Saturday, April 16, 2011

ՈՒՐ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՔՎԵՆ

«Լրագիր» 16-4-2011- Երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հասարակությանը կոչ է անում աջակցել օլիգարխիայի եւ մոնոպոլիստների դեմ իր պայքարին, պարզ է, որ նա ընդունում է մի պարզ ճշմարտություն` առանց հանրային աջակցության, երկրում հնարավոր չէ կատարել լուրջ բարեփոխումներ եւ առավել եւս պայքարել այն մարդկանց դեմ, որոնք վերցրել են տնտեսական ու քաղաքական լծակները, լրատվական դաշտի մի զգալի մաս, եւ այդ ամենը փորձում են ծառայեցնել իրենց էլ ավելի հարստացմանն ու հզորացմանը:
Բայց, վարչապետի կոչը թերեւս հասկանալի կլիներ այն դեպքում, երբ նա լիներ ասենք ընդդիմության առաջնորդ, ով դիմում է ժողովրդին եւ ասում` աջակցեք ինձ, եւ երբ ես գամ իշխանության, կազատեմ կառավարման համակարգը բիզնեսի եւ իշխանության արատավոր սերտաճումից:
Մինչդեռ Տիգրան Սարգսյանը մի վարչապետ է, որին այդ պաշտոնին նշանակել է 2008 թվականի նախագահի ընտրությանը հասարակության 52 տոկոսից ավելիի ձայնը ստացած Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանը նրան նշանակել է, խորհրդակցելով 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը խորհրդարանի 131 մանդատների կեսից ավելին ստացած ՀՀԿ հետ, որի նախագահն է հենց Սերժ Սարգսյանը:
Այսինքն, Տիգրան Սարգսյանը, լինելով այդ նախագահի, այդ կուսակցության վարչապետ, արդեն ունի այն, ինչ ինքն ակնկալում է` նրա գլխավորած քաղաքական ուժը ստացել է հասարակության աջակցությունը, քվեն, մանդատը: Ուրեմն մնում է այդ քվեն արդարացնել, այդ մանդատը օգտագործել արդյունավետ եւ հանրությանը արդյունք մատուցել:

Բայց Տիգրան Սարգսյանը հասարակությունից փաստացի նորից է քվե ուզում, օլիգարխների եւ մենատերերի դեմ պայքարի քվե: Հարց է առաջանում, իսկ ինչ եղավ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ ստացած քվեն, ուր գնաց այդ քվեն, ինչու այն չի ծառայում Տիգրան Սարգսյանին: Արդյոք այդ քվեն գնացել է օլիգարխներին եւ մոնոպոլիստներին: Արդյոք հանրությանն ուղղված իր կոչով Տիգրան Սարգսյանը հենց դա չի խոստովանում: Թերեւս խոստովանում է հենց դա: Բայց ինչից ելնելով պետք է հասարակությունը աջակցի նրան: Չէ որ Սերժ Սարգսյանն էլ թե 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը, թե 2008 թվականի նախագահի ընտրությանը հանրությունից քվե էր հայցում, խոստանալով պայքարել մենաշնորհների, ստվերային տնտեսության, հովանավորչության, անօրինականությունների դեմ:

Չէ որ հասարակությունը տվեց այդ քվեն Սերժ Սարգսյանին: Համենայն դեպս պաշտոնապես նա բացարձակ հաղթանակ է տարել թե 2007 թվականի խորհրդարանի, թե 2008 թվականի նախագահի ընտրությանը: Թե՞ հաղթանակ չի տարել: Արդյոք ներկայում օլիգարխների եւ մոնոպոլիստների դեմ պայքարելու համար հայցելով հասարակության աջակցությունը, Տիգրան Սարգսյանը դրանով չի հաստատում, որ իրեն վարչապետ նշանակած Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չունեն այդ քվեն եւ չեն հաղթել ընտրություններում: Թերեւս խոստովանում է հենց դա:

Հետեւաբար, Տիգրան Սարգսյանը վեր է հանում իշխանության լեգիտիմության լրջագույն խնդիրը, առանց որի անհնար է պայքարել օլիգարխիայի եւ մոնոպոլիստների դեմ: Բայց լեգիտիմության խնդիրը լուծվում է ընտրությամբ, չկեղծված ընտրությամբ: Հետեւաբար, տրամաբանական կլինի այն, որ Տիգրան Սարգսյանը հանդես գա արտահերթ ընտրության կոչով, արմատապես վերափոխի այն կուսակցությունը, որը հանդիսանում է օլիգարխ պաշտոնյաների եւ պաշտոնյա օլիգարխների օջախ, որին ի դեպ նաեւ ինքն է անդամակցում, եւ այդ վերափոխված տարբերակով էլ թող մասնակցի արտահերթ ընտրությանն ու հանրության աջակցություն ակնկալի: Բայց այդ ընտրության գլխավոր խնդիր նա պետք է դիտի ոչ թե իր ստանալիք աջակցությունը, այլ ընտրության ազատությունը, արդարությունն ու օրինականությունը:

Կարող է արդյոք դա անել վարչապետը: Եթե չի կարող, ապա էլ ինչպես է մտադիր պայքարել օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ: Կօգնի՞ նրան արտահերթ ընտրության հարցում Սերժ Սարգսյանը: Եթե չի օգնի, ապա էլ ինչպես է Տիգրան Սարգսյանը նախագահի գլխից վեր թռչելու եւ պայքարելու օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ: Իսկ արդյոք կարո՞ղ է պատահել, որ Սերժ Սարգսյանը նրան արտահերթ ընտրության հարցում չօգնի, իսկ ահա օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարում օգնի: Իհարկե չի կարող, որովհետեւ միշտ հնչում է հարցը` “Կայեն, ուր է քո եղբայր Աբելը”, պարզապես քաղաքականության մեջ այն երբեմն այլ կերպ է հնչում` “Սերժ, իսկ ուր է քո ստացած 52 տոկոս քվեն”:

Եթե այդ քվեն հիմա կա, ուրեմն Տիգրան Սարգսյանը օլիգարխների դեմ պայքարում Սերժ Սարգսյանի, ոչ թե հասարակության աջակցությունը պետք է ակնկալի: Իզուր է վարչապետն ինքն իրեն դնում փակուղու առաջ, եւ դեռ փորձում հանրությանն էլ իր հետ տանել փակուղի:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: