Friday, March 25, 2011

Քուրդ քաղաքապետը «գրավել» է թուրքական ոստիկանության զրահապատ մեքենան

Tert.am.25-3-2011-Երեկ Թուրքիայի Բաթման և Դիարբեքիր քաղաքներում քուրդ քաղաքական գործիչների գլխավորությամբ իրականացվել են զանգվածային նստացույցեր։ Այս մասին գրում է թուրքական մամուլը։
Ակցիաներն անցկացվել են բավականին լարված մթնոլորտում. թուրքական ոստիկանությունն ամեն կերպ փորձել է խոչընդոտել քրդերի գործողություններին։ Բաթմանում իրավապահները քանդել են ցուցարարների տեղադրած վրանները և ձերբակալել ակցիայի 90 մասնակիցների, որոնց մի մասն ավելի ուշ ազատ է արձակվել։
Դիարբեքիրում իրականացվող նստացույցի մասնակիցներին է միացել նաև Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։ Վերջինս անսպասելի կերպով բարձրացել է տարածքում գտնվող ոստիկանական զրահապատ մեքենայի վրա, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել հավաքվածների շրջանում։ Իրավապահները Բայդեմիրին խնդրել են իջնել «պետությանը պատկանող» մեքենայի վրայից, սակայն Դիարբեքիրի քաղաքապետը հրաժարվել է։
«Այս զրահապատ փոխադրամիջոցը գնվել է մեր վճարած հարկերով։ Ինչպես քաղաքապետարանի մեքենաներն են ինձ պատկանում, այնպես էլ՝ սա։ Այնպես որ, չեմ իջնելու»,– ասել է Օսման Բայդեմիրը։
Որոշ ժամանակ անց ոստիկանական մեքենան շարժվել է, և Դիարբեքիրի քաղաքապետը ստիպված իջել է դրա վրայից։
Հիշեցնենք, որ նախորդ օրը «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության և Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի առաջնորդները քաղաքացիական անհնազանդության մասին որոշում են կայացրել, որի շրջանակում անժամկետ զանգվածային նստացույցեր են անցկացվում անցկացնել Թուրքիայի քրդաբնակ շրջաններում։
Քուրդ քաղաքական գործիչները քրդական հարցի կարգավորման առնչությմաբ 4 նախապայման են առաջ քաշել Անկարային, որոնց կատարման դեպքում միայն կդադարեցվեն ակցիաները։
«Մենք իշխանություններին քրդական հարցի կարգավորման համար առաջարկում ենք իրականացնել հետևյալ քայլերը՝ քրդերենով ուսուցում, քաղբանտարկյալների ազատ արձակում, ռազմական և քաղաքական գործողությունների անհապաղ դադարեցում և ընտրական 10%-անոց շեմի իջեցում։ Եվ քանի դեռ իշխանությունները չեն իրականացրել այս 4 պահանջները, մենք մեր ժողովրդի հետ միասին, նրա կողքին շարունակելու ենք ակցիաներ անցկացնել»,– հայտարարել է «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը։

No comments: