Saturday, April 16, 2011

Անկարան Փարիզին խնդրում է խոչընդոտել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը

Tert.am. 15-4-2011- Թուրքական իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները նամակներ են ուղղել իրենց ֆրանսիացի գործընկերներին Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը կասեցնելու խնդրանքով։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Թուրքական լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ մեհմեդ Ալի Շահինի, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի, թուրք–ֆրանսիական բարեկամության խմբի նախագահ Յաշար Յաքըշի և Ժողովրդա–հանրապետական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ իրենց ֆրանսիացի գործընկերներին ուղղված նամակներում մասնավորապես ասվում է. «Օրինագծի ընդունումն անդառնալի վնասներ է պատճառելու թուրք–ֆրանսիական հարաբերություններին։ Բացի այդ, ներկայացված օրինագիծը հակասում է խոսքի ազատությանը»։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սոցիալիստական ընդդիմադիր կուսակցությունը պատրաստվում է մայիսի 4-ին Ֆրանսիայի Սենատի օրակարգ բերել Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը։
Օրեր առաջ Փարիզում Թուրքիայի պետնախարար և ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը հանդիպել էր Սարկոզիի գլխավոր խորհրդական Ժան Դավիդ Լևիտի հետ։ Ըստ թուրքական մամուլի՝ Լևիտը վստահեցրել էր Բաղըշին, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին չի աջակցում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծին։
Օրինագիծը 2006թ. ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի (ստորին պալատ) կողմից և մինչև օրս չի վավերացվել Սենատում: 2010թ. մայիսի 19-ին նման օրինագիծ էր ներկայացվել Կոմունիստական կուսակցության անդամ, Սենատի փոխխոսնակ Գայ Ֆիշերի կողմից: Իսկ 2010թ. հուլիսի 5-ին 30 սոցիալիստ սենատորներ ներկայացրեցին համանման ևս մեկ օրինագիծ: Այդպիսով, ֆրանսիական Սենատում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագծերը երեքն են, և շատ հնարավոր է, որ ֆրանսիացի սենատորները 2011թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկեն այդ օրինագծերը։
Եթե օրինագիծն արժանանա ֆրանսիական Սենատի հավանությանը և ստորագրվի երկրի նախագահի կողմից, ապա Ֆրանսիայի տարածքում բոլոր նրանք, ովքեր կպնդեն, թե Հայոց ցեղասպանություն չի եղել, կդատապարտվեն 5 տարվա ազատազրկման և կտուգանվեն 45 հազար եվրոյով:

No comments: