Tuesday, March 8, 2011

ԷՐԴՈՂԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՐՁՈՒՄ Է ԼՌԵՑՆԵԼ ՄԱՄՈՒԼԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ

«ԱԶԳ», 08-03-2011- Թուրքիայում ներկայիս կառավարության հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով երեկ ձերբակալվել են չորս լրագրող եւ 1 գրող: Ըստ թուրքական «Զաման» պարբերականի, ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության տապալման կազմակերպման մեջ, թեեւ թուրքական ընդդիմությունը պնդում է, որ այս գործողությունները կապ ունեն նրանց լրագրողական գործունեության հետ եւ հիմնականում ուղղված են «Էրգենեքոնի» գործում Էրդողանի ընդդիմախոսներից ազատվելուն:
Մարտի 6-ին Թուրքիայում արդեն իսկ ձերբակալվել էին երկու հայտնի լրագրողներ` Նեդիմ Շեները, որ Հրանտ Դինքի սպանության մանրամասներ բացահայտող գրքի հեղինակն է, Ահմեթ Շըքը, որ «Էրգենեքոնի» մասին պատմող գրքի հեղինակն է:
Մեկնաբանությունները, թե ձերբակալություններն իրականացվում են Թուրքիայում մամուլի ազատությունը սահմանափակելու եւ ճնշելու նպատակով, տեղին չի համարել Թուրքիայի ներքին գործերի նախարար Բասըր Աթալայը: Նրա խոսքերին ի պաշտպանություն է հանդես եկել նաեւ «Էրգենեքոնի» գործով հիմնական մեղադրող Զեքերիյա Ուզը, նշելով, թե այդ ձերբակալությունները ուղղակի իրավական գործողություններ են, ընդ որում, մեղադրանքները կապ չունեն ձերբակալվածների լրագրողական գործունեության հետ, «այլ հիմնված են ապացույցների վրա»: Թե ի՞նչ ապացույցների մասին է խոսքը, հիմնական մեղադրողը չի պարզաբանել` հղում անելով ներկա փուլում այդ ամենը գաղտնի պահելու անհրաժեշտությանը:
Եվրոմիությունը, Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ահազանգել են Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների եւ խոսքի ազատության սահմանափակումների առնչությամբ: Ու չնայած թուրք մեղադրողի պնդումներին, թուրքական որոշ կայքէջեր մեջ են բերում լրագրողներից ոմանց ներկայացված մեղադրանքներում եղած նյութեր, որոնք հաստատապես չեն վկայում «ապացույցների հիման վրա» ձերբակալություններ իրականացնելու օգտին: Մասնավորապես, ձերբակալված լրագրողներից մեկի` Շեների պարագայում «ապացույցներից» մեկն էլ ինչ-որ անանուն հաղորդագրությունն է, թե Շեները կապ է ունեցել «էրգենեքոնի» իրազեկման բաժնի հետ:

No comments: