ՄԱԿ բանաձևի շրջանակներից: Դրանով հանդերձ, նա համաձայնել է ներկայացնել ԱՄՆ դիվանագիտական շահերը Լիբիայում:

“Յուրայինների” և “օտարների” միջև սահմանները ներկայիս աշխարհում այնքան լղոզված են դարձել, որ համաշխարհային կառույցների համար դժվար է որոշել ընկերներին և թշնամիներին: Երեկվա ընկերները (Թուրքիան ՆԱՏՕ-ի համար) հանկարծ հայտնվում են բարիկադի այն կողմում, եթե խոսք է գնում իսլամական համերաշխության մասին:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: