Thursday, March 24, 2011

Վեհափառը շնորհավորել է Անտիոքի և Համայն Արևելքի մարոնիտ կաթոլիկ պատրիարք Բեշարա Ալ Ռաին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Անտիոքի և Համայն Արևելքի մարոնիտ կաթոլիկ պատրիարք Բեշարա Ալ Ռաին (նստավայրը` Լիբանան)` վերջինիս ընտրության և գահակալության առիթով` մաղթելով երկարամյա արդյունավետ գահակալություն:
«Լիբանանի պատմության այս վճռորոշ ժամանակահատվածում Դուք ընտրվեցիք որպես Մարոնիտ Եկեղեցու 77-րդ պատրիարք բազում տարիների Ձեր նվիրյալ ծառայության համար: Ուրախ ենք հաստատելու, որ Ձերդ Ամենապատվությունն արդեն իսկ նշանակալի քայլեր է ձեռնարկել Լիբանանում հաշտության և քաղաքական երկխոսության հաստատման ուղղությամբ», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` ասվում շնորհավորագրի մեջ:

Նորին Սրբությունն անդրադարձել է Հայոց Ցեղասպանության օրերին Լիբանանի ժողովրդի` այդ թվում Մարոնիտ Եկեղեցու հետևորդների կողմից հայ ժողովրդի տարագիր զավակների նկատմամբ ցուցաբերած հյուրընկալ եղբայրական ոգուն, ինչը հիմք հանդիսացավ Լիբանանում Սփյուռքի ուժեղ գաղթօջախներից մեկի ձևավորման և Հայաստանի ու Լիբանանի Հանրապետությունների միջև սերտ հարաբերությունների հաստատման համար:

Անդրադառնալով Միջին Արևելքում քրիստոնեական համայքների կյանքին, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմեակաթոլիկ եկեղեցիների միջև առկա եղբայրական հարաբերություններին` Վեհափառ Հայրապետը ուղերձում վստահություն է հայտնել, որ Հայ և Մարոնիտ Եկեղեցիների հարաբերություններում նոր ձեռքբերումներ կարձանագրվեն ի նպաստ տարածաշրջանի և երկու բարեկամ երկրների:

No comments: