Saturday, March 26, 2011

ԻՐԱՆ. ԲԱՐԵԿԱՄ, ԹԵ ՎՏԱՆԳ

«Լրագիր» 26-3-2011- Սերժ Սարգսյանն ինչու պիտի պարտադիր գնա Թեհրան Նովրուզ տոնելու: Դա, իհարկե, ի ցույց կդնի հայերի տոլերանտությունը իսլամի հանդեպ, սակայն, մյուս կողմից, կարող է բացասական դեր խաղալ այն երկրների հետ հարաբերություններում, որոնք կարծում են, որ Իրանը վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգությանը: Թեկուզ, ըստ երեւույթին, միջազգային հանրությունը բավական ըմբռնումով է վերաբերում Հայաստանի քաղաքականությանը, հասկանալով, որ խոսքը գնում է ազգային շահի մասին:
Պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավորների հարցերին, վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է, որ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցները վնասում են նաեւ Հայաստանին, քանի որ մենք միայն երկու բաց սահման ունենք` Իրանի եւ Վրաստանի հետ: Իրանի դեմ սանկցիաները Վրաստանին թույլ են տալիս օգտվել մոնոպոլ իրավունքներից:
Հայաստանն ամեն կերպ ցուցադրում է Իրանի հանդեպ բարեկամական տրամադրվածությունը: Հռչակվում են խոշոր ծրագրեր, սակայն ոչ բոլորն են կյանքի կոչվում:
Վերջին 10 տարվա նախագծերից կարելի է հիշել Հայաստանի եւ Իրանի սահմանին կառուցված կամուրջն ու գազամուղը: Այդ խողովակով Հայաստան եկող գազի ճակատագիրն անհայտ է, բայց, ամեն դեպքում, ծրագիրն իրականացվել է: Հիմա խոսք է գնում 100 մլն դոլար արժողությամբ նավթամուղի մասին, եւ Հայաստանը հավաստիացնում է, որ աշխատանքները կսկսեն այս տարվա վերջին: Եւս մեկ ծրագիր վերաբերում է Իրան-Հայաստան ավտոճանապարհի կառուցմանը: Իրանական կողմն արդեն 60 մլն դոլար է տրամադրել Թավրիզ-հայկական սահման կառուցման համար, Հայաստանը դեռ ներդրող չի գտել, եթե չհաշվենք Զարգացման ասիական բանկի կեսմիլիարդանոց վարկը նախնական փուլի համար: Ինչ վերաբերում է երկաթուղուն, այն նույնպես դեռ ծրագրային փուլում է:

Սակայն Իրանն ակտիվ զարգացնում է Հայաստանի տուրիստական ինդուստրիան. Այս օրերին հազարավոր իրանցիներ տոնում են Երեւանում Նովրուզը:

Դա ընդամենը տնտեսական մասն է, եւ պետք է նշել, որ Ադրբեջանի հետ Իրանի ապրանքաշրջանառությունը 3 անգամ ավել է, քան Հայաստանի հետ: Բայց ոչ պակաս կարեւոր է քաղաքական կողմը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տվել, որ Ադրբեջանն ու Թուքիան Ղարաբաղի հակամարտությունը ներկայացնեն որպես կրոնական պատերազմ եւ ջիհադ հայտարարեն հայերին», գրում է Գոլոս Արմենիի-ն: Հիմա էլ Իրանի հարաբերությունները Հայաստանին ոչ բարեկամ Ադրբեջանի հետ բավական ձգված են:

Իրանը նաեւ կարեւոր գործոն է Ղարաբաղյան հակամարտության ոչ ցանկալի կարգավորումը զսպելու համար: Մասնավորապես, Իրանը կտրականապես դեմ է այլ երկրների զորքերի տեղադրմանը Ղարաբաղում, որի հետ ընդհանուր սահմանը 100 կմ ավել է: Ներկայում միջազգային միջնորդների առաջարկած կարգավորումը ենթադրում է Իրանին սահմանակից ղարաբաղյան տարածքների ապառազմականացում եւ այնտեղ միջազգային ուժերի տեղադրում: Դա չի կարող չանհանգստացնել Իրանին, եւ հավանաբար այցի ժամանակ Սերժ Սարգսյանին կասեն դրա մասին:

Այնուամենայնիվ, Արեւմուտքի եւ նույնիսկ Ռուսաստանի «հորդորներին» հակառակ` Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները կարող են ապացույց լինել այն բանի, որ եթե նույնիսկ փոքր երկիրը ղեկավարվում է «հանապազօրյա» շահով, ոչ ոք չի կարողանում մեղադրել նրան, առավել եւս` պատժամիջոցներ կիրառել:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: