Thursday, June 30, 2011

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցությունների ռեսուրսն ամենևին սպառված չէ. Արթուր Բաղդասարյան

Panorama.am. 30-6-2011- «Ադրբեջանի դիրքորոշումն արդեն սովորական է դարձել ոչ միայն մեզ համար, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար և, պատահական չէ, որ այն պարբերաբար հարուցում է և զարմանք, և զայրույթ», մեկնաբանելով կազանյան հանդիպման արդյունքները «Հայլուր»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Վերջինիս կարծիքով, Ադրբեջանն իր այդ վարքագծով փորձում է «առավելագույն դիվիդենտներ քաղել» ամեն նման բարձր մակարդակով անցկացվող հանդիպումներից:
Այս պարագայում ինչպիսի՞ն պետք է լինեն Հայաստանի գործողությունները: Բաղդասարյանի հաստատ համոզմամբ, մեր երկիրը պետք է շարունակի իր «հավասարակշռված» կեցվածքը և հիմնախնդրի կարգավորման իր սկզբունքները, որոնք դարձել են նաև միջազգային հանրության սեփականությունը, առաջ տանի, շարունակի բանակցայն գործընթացը, ամրապնդի դիրքորոշումները և հասնի հիմնախնդրի` մեզ համար ընդունելի լուծման:
Լրագրողի հարցին, թե ինչու մինչ այժմ Ադրբեջանի խոստումնազանց վարքագծին ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խումբը անտարբեր կեցվածք դրսևորել, Արթուր Բաղդասարյանը պատասխանելով, նկատել է, որ որոշ գնահատականներ, այնուամենայնիվ, հնչել են:
«Իսկ առավել կոշտ գնահատականներ չեն հնչում այն պատճառով, որ գուցե նման հայտարարությունների հնչեցման ժամը չէ դեռ, որովհետև բանակցությունների ռեսուրսը ամենևին սպառված չէ. և միջնորդների կոշտ հայտարարությունները կարող են վտանգել կամ ստվերել գործընթացը», -հավելել է ԱԱԽ քարտուղարը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն իրեն սպառելու մասին ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին անդրադառնալով Բաղդասարյանն ասել է, որ համանախագահների շրջանում ներքին համաձայնություն կա, որ բանակցությունների այդ ձևաչափը մեկն է ու պետք է պահպանվի: Բաղդասարյանն իր այդ վստահությունը հիմնավորել է հետրյալ կերպ. «Վստահ եմ, որովհետև իմ վստահությունը հիմնված է համանախագահ երկրների ղեկավարների, ինչպես նաև միջազգային կառույցների հայտարարությունների վրա, որտեղ նրանք ողջունում են Մինսկի խմբի գործունեությունը»:
Ընդհանրապես, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մասին ադրբեջանական այս կամ այն պաշտոնյաների կողմից հնչող իրարամերժ հայտարարությունների մասին խոսելիս, Բաղդասարյանը նկատել է, որ ի տարբերություն դրան, հայկական կողմը ունի հստակ դիրքորոշում: «Ադրբեջանը շատ հաճախ, եթե չասենք ոչ միշտ, ունի ծայրահեղական դիրքորոշում: Ծակյրահեղությունը նման է ծանր հիվանդության, և այդ դիրքերից առաջ գնալով, մենք արդյունավետ լուծման չենք կարող հասնել: Ի վերջո, փոխզիջումը շատ ավելի ճիշտ է, քան անխոհեմ առճակատումը: Բայց յուրաքանչյուր ընդունելի փոխզիջում պետք է խարսխված լինի հստակ սկզբունքների վրա, մոտեցումների վրա, որը մենք հայտարարել ենք, դրել ենք սեղանի վրա և դրանից կես մետր անգամ չենք շեղվել», եզրափակել է ԱԱԽ քարտուղարը:

No comments: